ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 6-ին, Ժամը 09։23-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։




Ինչպես 19-ամյա Ալեքսը սիրահարվեց Իջևանին

Իջևանն իր անվանը համահունչ՝ միշտ օթևան է եղել քաղաքով անցնող ճամփորդների համար։ Վերջին տարիներին քաղաքը նաև բնակության զգացողություն է տվել 2023 թվականի Ղարաբաղյան հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված և այստեղ հաստատված բազմաթիվ ընտանիքների։ 19-ամյա Ալեքսի՝ Իջևանին կապող ճանապարհը սկսվել է հենց այդ ժամանակ, երբ հազարավոր արցախցիների նման, նա ևս ստիպված է եղել լքել տունը և անորոշության մեջ քայլել առաջ։

«2023 թվականին, երբ սկսվեց պատերազմը, մենք ստիպված եղանք, հանգամանքներից ելնելով, լքել Արցախը, և առաջին անգամ ընտանիքով եկանք Իջևան։ Ժամանակի ընթացքում մեր ընտանիքի անդամները տեղափոխվեցին Աբովյան՝ աշխատանքի պատճառով, իսկ ես, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում շատ սիրեցի Իջևանը՝ իր բարի, անմիջական ու օգնող մարդկանցով, որոշեցի, որ իմ կյանքի նոր էջը սկսեմ հենց այստեղ և զբաղվեմ իմ ամենասիրելի գործով՝ երգով։ Մարդկանց մեջ շատ եմ գնահատում նրանց հոգատարությունը․ նրանք կարողանում են մտնել քո դրության մեջ։ Մեր Իջևանում ապրող մարդիկ իսկապես շատ բարի են», — ասում է Ալեքսը։

Ալեքսը որոշ ժամանակ անց արդեն հարմարվել է նոր միջավայրին։ Իջևանի և Արցախի բարբառների միջև առկա ընդհանրությունները նրան հնարավորություն են տվել արագ յուրացնել տեղական խոսքը, իսկ մարդկանց վերաբերմունքը՝ ավելի հեշտ ինտեգրվել քաղաքային կյանքին։

«Իջևանի բարբառը շատ հեշտ եմ սովորել․ ընդամենը 2-3 օրում արդեն լիովին տիրապետում էի։ Կարևորն այն է, որ եթե սիրում ես այդ քաղաքը և մարդկանց, բարբառն էլ հեշտ է սովորել։ «Քիմ եմ, կյալիս եմ», «Կյալ դեմ, քյալ դեմ», շատ արտահայտություններ կան, որ նման են մեր Արցախի բարբառին։ «Բրախի» բառը հատկապես շատ եմ սիրում։ Ամեն օր, երբ արթնանում ենք, մի նոր դժվարություն է լինում, որը պետք է հաղթահարես։ Իմ կարծիքով՝ ճիշտ է դժվարությունները հաղթահարել նաև միայնակ, որպեսզի իսկապես զգաս՝ ինչ է դժվարությունը։ Այդպես ավելի ես հասկանում դրա արժեքն ու կարևորությունը», — կիսվում է 19-ամյա երիտասարդը։

Ալեքսը սովորում է քոլեջում, աշխատում և շարունակում զբաղվել երաժշտությամբ։ Երգը նրա համար պարզապես հոբբի չէ․ նա կատարում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ փորձելով յուրաքանչյուրում արտահայտել իր զգացողությունները և փորձառությունը։

«Իմ երազանքն է լինել բեմում, և վերջ։ Ես ինձ միայն այնտեղ եմ տեսնում։ Երգում եմ այնպիսի երգեր, որոնց վստահ եմ, որ մարդիկ կսիրեն և ուշադրությամբ կլսեն իմ կատարումը։ Շատ կուզեմ ունենալ հովանավոր, որը կօգնի ինձ առաջ գնալ։ Երգը դեռ փոքրուց եմ զգացել որպես իմ ճանապարհը․ այդ տարիքից ունեի նպատակ՝ իմ երգով առաջ գնալ ու զարգանալ։ Իմը մեծ բեմերն են, որոնց մասին միշտ երազել եմ։ Քանի որ այժմ աշխատում եմ իմ նպատակի ուղղությամբ, վստահ եմ, որ մի օր անպայման կհասնեմ դրան»։




Իջևանցի բադմինթոնիստը՝ միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Մարտի 12–15-ը Հունգարիայի Պեչ քաղաքում անցկացված մինչև 13 և մինչև 15 տարեկանների բադմինթոնի միջազգային մրցաշարում հաջող ելույթ է գրանցել Հայաստանը  ներկայացնող Լիլի Կիրակոսյանը։

Զուգախաղի մրցումներում հանդես գալով Մոլդովայի ներկայացուցիչ Անաստասիա Մուստեատաի հետ, գրավել է երրորդ հորիզոնականը։

Լիլի Կիրակոսյանն Իջևանի մարզադպրոցի սան է։ Նա նաև ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1980թ․) և Ֆրանսիայի բաց առաջնությունի հաղթող (1981թ․), միջազգային կարգի սպորտի վարպետ Վարդիթեր Պողոսյանի թոռնուհին է։

Պեչում կայացած մրցաշարին մասնակցել են տարբեր երկրների պատանի բադմինթոնիստներ՝ մրցելով մի շարք տարիքային խմբերում։ Մրցաշարին Իջևանից մասնակցում էին նաև Անիտա Արզումանյանը և Մարինա Ասիլբեկյանը՝ հանդես գալով մինչև 15 տարեկանների տարիքային խմբում։




Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին․ կա տուժած

Մարտի 8-ին, ժամը 21։11-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ 

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։




Լուսաձորում էլեկտրական շչակ է գործարկվելու

Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշի մարզի համայնքներում ամփոփվել են «Մասնակցային բյուջետավորում 2026» ծրագրի արդյունքները

Տավուշի մարզի համայնքներում ամփոփվել են «Մասնակցային բյուջետավորում 2026թ.» ծրագրի շրջանակում քաղաքացիների կողմից ներկայացված հայտ-առաջարկների քվեարկության արդյունքները։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանը և իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը՝ ձևավորելով ավելի պատասխանատու և ներառական տեղական ինքնակառավարում։

Իջևան համայնքում մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման և որոշումների կայացման գործընթացում բնակչության ազդեցության ընդլայնման նպատակով ծրագրի իրականացման համար նախատեսվել էր 65 537 900 ՀՀ դրամ։

Ներկայացված 17 հայտ-առաջարկներից քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել հետևյալ ծրագրերը՝

  • «Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի կոյուղու կառուցում» նախագիծը,
  • «Ազատամուտ բնակավայրի մշակույթի տան մեծ դահլիճի վերածնունդ» նախագիծը,
  • «Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վերանորոգում» նախագիծը։

Բերդ համայնքում հաղթող է ճանաչվել առավելագույն ձայներ ստացած «Քաղաքային հրապարակի կառուցում» հայտ-առաջարկը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 48 մլն ՀՀ դրամ, որից 38 մլն ՀՀ դրամը՝ ՀՀ կառավարության ներդրումն է, 10 մլն ՀՀ դրամը՝ Բերդի համայնքապետարանի։

«Մասնակցային բյուջետավորում 2026» գործընթացի շրջանակում Նոյեմբերյան համայնքի ավագանին ծրագրային առաջարկների իրականացման համար սահմանել էր 20 000 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեով հատկացված սուբվենցիայի չափը կազմում է 38 570 005 ՀՀ դրամ։

Քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել՝

  • «Կողբ բնակավայրում 11 կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի կառուցում» նախագիծը,
  • «Բերդավան բնակավայրում ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում» նախագիծը։

Դիլիջան համայնքում ներկայացված 3 հայտ-առաջարկներից հաղթող է ճանաչվել «Փոքրիկ հուշաղբյուր Հովք գյուղի դպրոցի մոտ,գյուղի կենտրոնական մասում» ծրագիրը։

Լուսանկարները վերցված են համայնքապետարանների կայք-էջերից։

 

Կարդացեք նաև՝




Իջևանում հայտնաբերված եղնիկը վերադարձվել է վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին փետրվարի 17-ին, ժամը՝ 07։30-ի սահմաններում ստացվել է ահազանգ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք։

Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից եղնիկը տեղափոխվել է անտառամեջ ու բաց թողնվել վայրի բնություն։




Իջևանի գերեզմանատանը հարակից հատվածում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 17-ին ժամը 21։28-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի գերեզմանատանը հարակից հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23-44-ին։ Այրվել է խոտածածկույթ:

 




Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2048 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 431 քրեական վարույթ՝ 464 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 382 քրեական գործ՝ 408 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 54 միլիոն 986 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել ընդհանուր 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք:

Մասնավորապես՝

  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:
  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
  • Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
  • Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում (շատրվաններին կից) գտնվող՝ 03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների՝ այդ թվում անչափահասների շրջանում, կանխարգելմանն ու բացահայտմանը:




Խաղաղություն և անվտանգություն՝ կանանց ակտիվ մասնակցությամբ․ աշխատաժողով՝ Տավուշի մարզում

Համայնքներում առկա խնդիրները երբեմն տեսանելի են բոլորին, սակայն դրանց համակարգված վերլուծությունն ու առաջնահերթությունների հստակ սահմանումը հաճախ բացակայում են։ Այս նպատակով Տավուշի մարզում «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատաժողով, որը համախմբել էր մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև Եվրոպական միության դիտորդական առաքելություն Հայաստանում ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին առաքելության մանդատը և գործունեության հիմնական ուղղությունները։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները յուրաքանչյուրն իր համայնքի օրինակով իրականացրին խնդիրների քարտեզագրում՝ առանձնացնելով սոցիալական, ենթակառուցվածքային և հատկապես անվտանգության ու խաղաղաշինական ոլորտներում առկա մարտահրավերները։ Խմբային քննարկումների արդյունքում սահմանվեցին առաջնահերթությունները և վերհանվեցին այն խնդիրները, որոնք համայնքներում պահանջում են հրատապ լուծում։

Քննարկումների մասնակիցները կարևորեցին նաև կանանց ներգրավվածությունը անվտանգային գործընթացներում՝ ընդգծելով, որ համայնքային զարգացման և կայունության ապահովման գործում նրանց մասնակցությունը պետք է լինի հետևողական և համակարգված։

Տեղական խնդիրների լուծումը սկսվում է հենց համայնքներից՝ մարդկանց ակտիվ մասնակցությունից, պատասխանատվության զգացումից և համատեղ աշխատանքի պատրաստակամությունից։