Հարցազրույց՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ

Ի աջակցություն Արցախի ժողովրդի, այս օրերին Վալանսում ընթանում են ակցիաներ։ Նրանք դատապարտում են էթնիկ զտումները, բռնությունը և վերահաստատում իրենց աջակցությունը հայ ժողովրդին։ (Ավելին՝ մեկնաբանություններում)

Տավուշ TV-ի հարցազրույցը՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ։
Քաղաքապետի հետ խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման, Ֆրանսիայում հայ համայնքի դերի, քաղաքային կառավարման, Իջևանի հետ համագործակցային ու բարեկամական հարաբերությունների մասին։




Ուսումնավարժություն` «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը` ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով

Հրդեհի բռնկում, ահազանգում, փրկարարների ժամանում դեպքի վայր, աշխատանքների կառավարում և հրդեհաշիջում։ Հայաստանի ՆԳՆ ՓԾ–ը Իջևան համայնքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում սեպտեմբերի 29-ին իրականացրել է «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ստորաբաժանումների միջև փոխգործողությունների ու հմտությունների կատարելագործման նպատակով՝ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ կատարելիս։

Համաձայն սցենարի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը նկատում է, որ անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը աշխատակիցը փոխանցում է «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի ղեկավար կազմին և միաժամանակ ահազանգում 911։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչը ահազանգը փոխանցում է արձագանքող ստորաբաժանումներին՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներին և Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին։ Դեպքի մասին ահազանգը փոխանցվելուց հետո, շտաբի պետի հրահանգով թռչող սարքի միջոցով կատարվում է հետախուզում:
Կենդանի կադրեր

 

Ուսումնավարժությանը մասնակցել են Փրկարար ծառայության փրկարար ծառայողները, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, հրշեջ-փրկարարներ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ու Դիլիջանի ջոկատներից, տեղամասերում անվտանգության աշխատակիցները, «Իջևանի անտառտնտեսության» և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցների հետ միասին։ Աշխատանքներում ներգարվվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները։ Ուսումնավարժության աշխատանքներում ներգրավվել են ընդհանուր՝ 9 միավոր հատուկ տեխնիկա, 38 փրկարար, անօդաչու թռչող սարքեր և Պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ։

Ուսումնավարժության գործողությունների կառավարումը իրականացվել է դեպքի վայրին կից գտնվող ղեկավարման շտաբից։ Փրկարար ծառայության ուսումնավարժութունն ամփոփեց փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը նշելով, նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակական և արդյունավետ լինելու մասին, հատկապես կարևորելով գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:




Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Իջևանում վերաբնակեցված ընտանիքում երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել. փոքրիկը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ է եկել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված և Իջևան քաղաքում վերաբնակեցված Սարդարյանների արու զավակը: Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից հայտնում են որ երեխան ծնվել է լիովին առողջ, 2900 գրամ կշռով: Ծնողները փոքրիկին դեռ չեն անվանակոչել:

Խաղաղ ու անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։




«Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի ներկայացումը Իջևանում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրյակին աշխարհահռչակ գիտնական Հակոբ Այնթապլեանը զեկույցով հանդես եկավ Իջևանում։ Սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ հանդիպում սփյուռքահայ անվանի բժիշկ, գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլեանի հետ։ «Հայրենատիրությունն ու անկախությունը» թեմայով զեկույցը դոկտոր Այնթապլեանը ներայացրեց երեկոյի հյուրերին։

Երեկոն նշանավորվեց նաև «Թաքուն…անխոս» և «Մայրս» բանաստեղծությունների երգերի շնորհանդեսով, որոնց բառերի հեղինակը Հակոբ Այնթապլեանն է, իսկ երաժշտության հեղինակը Մարգարիտ Սարգսյանը։

Երեկոյի ընթացքում ներկա գտնվող հյուրերը իրենց հարցերը ուղղեցին՝ «Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի վերաբերյալ, նաև ընթացս ծավալվեց քննարկում՝ Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերների ու խնդիրների վերաբերյալ։




ՀՀ-ում Դանիայի դեսպանի ու դանիական պատվիրակության այցը Իջևան

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելել է Տավուշի մարզ։ Դանիական պատվիրակությունը առավոտյան այցելեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց, այնուհետև Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզային ու տեղական իշխանությունների հետ, որի ընթացքում քննարկվեցին համատեղ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը։ Հանդիպմանը հաջորդեց այցը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի գրասենյակ։
Դանիական պատվիրակության կազմում էր նաև «Առաքելություն Արևելք» մարդասիրական կազմակերպության գլխավոր քարտուղարը․ դանիական այս կազմակերպության միջոցով Հայաստանում ներդրվել է համընդհանուր ներառական կրթական համակարգը, բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Նախագծերը առաջինը իրականացվել են Տավուշի մարզում:
«Հույսի կամուրջի» Իջևանի կենտրոնում հյուրերը ծանոթացան երեխաների, ծնողների, գործընկերների հետ։ Քննարկեցին կենտրոնի կատարած աշխատանքների արդյունքները, համայնքում առկա խնդիրներն ու կարիքները հետագա համատեղ իրականացնելիք աշխատանքների պլանավորման համար:




Վալանսում անցկացվեց գաստրոնոմիական փառատոնը․ Մերոնք Ֆրանսիայից

Հաջորդ տարի՝ 2024 թվականին կլրանա 30 տարին՝ ինչ Իջևանն ու Վալանսը մտերմիկ ու հարազատ՝ քույր քաղաքներ են։ Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը Վալանսի քաղաքապետի հրավերով Վալանս քաղաքում էր․ այնտեղ անցկացվում է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գաստրոնոմիական փառատոն, որն արդեն ավանդույթ է դարձել։

Վալանս քաղաքի մշակույթի մեջ կարևոր տեղ ունեն ֆրանսիական ազգային երգ-երաժշտությունը, պարերը, հասարակական, ազգակցական ու ընտանեկան ավանդույթները, նաև պատմաճարտարապետական շենք-շինությունները, որոնք քաղաքի ու բնակչության մշակույթի անբաժանելի բաղադրիչներն են։ Ֆրանսիայի մշակույթի մեջ նշանակալի դեր ունի նաև բազմահամ ազգային խոհանոցը։ Սեպտեմբերի 8-ից Վալանսի սրտում՝ կենտրոնական հրապարակում մեկնարկեց եռօրյա գաստրոնոմիական փառատոնը՝ նպատակակետում պահելով տարածաշրջանի արտադրողների խոհարարական հմտությունների բարելավումը, գիտելիքների օգտագործումը՝ փառատոնի շրջանակում կայանալիք իրադարձություններում։

3 օր շարունակ Վալանսի քաղաքացիները հավաքվում էին՝ վայելելու համեղ , թարմ ուտեստները, դիտելու խոհարարական շոուները, համտեսելու և զգալու ֆրասիական խոհանոցի համերն ու բուրմունքը։ Մասնակիցները անմասն չէին մնում հաճելի ու ջերմ երեկոների։ Տաղավարնում իրենց արտադրանքները ցուցադրողների շարքերում կային նաև հայեր, ովքեր ներկայացնում էին հայկական ուտեստներ։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը եզակի հնարավորություն է, որը արդեն 7-րդ անգամ առաջարկում է բացահայտել տեղացի արտադրողներին, համտեսել, վայելել ու փոխանակվել լավագույն փորձով։ Այս միջոցառումը նաև մասնավոր ընկերություն և տեղական իշխանություն համատեղ համագործակցության օրինակելի դրսևորում է։

Վալանսի գաստրոնոմիական փառատոնը այս տարի կրկին միավորեց նորարարությունն ու գեղեցիկը, համերն ու բույրերը, ժամանցն ու հանգիստը։ Եռօրյա փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էր նաև Վալանսի քույր քաղաքների՝ այդ թվում Իջևանի խոհանոցը՝ հայկական ուտեստներով ու տավուշյան համերով ու իջևանյան շնչով։




Իջևանի Մետաղագործների թաղամասը նոր խաղավայր ունի

Նոր մանկական խաղահրապարակ՝ Իջևանի Մետաղագործների թաղամասում։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ խաղահրապարակի բացման միջոցառումը։
Նմանատիպ խաղահրապարակ է կառուցվում նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում։




Հայաստանում Եվրոպական միության նորանշանակ դեսպանն այցելեց ԵՄ LEADER ծրագրի շրջանակներում ստեղծված «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի գրասենյակ

Տեղական ակտիվ խմբերը դառնում են համայնքային զարգացման կարևոր դերակատարներ։
Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Ավստրիական զարգացման գործակալության գործընկերների հետ միասին սեպտեմբերի 12-ին այցելեց Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում գտնվող «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի գրասենյակ։
Այցի նպատակն էր ծանոթանալ ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկի՝ «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի գործունեությանը և ձեռքբերումներին, ՏԱԽ-երի նշանակությանը գյուղական բնակավայրերի կայուն զարգացման և տեղացիների կյանքի բարելավման տեսանկյունից։

Վերջին երեք տարիներին ՏԱԽ-երը, ելնելով իրենց տարածքային առաջնահերթություններից, մշակել են զարգացման ռազմավարական ծրագրեր, իրականացվել են ՏԱԽ անդամների կարողությունների բարելավմանը միտված վերապատրաստումներ, ուսումնական այցեր, ստեղծվել են ֆերմերային ասոցիացիաներ, ՏԱԽ-երի միջոցով տեղի բնակիչներին, ՓՄՁ-ներին և կազմակերպություններին տրամադրվել են համայնքային կայուն ու նորարարական զարգացմանն ուղղված դրամաշնորհներ։

Ծրագրերն իրականացնող գործակալությունների փորձագետները շեշտեցին նաև հետագա զարգացման մարտահրավերները՝ ՏԱԽ-երի կայունության ապահովումը, մարդկային կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, երիտասարդների հզորացումը և այլն։
Դեսպան Մարագոսը նշեց, որ ՏԱԽ-երի ձեռքբերումները և ուժերի միավորումը կարևոր են ՏԱԽ-երում ընդգրկված բնակավայրերի համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների տեղական մակարդակում, և, որ անհրաժեշտ է պահպանել դրանց հետագա կայունությունն ու կենսունակությունը հնարավոր ֆինանսական օժանդակության միջոցով, հզորացնել և զարգացնել տեղացիների, մասնավորապես երիտասարդների կարողությունները, որպեսզի վերջիններս մնան և շարունակեն արարել իրենց բնակավայրերում։

Այց կատարվեց նաև «Սայադյան բրենդ» ընկերության կողմից հիմնված դեկորատիվ բույսերի տնկարան, որին դրամաշնորհ է տրամադրվել «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի միջոցով՝ կաթիլային ոռոգման համակարգ և անվտանգության սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։ Տնկարանում աճեցվում են եզակի դեկորատիվ բույսեր, որոնց թիվն ավելանալու է՝ դառնալով մի քանի հարյուր։ Տնկարանը նաև ծառայելու է որպես ուսուցման և մասնագիտական խորհրդատվությունների կենտրոն։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է տեղաբնակ երիտասարդ շահառուների աջակցություն՝ վերջիններիս բիզնեսը զարգացնելու և հավելյալ աշխատատեղեր ստեղծելու նպատակով։

Հայաստանում, կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: ԼԻԴԵՐ մեթոդաբանությունն իրականացվում է Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) միջոցով, որոնք առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղակայան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան, օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։




Իջևանում կայացավ գիտապրակտիկ հանդիպում՝ ստոմատոլոգների համար

Իջևանում գործող «GT – Dental» ստոմատոլոգիական կլինիկայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին կազմակերպվել էր արդի ստոմատոլոգիական հարցերին վերաբերող գիտապրակտիկ սեմինար։ Սեմինարը գիտապրակտիկ հանդիպման տեսական հատվածն էր, որի ժամանակ, մեկ հարթակում հավաքված տեղացի մասնագետների համար բանախոսություններով հանդես եկան Ամերիկայի Միացյալ նահանգներից ժամանած վիրաբույժ-պարօդոնտոլոգ Գրեգորի Կազանճիանը, վիրաբույժ-իմպլանտոլոգ Հայկ Չերգեշտյանը ու ստոմատոլոգ-էնդոդոնտիստ Գառնիկ Ցուցուլյանը։ Փորձառու բժիշկների հետ հանդիպումը մասնակից մասնագետների համար փորձի փոխանակում էր, մասնագիտական կարողությունների զարգացում։ Հանդիպման սկզբում Գրեգորի Կազանճիանը, ով մի քանի տասնամյակ դասավանդել է Նյու-Յորքի բժշկակական համալսարանում և ունի մեծ փորձառություն պարօդոնտոլոգիայի բնագավառում, մասնակիցներին ներկայացրեց նեղ մասնագիտական վերջին նորությունները, լնդերի բուժման ու պատշաճ վիճակում պահելու գործոնն ու նշանակությունը։

Փորձառու բժշկի հետ հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց թարմացնելու և խորացնելու իրենց իմացությունները ձեռք բերել ստոմատոլոգիակա նորագույն գիտելիքները։ Գրեգորի Կազանճիանից հետո հանդես եկավ Հայկ Չերգեշտյանը, բանախոսելով ընդհանուր ստոմատոլոգիայում համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման ու համակարգչային շերտավորման առավելությունների մասին։ Բժիշկը իր բանախոսությունը հավելեց իրական օրինակներով, որոնց առնչվել է աշխատանքային գործուեության ընթացքում։

Տեսական հանդիպումը ավարտեց Գառնիկ Ցուցուլյանը՝ խոսելով բարեհաջող էնդոդոնտիկ բուժման նախադրյալներից, բուժման ընթացքում կիրառվող նրբություններից։ Տեսական մասից հետո բժիշկները մասնակից եղան նաև վարպետաց դասի՝ ԱՄՆ-ից ժամանած Գրեգորի Կազանճյանի կատարմամբ։ Փորձառու բժշկի վիրահատությունը կոչվում էր «վիրահատություն՝ ուղղված գեղեցիկ ժպիտի վերականգնմանը»։

Գիտապրակտիկ հանդիպումը կազմակերպած «GT – Dental» կլինիկան նախատեսում է առաջիկայում ևս իրականացնի նմանատիպ կոնֆերանսներ՝ ներգրավվելով նոր մասնագետների։ «GT – Dental» կլինիկան, որը Իջևան քաղաքում հայտնի է որպես «9-հարկանի շենքի» կլինիկա իր մեջ ներառում է ստոմատոլոգիական ընդհանուր բոլոր ծառայությունները։ Բուժառուները կարող են օգտվել թերպևտիկ, վիրաբուժական, օրտոդոնտիկ, այդ թվում նաև իմպլանտացիոն ծառայություններից։ Կենտրոնում գործում է նաև Տավուշի մարզի առաջին ու դեռևս միակ համակարգչային տոմոգրաֆին, որը հնարավորություն է տալիս բժիշկներին կատարել գերճշգրիտ հետազոտություններ, իսկ ճշգրիտ հետազոտությունները ենթադրում են արդյունավետ բուժում։




Ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Գրիգորի Մելիքսեթյանի հիշատակին

Իջևան քաղաքում սպորտի ոլորտի բարգավաճման գործում նշանակալի ավանդ է ունեցել Գրիգորի Մելիքսեթյանը։ Երկար տարիներ աշխատել է պատանիների հետ՝ ծանրամարտ մարզաձևով, սակայն սիրել է ֆուտբոլը ու նպաստել ֆուտբոլի զարգացմանն ու աշխուժացմանը։ Գնահատելով նրա ունեցած ավանդը սպորտի ոլորտում, Գրիգորի Մելիքսեթյանի ընտանիքի անդամները, ընկերները իր հիշատակին՝ օգոստոսի 19-ին նախաձեռնել էին մինի ֆուտբոլի բաց առաջնություն Իջևանում։

Նորանկախ Հայաստանում Գրիգորի Մելիքսեթյանը առաջինն էր, որ դրեց «Իջևան» ֆուտբոլային թիմի կազմավորման հիմքերը։ Հուշամրցաշարին մասնակցում էին «Իջևան», «Գետահովիտ», «Բենտոնիտ» ու «Այգեհովիտ» թիմերը, որոնց կազմում պատանիներ էին, երիտասարդներ և մեծահասակներ։ Գրիգորի Մելիքսեթյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը ավադական է լինելու՝ այն կկազմակերպվի ամեն տարի։

Բաց առաջնության դիտարժան մրցապայքարում հաղթող ճանաչվեց «Գետահովիտ» թիմը՝ ստանալով առաջնության գավաթը, 2-րդ հորիզոնականում «Իջևան» թիմն էր, 3-րդ տեղը զբաղեցրեց «Բենտոնիտը»։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով։ Կարևորելով սպորտի մասսայականացումը՝ ֆուտբոլի բաց առաջնությունը կնախաձեռնվի հաջորդ տարի՝ ներգրավելով նոր թիմերի։