Նոր երիտասարդական կենտրոն Իջևանում

Հուլիսի 21-ին Իջևանում բացվեց երիտասարդական կենտրոն։ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:

Նմանօրինակ 25 կենտրոնների շարքում առաջինն Իջևանի երիտասարդական կենտրոնն է։ Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ ԳԿՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, կազմակերպվելու են զարգացնող, ժամանցային խաղեր և միջոցառումներ, առկա է նաև կինոդիտման հնարավորություն:

« of 2 »




ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բարի երթ մաղթեց 2022-23 ուստարվա 224 շրջանավարտի

2023թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա 224 շրջանավարտների (առկա ուսուցման 129 և հեռակա ուսուցման 95) ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ։

Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով, Երևանի պետական համալսարանի հիմնով: Ապա 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը, Տավուշի մարզպետը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները: 

Հանդիսավոր միջոցառումը, որն ուղեկցվում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երաժշտությամբ, բաղկացած էր 2 մասից:

Շրջանավարտների ավարտական երեկույթի երկրորդ մասը, շարունակվեց Ենոքավանի «Yell Extreme Park»-ի տարածքում:




«Անտեսանելի թելեր» տեսաֆիլմը էկրաններին է․ Հարցազրույց՝ ֆիլմի մասին

Իջևանի մի խումբ երիտասարդներ վերջերս պատրաստել են մշակութային, գեղարվեստական տեսաֆիլմ, որը կոչվում է «Անտեսանելի թելեր». գրական տեսաֆիլմի ստեղծագործական անձնակազմը Տավուշ TV-ի տաղավարում է։

Տեսաֆիլմի գաղափարի, ստեղծման, ընթացքի, մի խոսքով՝ «Անտեսանելի թելերի» տեսանելի պատմության մասին Էռնեստ Խանումյանը զրուցել է տեսաֆիլմի ռեժիսոր-օպերատոր Ռազմիկ Անտոնյանի, ստեղծագործական կազմի անդամներ Վահե Շահենցի ու Արև Խաչատրյանի հետ:

«Անտեսանելի թելեր» տեսաֆիլմը ադեցիկ, միևնույն ժամանակ հուզող, մշակութաստեղծ ու նորարար գաղափարներով հագեցած հոլովակ է, որը կարող եք դիտել Տավուշ ՀԸ եթերում և սոցիալական հարթակներում։




Հանրային իրազեկման ծրագիր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի հետ համագործակցությամբ իրականացնում է հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակն է Հայաստանի հինգ մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր) քննարկել մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հիմնախնդիրը, լուծումներ գտնել այդ խնդրին և լուծման առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համաձայն կառույցի նախնական ուսումնասիրությունների արդյունքների՝ մանկապարտեզների հասանելիությունը խիստ խտրական է Հայաստանում և խախտում է մանկապարտեզահասակ երեխաների գրեթե կեսի կրթության իրավունքը: Այսպես. Հայաստանում այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ հաճախում է անվճար (Երևանում), մյուս 1/3-ը մանկապարտեզ հաճախում է վճարովի հիմունքներով, ընդ որում ուսման վարձը տարբեր համայնքներում 2000-8500 դրամ է՝ կախված համայնքի բյուջետային հնարավորություններից: Այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև այդ կամ մոտակա բնակավայրերում մանկապարտեզ չկա, կամ՝ ընտանիքը ուսման վարձ վճարել չի կարող: Ստացվում է, որ առաջին դասարան հաճախող երեխաների մի մասը նախնական կրթություն ունի, իսկ մյուս մասը՝ չունի, ինչը ազդում է դպրոցում ուսումնառության որակի և ուսման առաջադիմության վրա, դրանից բխող այլևայլ հետևանքներով:

Սրա հետ մեկտեղ մանկապարտեզից զրկված երեխաների ընտանիքներում ծնողներից մեկը, սովորաբար դա մայրն է, ստիպված է լինում մնալ տանը երեխային խնամելու՝ աշխատելու կամ լիարժեք աշխատելու փոխարեն: Փաստորեն, քիչ է, որ այդ ընտանիքի երեխան զրկված է նախնական կրթության հնարավորությունից, նաև այդ ընտանիքը զրկված է հնարավոր այլ եկամտից:

Անշուշտ,  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում դրությունը այս ոլորտում տարբեր է: Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը այդ տարբերությունները, իրադրությունը և լուծման ուղիները քննարկելու համար, կազմակերպում է հանրային քննարկում, որտեղ հրավիրվել են համայնքային և մարզային պաշտոնյաներ, կրթության ոլորտի մասնագետներ, ծնողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:

Քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք. Իջևան, Ա.Մելիքբեկյան 1):




Հուլիսի 20-ին Իջևանում կմեկնարկի «Մենք ենք, մեր սարերը» եռօրյա մշակութային փառատոնը

Վարդավառին ընդառաջ Իջևանում  նախատեսվում է եռօրյա մշակութային փառատոն-միջոցառում։ Ստեղծարար մոտեցմամբ ու տնտեսական մոտիվացիաներով համայնքային տոնակատարությունը ընդգրկելու է Իջևան քաղաքն ու Խաշթառակ, Աչաջուր, Բերքաբեր  բնակավայրերը։

Համաիջևանյան մշակութային միջոցառման նպատակների, ընթացքի և շատ այլ մանրամասների մասին Էռնեստ Խանումյանը զրուցել է Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանի հետ։

Հրավիրում ենք բոլորին Իջևան՝ հուլիսի 20-ին մեկնարկող եռօրյա փառատոնին մասնակցելու և վայելելու մշակութային տոնակատարությունները։ 




«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10:00-13:00 ժամանակավորապես կդադարեցվի Տավուշի մարզի Արծվաբերդ, Չինարի գյուղերի էլեկտրամատակարարումը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությո…




«Նազանի» պարային համույթի ամփոփիչ համերգը Իջևանում և Դիլիջանում

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը». հույզեր, որ դառնում են բեմադրություններ. հետադարձ հայացք կամ համերգ-պատմություն: Հուլիսի 10-ին Իջևանում տեղի ունեցավ Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» համույթի Իջևանի մասնաճյուղի ամփոփիչ համերգը։ 

Համույթի սաները ազգային, հայկական-ժողովրդական, ինչպես նաև այլազգի բազմատեսակ պարերով զարդարեցին Իջևանի մշակույթի տունը, իսկ հուլիսի 13-ին Դիլիջանի ամֆիթատրոնը: Նազանի պարի համույթը հիմնադրվել է 2012 թվականին․ շուրջ 11 տարի է համույթն իր գործունեությունն է ծավալում Դիլիջան համայնքում, արդեն 2 տարի գործում է նաև Իջևանում: 

Երեխաները հաճախում են պարի Իջևան քաղաքից եւ հարակից գյուղերից: Համույթի ուսումնական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսման ողջ ընթացքում սովորել տարրական վարժություններ, բարդ ու ռիթմիկ պարեր:

Սաներն այս տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, միջազգային մրցույթ-փառատոնների եւ վերադարձել մրցանակներով:




Ցուցահանդես Իջևանի պատկերասհրահում

Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը բազմիցս նախաձեռնել և իրականացրել է տարբեր մշակութային ծրագրեր, միջազգային նկարչական սիմպոզիում և ցուցահանդեսներ թե Իջևանում, թե Դիլիջանում և թե Երևանում։ Միության կողմից կազմակերպված մանկական մրցույթների հաղթողների ցուցահանդեսն անց է կացվել Զվարթնոց օդանավակայանի պատկերասրահում։ Բոլոր միջոցառումներին մասնակցություն են ունեցել Տավուշի մարզի շնորհալի, տարբեր տարիքի ստեղծագործողներ։

Այս անգամ​ ևս ազդարարում ենք​ շատ կարևոր ցուցահանդեսի մասին, որի բացումը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 15։00, Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի նկարիչների միասնական ցուցահանդեսին մարզի 4 տարածաշրջանների​ ստեղծագործող նկարիչ – արվեստագետներին կտրվի միմյանց հետ հանդիպելու և​ միասին​ ցուցադրվելու​ հնարավորություն։
Իսկ վայրը՝ շատ սպասված​ Իջևանի Վերնատուն​ պատկերասրահն է, որը վերանորոգումից հետո կրկին բացել է իր դռները նկարիչների առջև։​

Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի նկարիչների միության Տավուշի​ մասնաճյուղի​ բացման 4 – ամյակին, որտեղ 2019թ․ հուլիսի 19-ին կայացել է առաջին միասնական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն էր մասնաճյուղի հիմնադիր նախագահ Արմինե Թումանյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և այլ հարգարժան հյուրեր։




Իջևան և Նոյեմբերյան համայնքներից ՀՀ մի շարք ԲՈՒՀ- երի մի շարք ֆակուլտետներ ընդունված բակալավրիատի առաջին կուրսեցիների համար կրթաթոշակ

ՀՕՖ-ի «Մարդիգյան կրթավճար» ծրագրին Իջևան և Նոյեմբերյան համայնքներից ՀՀ բուհեր ընդունված ուսանողների համար դիմումներն արդեն բաց են:

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի բակալավրի 1-ին կուրսի այն ուսանողները, որոնք,

ա) ընդունվել են՝

ԵՊՀ և մասնաճյուղեր – ֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, հայ բանասիրության ֆակուլտետներ:

ՀԱՊՀ-Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներ:

ՀԱԱՀ-Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, ագրոնոմիկայի, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներ:

ՀՊՄՀ- Սկզբնական կրթության, բանասիրական, պատմության և հասարակագիտության, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, հատուկ և ներառական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներ:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 3 տարի ապրել և աշխատել Տավուշի մարզում:

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո`

2023թ. հուլիսի 18-ից օգոստոսի 10-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 2 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ. փոստով edik.karapetyan@far.am և mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհայ հասցեներով կամ գրել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին

  • անձնագրի պատճեն, 1 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն
  • միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք
  • ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում)
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից` նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին
  • հակիրճ ինքնակենսագրություն` նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.

Ներկայացված փաստաթղթերի դիտարկում:

Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում:

Անհրաժեշտության դեպքում կիրականացվի հարցազրույց։ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է 0%-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը — օգոստոսի 29-ից 31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:




Վեոլիա Ջուր ընկերությունը ջրի մատակարարման նոր համակարգ է կառուցում Իջևան քաղաքի համար

Ավարտին է մոտենում Տավուշի մարզի «Լաստիվեր» տեղանքում Վեոլիա Ջուր ընկերության կողմից նոր ջրի մատակարարման համակարգի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ Իջևանը կստանա վայրկյանում 30 լիտր հավելյալ ջուր:

Ընդհանուր առմամբ քաղաքը ջուր է ստանում 28 մեծ ու փոքր աղբյուրներից, սակայն ամռան ու ձմռան սակավաջուր ամիսներին աղբյուրներից ջրի ելքը մեծ տատանումների է ենթարկվում: Օրինակ՝ Իջևանը սնող հիմնական «Անապատ» աղբյուրից ջրառը վայրկյանում 60 լիտրից կարող է նվազել մինչև 5 լիտրի, ինչը բնականաբար հանգեցնում է ջրամատակարարման անկանոնության ու անկայունության: Դրա համար ջրի սպառման պիկերին քաղաքին մատակարարվող ջրաքանակը ավելացնելու և Իջևանում հաստատուն ջրամատակարարում ապահովելու համար Վեոլիա Ջուրը քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Լաստիվերի «Պաղ ջուր» կոչվող գետակի վրա նախ կառուցեց նոր ջրընդունիչ, ապա չնայած լեռնային բարդ պայմաններին՝ կառուցեց նաև 2300 մետրանոց խողովակաշար, որով ջուրը գետակից հասցնելու է ջրի մաքրման կայան (ՋՄԿ)՝ վերամշակման և քլորացման: Նոր կառուցված համակարգը կհամարվի պահուստային նաև եղանակային արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսին եղավ օրեր առաջ Իջևանում։

60 լիտր վայրկյան հզորությամբ Ջրի մաքրման կայանի շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են: Տեղադրված են արտասահմանից ներկրված գործարանային արտադրության մաքրման կառուցվածքները և ներկայումս ընթանում են դրանց կարգաբերման աշխատանքները: Ջրի նոր մաքրման կայանում կգործեն 30 լիտր վայրկյան հզորությամբ կվարցային ավազով մաքրող 2 ավտոմատ ֆիլտրեր, որոնցից մեկը մշտապես կգտնվի աշխատանքային վիճակում, իսկ երկրորդը կլինի պահուստային և կգործարկվի «Անապատ» աղբյուրից հոսող ջրերի պղտորման դեպքում:

Այս ամենի արդյունքում Իջևան քաղաքի բնակիչը կստանա որակյալ և մաքուր ջուր՝ անկախ եղանակային պայմաններից։ Ծրագրի իրականացման համար Վեոլիա ջուր ընկերությունը ծախսել է 205 մլն դրամ:

Ընկերության՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների 2023 թվականի ծրագրի հաջորդը կարևոր բաղադրիչը Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի և 13 փակուղիների ջրամատակարարման ցանցի վերակառուցումն է։ Ընդհանուր 1100 գծամետր ջրագծի փոխարինման աշխատանքներից հետո՝ 140 բաժանորդի ջրաչափեր կվերատեղադրվեն սահմանազատման կետում կառուցված ջրաչափական հորերում:

Շինաշխատանքները կավարտվեն օգոստոսի մեկին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 49 մլն դրամ։ Վեոլիա Ջուր ընկերությունը վստահ է, որ համակարգի նորացման ու բարելավման արդյունքում բաժանորդները կունենան կայուն ու հուսալի ջրամատակարարում։