Իրազեկում

Հուլիսի 6-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։




Իջևանի «M» պարային համույթը կմասնակցի միջազգային մրցույթի

Իջևան քաղաքի «M» պարային համույթի սաները մասնակցում են   «Նոր ութերորդ հնչյուն 2023» արվեստի ու երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնին։

Քաղաքային լսումներից հետո պարզ դարձավ, որ ժամանակակից պարային ոճում «Մ» պարային համույթը 73 միավորով անցել է միջազգային փուլ։

Ընդհանուր հաշվով միջազգային փուլ է անցել պարային 4 համար, որոնցից երեքը պատկանում է այլ խմբի, իսկ ժամանակակից ոճից միջազգային փուլ է անցել ընդամենը մեկ համար, որը ներկայացնում է  «M» պարային համույթը։




Ավետյաց Երկրի Տեսիլքի ճամփորդությունը շարունակվում է

Հետաքրքիր վերլուծություններ են մարդիկ կատարում Բագրատ Սրբազան-ի նոր՝ «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի բովանդակության վերաբերյալ։
Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցած պանելային քննարկում-շնորհանդեսի ժամանակ ասաց․ «Եթե գիրքը կարդա Բագրատ Սրբազանին չճանաչող մեկը, կարող է մտածել, որ այն գրել է տնտեսագետ, քանի որ գրքում խորը տնտեսական վերլուծություն է արվել մեր աշխարհի տնտեսական զարգացման մասին»։

Լեզվաբան Փարսադան Ալեքսանյանը տասը բառ է գտել գրքում, որոնք նորույթ են և մինչ այս որևէ բառարանում չեն արձանագրվել։
Բանասեր Ռուսլան Մալինյանն անդրադարձավ գրքում տեղ գտած բազմաթիվ բանաձևային ձևակերպումներին։
Մեկ բան բոլորն են արձանագրում՝ այս գիրքը մեզ ճանապարհ է ցույց տալիս՝ վերադառնալու սեփական ինքնությանը, հայության իսկատիպ նկարագրի, որի միջոցով է միայն հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:
———
Գրքի շնորհանդեսներ արդեն տեղի են ունեցել Երևանում, Իջևանում և Նոյեմբերյանում։ Սպասեք հաջորդներին
———
Նոյեմբերյանում շնորհանդեսը տեղի կայացավ Կողբի գեղարվեստի դպրոցում։
Շնորհակալ ենք բոլորին և՛ կազմակերպման, և՛ մասնակցության համար։




«ԻննոԻջևան» կրթական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը Իջևանում

«Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակում հունիսի 30-ին տեղի ունեցավ «ԻննոԻջևան» կրթական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը`  Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական, տեղական կառույցների, կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պանելային քննարկումը «Պետություն-մասնավոր երկխոսություն. Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորությունները և առկա խնդիրները» թեմայով՝  առանցքում պահելով Տավուշի մարզի տնտեսության գերակա ճյուղերը՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները։ Կրթական հանգույցի բացումը «ԻննոՖեսթ» եռօրյա փառատոնի առաջին բաղադրիչն էր։

Բանախոսություններ, պանելային քննարկումներ, վարպետաց դասեր․ «ԻննոՖեսթի» երկրորդ օրը դարձյալ հագեցած էր և տոնական։ Օրվա առաջին հատվածում տեխնոոլորտի հետաքրքիր և ոգեշնչող խոսնակների ելույթներն էին, որոնց հաջորդեց պանելային քննարկումները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, մարզերում աշխատանքի հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ։ Իսկ երեկոյան ազգային ու հայկական ոգով մեկնարկեց «Թամզարա» մշակութային նախաձեռնությանը՝  օրը վերածելով համաիջևանյան տոնակատարության։

Տեխնոլոգիական փառատոնի վերջին օրը խոսնակների ելույթներին ու պանելային քննարկումներին զուգահեռ տեղի ունեցավ նաև աշխատանքի տոնավաճառ։ 

«ԻննոԻջևան» նախագիծը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, և իրագործվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Քո-Ո» ընկերության և Իջևանի համայնքապետարանի կողմից։




Իջևան այցելելու իսկական ժամանակն է. ինչով զբաղվել, ինչ տեսնել և ուր գնալ

Ինչով զբաղվել Իջևանում

Իջևանը իդեալական վայր է առողջարանային քաղաքների սիրահարների համար: Քաղաքը շրջապատված է գեղատեսիլ լեռներով, որոնք հիշեցնում են ալպյան բնապատկերներ։ Այնուամենայնիվ, հարկ է նաև գիտակցել, որ հարուստ բնական բազմազանությունը Իջևանի միակ գրավչությունը չէ, այստեղ կարելի է նաև այցելել այլ վայրեր.

Ինչ տեսնել

Եթե ​​բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, ապա բոլոր կամուրջները տանում են դեպի Իջևան… և քաղաքում դրանք 9-ն են։ Բավականին շատ՝ հաշվի առնելով քաղաքի զբաղեցրած փոքր տարածքը։ Իջևանի կամուրջները չունեն յուրօրինակ ճարտարապետական ​​կառուցվածք, բայց ունեն իրենց հմայքը։ Հաշվի առնելով, որ Իջևան քաղաքի բնակելի տարածքների մի մասը ձգվում է բարձր լեռների լանջերին, կենտրոնական հատվածը՝ Աղստև գետի հովտում է, քաղաքի բաժանված հատվածներն իրար կապողը կամուրջներն են։

Արվեստի այս պատկերասրահը Իջևանի թաքնված տեսարժան վայրն է, որը դժվար թե հայտնի լինի ճանապարհորդներին, որոնց ճակատագիրը բերել է այս իրական քաղաք: Իհարկե, դուք չեք կարողանա տեսնել աշխարհի գլուխգործոցները ձեր սեփական աչքերով, բայց, անշուշտ, կարող եք տեսնել ձեզ շրջապատող աշխարհի անսովոր հայացքը:

 

Քաղաքային այգին Իջևանի սիրտն է, որի շնորհիվ այն կոչվում է «100 քանդակների քաղաք»։ Քանդակի միջազգային սիմպոզիումը Իջեւանը վերածեց բացօթյա արվեստանոցի, իսկ կենտրոնական այգին զարդարվեց համաշխարհային արվեստագետների քանդակներով։ Սիմպոզիումն անցկացվել է 1985-1991 թթ.: 6 տարի Իջեւանը հյուրընկալում էր տարբեր երկրների արվեստագետների, եւ ամեն տարի մեկուկես ամիս սիմպոզիումի ընթացքում Իջեւանի կենտրոնական այգին վերածվում էր բացօթյա ստուդիայի։ Այս ընթացքում դրան մասնակցել են 95 քանդակագործներ աշխարհի 20 երկրներից։

Իջեւանի պատմաերկրագիտական ​​թանգարանը տարածաշրջանի պատմության ֆիզիկական մարմնավորումն է։ Թանգարանը հիմնադրվել է 1955 թվականին և ունի ցուցանմուշների հարուստ ֆոնդ։ Թանգարանի աշխատակիցները մաս առ մաս հավաքել են արժեքավոր հնագիտական ​​գտածոներ։ Ոմանք պատկանում են ուրարտական ​​պատմական շրջանին, մյուսները՝ մ.թ.ա. երրորդ և երկրորդ հազարամյակներին, իսկ մյուսները՝ խորհրդային ժամանակաշրջանի հաստատմանը։

Քաղաքի տեսարժան վայրերից և տեղի բնակիչների հպարտությունն Իջևանի դենդրոպարկն է։ 9 հեկտար տարածքում մոտ 700 տեսակի ծառեր և թփեր՝ դրախտ բնության սիրահարների համար։ Տեղական կլիման թույլ է տալիս աշխարհի բոլոր մայրցամաքներից աճեցնել փշատերև և սաղարթավոր (ներառյալ մշտադալար տեսակները) ծառատեսակները, որոնք, ըստ էության, ներկայացված են այստեղ, բացառությամբ Ավստրալիայի: Իդեալական վայր՝ ցերեկը Աղստև գետի ափին պիկնիկի, իսկ գիշերը՝ աստղերով հիանալու համար։

Իջևանի գինու և կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է, որը հիմնադրվել է Խորհրդային Միության տարիներին՝ 1951 թվականին և մինչ օրս Տավուշի մարզի այցեքարտն է։ Այսօր Իջևանի գինու և կոնյակի գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ և ունի գինու և օղու արտադրանքի լայն տեսականի։ Միայն այստեղ կարելի է համտեսել յուրօրինակ մրգային գինիներ, ինչպիսիք են սերկևիլը, մոշը, բալը, հոնը և այլն:

Եթե ​​գտնվում եք Իջևանում կամ մոտակայքում, ապա բաց մի թողեք նրա գլխավոր տեսարժան վայրը՝ Մայր Հայաստան հուշարձանը։ Հուշարձանը տեղադրվել է 1971 թվականին։ Այն գտնվում է կենտրոնից հինգ րոպե հեռավորության վրա՝ քաղաքի հյուսիսային դարպասների մոտ և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը։

Ինչով զբաղվել

Chibukhchyan Art Studio-ն ստեղծագործական արհեստագործական կենտրոն է, որը զբաղվում է Chibukhchyan ապրանքանիշը ներկայացնող հուշանվերների և կենցաղային իրերի արտադրությամբ։ Այս առաջարկը նրանց համար է, ովքեր նախընտրում են վիտրաժների, գորգագործության, տեքստիլի և մետաքսի նուրբ գործերը։ Այստեղ դուք կարող եք նաև մասնակցել վարպետաց դասերին և պատրաստել ձեր սեփական վիտրաժային արտադրանքը՝ ինտերիերի իրերից մինչև կենցաղային պարագաներ, ձեռագործ գորգեր և գոբելեն, պայուսակներ, գլխարկներ, հագուստի աքսեսուարներ և շատ ավելին:

Ո՞վ է Վահե Մայիլյանը — Չորրորդ սերնդի ատաղձագործ, մասնագիտացված էքսկուրսավար և նվիրյալ երկրպագու իր աշխատանքի: Եթե ​​ցանկանում եք ծանոթանալ փայտի և այլ նյութերի մշակման արվեստին, զարդեր և այլ ապրանքներ ստեղծելուն, ապա Mailyan ստուդիան առաջարկում է դասընթացներ ընդգրկուն ծրագրով, որտեղ կարող եք ծանոթանալ փայտամշակման, բնական քարերի մշակման և քարե քանդակների պատրաստման նրբություններին։ Դասընթացներն անցկացվում են Իջևանի կենտրոնում գտնվող ստուդիայում, և ցանկացած անձ կարող է մասնակցել վարպետաց դասերին։
Տավուշի թեմի «Թելիկ» սոցիալական և կրթական կենտրոնը արհեստագործական արվեստի ավանդական ոլորտները քարոզող կազմակերպություն է։ Թելիկը զբաղվում է տարբեր տեսակի ձեռագործությամբ՝ գորգագործություն, ասեղնագործություն, տրիկոտաժ, բատիկա, մետաքսագործություն, ասեղնագործություն։ Թելիկը վարպետաց դասեր է անցկացնում բոլորի համար՝ ներկայացնելով Տավուշի արհեստները։ Այցելուները վարպետի ղեկավարությամբ 1,5-2 ժամ յուրացնում են իրենց հավանած ասեղնագործության տեսակը, իսկ արածը տանում են որպես հուշ։

«Հյուսնի Տուն»-ը ատաղձագործական դպրոց-արտադրամաս է։ Այստեղ պատրաստում են բարձրորակ, ժամանակակից և օրիգինալ կահույք լոֆթ ոճով՝ մետաղական հիմքերով։ «Հյուսնի Տուն»-ը նաև առաջարկում է այցելուին որպես ատաղձագործ փորձել, մասնակցել ատաղձագործության անվճար դասերին, և ցանկացած մարդ կարող է մասնակցել կահույքի ստեղծման գործընթացին։

 

Որտեղ գնալ

«Կենաց հաց» ամբողջահատիկի ակադեմիան  մի վայր է, որտեղ անցյալն ու ապագան միավորվում են։ Ժամանակակից մինիմալիստական ​​ինտերիերը ներդաշնակորեն միահյուսված է իսկական, հայկական, ավանդական բաղադրատոմսերով, որոնք պատրաստել են մեր տատիկները ամբողջահատիկի ալյուրից և տնական բաղադրիչներից՝ առանց արհեստական ​​հավելումների։

 

Yellow dream քաղաքային սրճարան է Իջևանի սրտում: Այն քաղաքի գունեղ անկյուններից մեկն է, որտեղ կահույքի յուրաքանչյուր կտոր իր պատմությունն ունի: Սրճարանում հաճախ են կազմակերպվում համերգներ և տարբեր միջոցառումներ։ Եվ եթե քաղաքի փողոցներով քայլելիս հանդիպեք դեղին ֆուրգոն, մի՜ անցեք կողքով, հավաքեք բարիքներ և խմիչքներ Yellow dream-ի տղաներից:

 

 

 

Ցանկանու՞մ եք դիտել Իջևանը թռչնի թռիչքից: — Ուրեմն անպայման այցելեք TEVRA թեյարան: Կազմակերպեք հարմարավետ թեյախմություն կրակի շուրջ, սեպաձև բարձրացած ժայռի վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Իջևան քաղաքը։ Այստեղ կարող եք նաև գիշերել 6 տներից մեկում։

 

 

 

Novel art cafe յուրօրինակ մթնոլորտ է, ժամանակակից քաղաքային ապրելակերպի մի մասը՝ նոսրացված ռոմանտիզմի նոտաներով՝ վերցված ամենասիրված գրքերից։ Ցանկանու՞մ եք երկար վայելել ձեր այցելությունը: — Սրճարանում հնարավորություն կա ծանոթանալու տեղի կին ձեռներեցների աշխատանքին և նույնիսկ ձեռք բերելու եզակի նվերներ։

Political cafe այն վայրն է նրանց համար, ովքեր գնահատում են որակյալ խոհանոցի համն ու հարմարավետ հանգիստը։ Նուրբ դեկոր, չափավոր լուսավորություն՝ իսկական հանգստության և հարմարավետության վայր Իջևանի սրտում։

 

 

 

 

 

Աղբյուր՝ Visit Tavush




Գորգերի ամենամյա ցուցադրություն՝ «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակում

Օրերս Երևանում «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կենտրոնում կայացավ գորգերի ցուցադրությունը, որին մասնակցում էին «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից 11 մշակութային կենտրոնները, որոնց թվում էին նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը և Իջևանից՝ «Թելիկ» կենտրոնը։ 

«Տորքի որդեգրում» ծրագիրը իրականցվում է 2016 թվականից Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ գորգագործությունը զարգացնելու նպատակով։ 

Ցուցադրությունից հետո քննարկվեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր, կատարվեցին խորհրդատվություններ, փոխհամարգործակցական կապը ամրապնդվեց` հետագայում մի շարք ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Ցուցադրության մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․




Ավարտվեց ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունները

Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան 2022-23 թվականի առաջնությունները ավարտված են․ Տավուշի մարզի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները առաջնության ընթացքում գրանցել են հաջողություններ՝ արժանանալով մրցանակների։ 

Առաջնությանը մինչև 16 տարեկանների B խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Պավել Մելիքջանյանը, լավագույն ռմբարկու՝ Յուրի Հակոբյանը, իսկ մինչև 14 տարեկանների C խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Վալերի Դավթյանը։ Պատանի ֆուտբոլիստները մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ 

ՀՖՖ հատուկ մրցանակները լավագույններին հանձնեց անկապատանեկան մրցումների անցկացման պատասխանատուն․ Բաբկեն Ղալոյանի կարծիքով առաջնություններում մարզերի ներգրավման արդյունքում նոր ֆուտբոլային տաղանդներ են բացահայտվում։

Տավուշի ֆուտբոլային ակումբների տղաներն ու աղջիկները շարունակելու են մասնակցել ֆուտբոլային առաջնություններին․ պատանիները խոստանում են՝ գրավելու են ֆուտբոլային նոր բարձունքներ։




ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest-ի շրջանակում

Հունիսի 30-ին տեղի ունացավ ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest 3-օրյա միջոցառման շրջանակում։
Բացմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

Պաշտոնական բացմանը և հանգույցի տարածքում շրջայցին հաջորդեց պանելային քննարկում՝ «Պետություն – մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով, որին մասնակցում էին միջազգային, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները։

ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։




Իջևանի երաժշտական դպրոցը ամփոփում է ուսումնական տարին

Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցը ամփոփել է 2022-2023 ուսումնական տարին՝ ավանդույթ դարձած հաշվետու համերգ-միջոցառմամբ։

Անցնող տարվա ընթացքում երաժշտական դպրոցի սաները մասնակցել են մրցույթների ու փառատոնների, որոնց ընթացքում նշանակալից հաջողություններ են արձանագրել։ 

Միջոցառման ընթացքում հնչեց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգ ու երաժշտություն՝ աշակերտների և ուսուցիչների կատարմամբ։ 

Անցող ուսումնական տարվա ընթացքում Իջևանի երաժշտական դպրոցը արժանացել է պատվոգրերի ու հատուկ մրցանակների՝ տարբեր միջոցառումների ժամանակ լավագույնս ներկայանալու համար




Գորգ կտրելու արարողություն «Թելիկ» կենտրոնում

Հավատարիմ մնալով կարպետ կտրելու ավանդույթի արարողությանը, հունիսի 23-ին Տավուշի թեմի առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցավ գորգ կտրելու խորհրդավոր արարողղությունը։ Հերթական գորգը «Թելիկ» կենտրոնի ստեղծագործող կանանց ձեռքի աշխատանքն էր։ 

Գորգ կտրելու արարողությանը հաջորդեց տավուշյան գինու ավանդական խմորեղենի համտեսը, երեկոյի հատուկ հյուրն էր «Հատիկ» բենդը։ 

Թելիկ կենտրոնը ավանդական ձեռագործի ճյուղերի ուսուցման և զարգացման միջոցով տեղացի կանանց համար ապահովում է արժանապատիվ աշխատանք։ Կենտրոնում արարվում են կարպետներ, որոնք ունեն դարերի պատմություն։ «Թելիկի» աշխատանքի շնորհիվ մոռացության մատնված կարպետները վերածնվում և ներկայանում են նորովի։