«Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը Իջևանում

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի երկրորդ՝ իջևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 25-ին։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է՝ այժմյան դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում՝ մեր անցած ճանապարհի և անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի պատգամների վրա։ Շնորհանդեսը գրքի պանելային քննարկման ձևաչափով էր․ քննարկման բանախոսներն էին բանասիրական գիտությունների թեկնածու Մուշեղ Սարուխանյանը և պատմաբան Վլադիմիր Պողոսյանը։ 

Ներկաները իրենց մտքերը կիսեցին գրքի վերաբերյալ,կրկին արձանագրելով՝ այսօրվա ինքնության ճգնաժանի մեջ այս գիրքը մեր երազների երկիրը կառուցելու մեծ ճանապարհի առաջին քայլը կարող է դառնալ։Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության մեծ տունն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ ու ժողովուրդ: Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը հայ ժողովրդի երազանքն ու ձգտումն է: 

Գրքի քննարկումները հաջորդաբար կայանալու են Տավուշի բոլոր համայնքներում․ գիրքը վաճառվում է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում և առցանց գրախանութներում։




2023 թվականի հունիսի 26-ին տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարել է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը

Արտահերթ նիստի օրակարգի հարցերը վերաբերում էին Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նշանակության փոփոխությանը, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերին իրավական կարգավիճակի տրմանը,
համայնքի վարչական և ֆոնդային բյուջեներում փոփոխություն կատարելուն:

Համայնքի ավագանին նիստում որոշեց նաև աջակցել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղին` հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին ֆիզիկական վերականգնողական և օկուպացիոն թերապիաներից օգտվելու հնարավորություն ստանալու համար: «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրենը ավագանու անդամներին տեղեկացրեց, որ Իջևան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի 111 երեխա ճանապարհածախսի պատճառով զրկված է վերականգնողական թերապիաներ ստանալու հնարավորությունից:

Ավագանու որոշմամբ` համայնքի բյուջեից 500 000 դրամ (հինգ հարյուր հազար դրամ) հատկացվեց երեխաների տեղափոխման խնդիրները լուծելու նպատակով:




Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց Հայկական բանակ

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի ամառային զորակոչը: Իջևանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:

Նրանց բանակ ճանապարհելու էին եկել Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները, ովքեր առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ հանձնեցին նորակոչիկներին։




Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ
POS տերմինալի միջոցով – քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում՝ քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
Վճարային տերմինալի միջոցով – հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով – բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
Բանկային փոխանցման միջոցով – բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի մասին մանրամասները՝ այստեղ:



Բնակչության կրած վնասները առատ անձրևի հետևանքով

Իջևանում հորդառատ անձրևի, երկարատև կարկտահարության ու ուժգին քամու հետևանքով ստեղծված իրավիճակի հետևանքների վերացման նպատակով Իջևանի համայնքապետարանի Կոմունալ ծառայության ողջ անձնակազմը երրորդ օրն է շարունակում է ինտենսիվ աշխատանքները։ բնական երևույթների վտանգավոր զարգացումների հետևանքով իրավիճակի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների ու կարիքների գնահատման գործընթացի շրջանակում համայնքապետարանի աշխատանքային խմբերը շրջում են Իջևանի թաղամասերում, կատարում վնասների հավաքագրում:

Վնասները հատկապես եղել են Իջևան քաղաքի Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան, Մելիքբեկյան, Օհանյան, Սպանդարյան ու Ասլանյան փողոցներում։ Վնասվել են բնակիչների բերքատու տնամերձ այգիները, մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

Այս արտակարգ օրերին Տավուշ Մեդիան համագործակցելով մարզային և համայնքային իշխանությունների հետ, ձեզ համար պատրաստել է օպերատիվ, անհրաժեշտ, հավաստի և օգտակար տեղեկություններ պարունակող Արտակարգ տեղեկագիր՝ տեքստային, ֆոտո ու տեսա շտեմարան:Ստեղծված Իրավիճակի, հետևանքների, կարիքների, կատարած ու կատարելիք աշխատանքների մասին տեղեկանալու, և Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցմանը կարող եք ծանոթանալ այցելելով www.tavushmedia.am կայք: Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված: Ով իրազեկված է, նա պաշտպանված է:




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 22-ին, ժամը 13։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․). վերջինիս ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1972 թ․), Ա. Ն.-ն (ծնված 1982 թ․), Կ. Մ.-ն (ծնված 1979 թ․), Է. Ու.-ն (ծնված 1983 թ․), Լ. Ո.-ն (ծնված 2003 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ն (ծնված 1969 թ․) հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:




Կարկտահարության վնասի գույքագրման վերաբերյալ դիմումի ձև

Հարգելի բնակիչներ, համայնքապետարանում առաջացող հերթերից խուսափելու համար, խնդրում ենք հնարավորության դեպքում` կարկտահարության վնասի գույքագրման վերաբերյալ ձեր դիմումները լրացնել տանը,այնուհետև կցել վնասը փաստող լուսանկար(ներ) և ներկայացնել Իջևանի համայնքապետարան: Դիմումի ձևը ստորև`




Հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքները Իջևանում

Հորդառատ անձրև ու երկարատև կարկուտ է տեղացել հունիսի 19-ի երեկոյան՝ Իջևան քաղաքում: Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով մարզկենտրոնում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Եղանակի կայունացումից անմիջապես հետո Իջևանի համայնքապետարանի աշխատանքային խմբերը մաքրել և բացել են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Տեղում ծառայություն են իրականացրել և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԳՆ Փրկարար ու Պարեկային ծառայությունների և շտապօգնության աշխատակիցները:

Աննախադեպ կարկուրտից ու տեղատարափ անձրևից հետո Իջևանում առկա է էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, կան վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր: Լուրջ վնասներ են կրել սննդի, առևտրային կետերն ու սպասարակման կենտրոնները:

Առատ անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած տարբեր ծավալների վնասների հավաքագրման ու գույքագրման նպատակով Իջևանի համայքնապետարնում ստեղծվել է հաձնաժողով։ Հանձնաժողովը շրջում է Իջևանի թաղամասերում, հավաքագրում պատճառված վնասները:

Իջևանի համայնքապետարանը՝ փրկարար ու պարեկային ծառայողների ու քաղաքացիների հետ համատեղ շարունակում է աշխատանքները՝ լուծելով առկա խնդիրները:




Անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած տարբեր ծավալների վնասների հավաքագրման ու գույքագրման աշխատանքներ

Նախօրեին առատ անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած տարբեր ծավալների վնասների հավաքագրման ու գույքագրման նպատակով Իջևանի համայքնապետարում ստեղծվել է հաձնաժողով։

Անոմալ եղանակի պատճառած վնասների մասին կարող եք տեղեկացնել՝ դիմելով Իջևանի համայնքապետարան կամ զանգահարել նշված հեռախոսահամարներին․

093100112 – Արմեն Սայադյան

095060601 – Ռուբեն Վարշամյան

077652316 – Փառանձեմ Ադամյան




Աննախադեպ կարկուտ և հորդառատ անձրև Տավուշի մարզում (Թարմացված)

Այսօր աննախադեպ կարկուտ, հորդառատ անձրև է տեղացել Տավուշի մարզում:

Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Տավուշի մարզի համայնքներում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Հատկապես տուժել է մարզկենտրոն Իջևան քաղաքը և համայնքի գյուղական բնակավայրերը:

Աննախադեպ քամու ուժգնացման, կարկտահարության ու տեղատարափ անձրևի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ․ այժմ անձրևը դադարել է։ Համայնքային իշխանությունները ու փրկարարները մաքրում և բացում են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Պատճառված վնասի ու այլ մանրամասների մասին կներկայացնենք ավելի ուշ:

Հորդառատ անձրևների հետևանքով Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբ է մոլորվել։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն։

Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել․ օգնության են հասնել փրկարարները։

Այս պահի դրությամբ Իջևանում ունենք էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր, – Տավուշ Մեդիային տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ Փ/Ծ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վ․ Փիրումյանը։