ՃՏՊ Իջևան քաղաքում․ կան տուժածներ

Հունիսի 18-ին, ժամը 23։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Կասկադ» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքի Ս․ Օհանյան փողոցում բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1988 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Մ․ Մ․-ն (ծնված 1967 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևորը տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար ծանր և միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։



«Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մշակութային ֆորում՝ Իջևանում մշակութային կյանքի աշխուժացման համար

Հունիսի 15-16-ին է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարության շրջանակում Իջևան համայնքի բիզնես ու քաղհասարակական ոլորտների ավելի քան 60 ներկայացուցիչներ մասնակցել են «Գաղափարախաղ-գաղափարաքաղ» ֆորումին։

Ֆորումի նպատակն էր խթանել Իջևան համայնքի մշակութային կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Ֆորումի ավարտին ընտրված լավագույն ծրագրերը կֆինասավորվեն ու հաղթող թիմերի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց մշակած սոցիալ-նորարարական համայնքային մշակութահեն ծրագրերը իրականացնել իրենց բնակավայրերում։

Հիշեցնենք, որ Իջևանը հաղթել է «EU4Culture» ծրագրի մրցույթում` Եվրոպական միկության կողմից ստանալով 300 հազար եվրո դրամաշնորհ, որով իրականացնելու է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարությունը։ 

 «Մենք ենք, մեր սարերը»  ռազմավարության կենտրոնական մոտեցումներրից մեկը՝ մշակութային ապակենտրոնացված զարգացումն է և կենտրոնացումը Իջևանի բնակավայրերի վրա, ինչպես նաև ստեղծագործ ու նախաձեռնողական մտածողության զարգացումը՝ համայնքի բնակիչների շրջանում։ Ծրագիրը իրականացնում Իջևանի համայնքապետարանը՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինասական աջակցությամբ։




Խոսք ու զրույց․ Արթուր Ճաղարյան

«Խոսք ու զրույց» հաղորդման ժամն էր՝ մեր երեկոյան եթերում, այս անգամ տաղավարում մեր հյուրը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն էր։ 

Երիտասարդ տարիքում ունեցած նպատակների, կյանքում կայացրած կարևորագույն որոշումների, Իջևանը սիրելու ու դեպի քաղաքական դաշտ մուտքի մասին զրուցել ենք պարոն Ճաղարյանի հետ։

Մեր հյուրը ընդգծում է՝ մարդկային փոխհարաբերություններում առաջնայինը մարդուն լսել կարողանալն է․ «Չպետք է քեզ վեր դասես դիմացինից, այլ ընդունես ինչպես հավասարը հավասարին»։ 

 Ձեզ մաղթում ենք հաճելի դիտում և հրավիրում՝ գրելու մեկնաբանություններում, թե հաջորդիվ ում կցանկանայիք տեսնել Տավուշ ՀԸ տաղավարում։




Այգեհովիտ գյուղում բարեկարգվում են ճանապարհները

Վերջին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի էր դարձել Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի ներհամայնքային մի շարք կարևոր ճանապարհներ։ Գյուղի գերեզմանատուն, հուշարձանային համալիր, անտառ տանող ճանապարհները ոչ միայն մեքենաների համար է դժվարացանելի, այլ նաև՝ ոտքով քայլելու։ Շնորհիվ ռուսաստանաբնակ բարերար, Այգեհովիտի բնակիչ Արսեն Սիմոնյանի այժմ գյուղի համար կենսական նշանակության ճանապարհները բարեկարգվում են։

Այգեհովիտի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանը ուրախությամբ պատմում է կատարված աշխատանքների մասին, ցույց տալով վերանորոգված ճանապարհները։

Ավելի քան 2կմ երկարությամբ ճանապարհը հարթեցվել և խճապատվել է, աշխատանքները իրականացրել են Այգեհովիտի բնակիչները։
Բարերար Արսեն Սիմոնյանը մշտապես աջակցում է իր ծննդավայրի՝ Այգեհովիտ գյուղի հրատապ խնդիրների լուծմանը ու գյուղի զարգացմանը։ Նմանատիպ աշխատանքները կրում են պարբերական բնույթ։




«Հրդեհաշիջման աշխատանքերի կազմակերպումը և իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզպետարանում

Այսօր՝ հունիսի 9-ին, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Հրդեհաշիջման աշխատանքերի կազմակերպումը եւ իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը։

Ուսումնավարժության նպատակն է՝

Կատարեագործել ղեկավար մարմինների տեսական եւ գործնական ունակությունները անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյան որոշումների ընդունման ուղղությամբ։

Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները եւ փոխհամագործակցության կազմակերպումը՝ համատեղ փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Կատարելագործել արձագանքող ուժերի եւ մասնագիտացված խմբերի գործնական ունակությունները անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների մարման, ծխապատգոտիներից մարդկանց փրկման ուղղությամբ։




Իջևանում կհիմնվի ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոն 

Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հունիսի 1-ին Մարտունիում ընդունել է ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացնելով նաև տեղում անվտանգության առնչվող  զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության դիտարկումների վրա:

Քաղաքացիական առաքելությունն իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 դիտարկում Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իրենց օպերատիվ կենտրոններից: Ներկայացնելով եռամսյա կատարած աշխատանքները, ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մ. Ռիտերը տեղեկացրել էլ որ, առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Իջևանում, Կապանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով դրանց լիարժեք շահագործմանը: Ռիտերը։

«Մեր նպատակներից է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, դիտորդական առաքելությունը (EUMA) նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ անկայուն է», – հավելել է Մարկուս Ռիտերը:




Ձերբակալվել է «Իջևան Սիթի» սուպերմարկետի 5 աշխատակից (Թարմացված)

Radar Armenia-ի տեղեկություններով` «Նոր Զովք» ՍՊԸ-ի գործի շրջանակներում սերվերների շուրջ բացահայտումների արդյունքում «Իջևան Սիթի» սուպերմարկետի 5 աշխատակից ձերբակալվել է։

Պետությանը հասցված վնասը գնահատվում է մոտ 500 մլն ՀՀ դրամ։

—————————————————————————————————

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ․ մարտի 17-ից մինչև 2023թ․ փետրվարի 20-ը ներառյալ Ա․Ղ․-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։

Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ Ա․Ղ․-ն, Վ․Ս․-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ․-ի, Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ա․Ղ․-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին

Մայիսի 25-ը ՀՀ Ազգային հերոս, 44-օրյա պատերազմում նահատակված Թաթուլ Ղազարյանի ծննդյան օրն է։ Գնդապետը կդառնար 45 տարեկան։ Ղազարյան ընտանիքի նախաձեռնությամբ Թաթուլ Ղազարյանի հիշատակին Գետահովիտ գյուղի բարձունքին հուշաղբյուր է կառուցվել։ Հրամանատարի ծննդյան օրը բացվող հուշաղբյուրի խորհուրդը հանուն Հայրենիքի նահատակված զինվորականների սխրանքներն արժևորելն է։

Հուշաղբյուրի հարակից տարածքում խաչ է կանգնեցվել, որն օծել է Իջևանի հոգևոր հովիվ տեր Աբել քահանա Քարտաշյանը։

Գնդապետ Թաթուլ Ղազարյանն իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը թե՛ ուսումնառության, թե՛ զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնացել է ռազմի դաշտ` սրբազան պարտքը կատարելու: Հրամանատարը զոհվել է  2020 թ-ի հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայաստանի բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշաններով:




Ա՜խ դպրոց, դպրոց․ մեր ու ձեր դպրոցը՝ Հրանտ Ղազումյանի հետ

Այս օրերին մեր մարզի դպրոցներում ևս հնչեց վերջին զանգը։

Շնորհավորում ենք այս դպրոցն ավարտած մեր սիրելի հետևորդներին ու հեռուստադիտողներին կյանքի նոր փուլ մուտք գործելու առթիվ և առաջարկում վերհիշել մեր ու ձեր դպրոցական տարիները Հրանտ Ղազումյանի հետ։




Տավշո չքնաղ երգահան- աշուղ Նազելին

Նա՜ շրջում էր Տավշո սարերում, զառվառ ծաղիկներից փնջեր հյուսում և գուցե այդ ժամանակ դեռատի աղջնակը չէր էլ պատկերացնում, որ նրա փնջած ծաղիկները դառնալու է՝ Ի՛ր երգերը։ «Մոշ աչքերը» հառած «Հարսնաքար սարին», Նա՛ է՝ վաղը գովելու Ի՛ր ծննդավայրի ամեն քարը ու թուփը։

Նրա երգերում անթեղված է Տավուշի ակունքից զուլալ աղբյուրի կարոտի կանչը սերը առ հայրենիք ու կորստի անջնջելի ցավը։ Աշուղ Նազելին նրբանկատ է, անկեղծ ինքը իր և միջավայրի հետ, ազնիվ ու պարտաճանաչ իր աշխատանքում։ Հայ աշուղական միյության նախագահ, Հանրային ռադիոի «Սայաթ-Նովա» աշուղական վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը այսպես է բնութագրել վարպետ աշուղ Նազելուն -․ «Աշուղ Նազելիի խոսքը անթերի հայերեն է, հուզական և բանաստեղծական, մեղեդիները ինքնատիպ են, ձեռագիրը՝ հաստատուն:

Նա հայ դասական աշուղների արժանի ժառանգորդն ու հետևորդն է: Նազելին իր երգի ոգեղեն թևերով մերթ ճախրում է ծննդավայրի Հարսնաքար, սարի ցողոտ–շաղոտ լանջերին, մե՛րթ Մշո դաշտի երկինքներում, մե՛րթ Արցախի սահմաններում, մե՛րթ աշխարհով մեկ թափառող հայ աստանդականի բախտի ելարաններում։ Աշուղ Նազելուն ուժ է տալիս իր երգը, դառնում բալասան նրա կորուստներ տեսած սրտին։ Նրա երգերը սիրում և երգում են աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները: Բայց իմ խորին համոզմամբ, իր հեղինակային երգերի լավագույն մեկնաբանը հենց ինքն է՝ աշուղ Նազելին։ Աշուղ Նազելիի երգը ապրել է, ապրում է ու կապրի:» ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ։ Աշուղ Նազելին՝ 2000 թվականին՝ Իր հեղինակային «Իմ Սուրբ Մատուռ» երգով մասնակցում է՝ «Սայաթ-Նովա» երգի մրցույթին որտեղել գրավում է առաջին տեղը։

Աշուղ Նազելին (Նազիկ Լենտրուշի Գրիգորյանը) ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում,1963թ. օգոստոսի 28-ին։ 1970-80թթ. միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո 1982-1987թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1987-2007թթ. զբաղվել է մանկավարժությամբ։ Օժտված լինելով աստվածատուր ձայնով՝ Նազելին երգել է տարբեր անսամբլներում՝ 1982-87թթ. «Տոհմիկ» երգչախումբ, 1990-2000թթ. Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբ:, 1999-2002թթ. «Սայաթ- Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ, 2002-2005թթ. «Ակունք» ազգագրական անսամբլ: 2002-2010թթ. «Ինպուլս» ռադիոկայանում վարել է հեղինակային «Հին ու նոր աշուղներ» հաղորդաշարը։

2005թ. լույս է տեսել նրա «Հարսնաքար» խորագիրը կրող անդրանիկ ժողովածուն։ Իսկ հետագայում տպագրվել է Նրա՜ «Իմ Սուրբ Մատուռ» խորագրով երգարանը և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակը։

2013թ. դեկտեմբերի 12- ին ձեռնադրվել և ստացել է վարպետ աշուղի կոչում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել հայրենիքում և Սփյուռքում: Նա հեղինակ է ավելի քան 40 երգերի, ունի 7 տեսահոլովակ, իսկ՝ Նրա երգերից ավելի հայտնի են՝ «Իմ սուրբ Մատուռ», «Մոշ աչքեր», «Էսօր օրը ուրբաթ ա», «Իմ սերը դու ես» և այլ գեղեցիկ կատարումներ։ Նրա երգերի առաջին նոտաները լսելով տարբերում ենք աշուղին հատուկ ձեռագիրը։

Հեղինակ՝ Վաչե Գրիգորյան