Աչաջուր բնակավայրում Փրկարար ծառայության թեմատիկ վարժանք է անցկացվել՝ օդային տագնապի վերաբերյալ

Հայաստանի  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից մայիսի 15-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցակացվեց «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Աչաջրի վարչական շենքում, դպրոցում, մանկապարտեզում և բնակավայրում գործող այլ կառույցների աշխատակիցների, բնակիչների համար Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները իրականացրին իրազեկման աշխատանքներ՝ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի, անվատագության կանոնների վերաբերյալ:

Միջոցառումների ընթացքում էլեկտրաշչակի միջոցով իրականացվեց ազդարարում, կազմակերպվեց տարհանում և պատսպարում: Աչաջրի միջնակարգ դպրոցում  քննարկվեց բնակչության վարվելակերպի կանոնները՝  «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում:  Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, բնակչությանը մշտապես իրազեկ պահելու անհրաժեշտությամբ մասնագետները վստահեցնում են, որ այսօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: 




Իջևանի «Իրական դպրոցն» ամփոփում է գործունեության մեկ տարին՝ արդեն ունենալով պետական հավատարմագրում

Իջևանում գործող «Իրական դպրոց» կրթական կառույցn ամփոփում է գործունեության մեկ տարին։ Ունենալով հագեցած մեկ ուսումնական տարի` մայիսի 13-ին «Իրական դպրոցում» հայտարարված էր բաց դռների օր՝ սովորողների ծնողներին, համայնքի բնակիչներին  ներկայացնելու անցող տարվա կատարած աշխատանքները, ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Բաց դռների օրը հատուկ էր դպրոցի համար, քանի որ կառույցը ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել էր պետական հավատարմագրում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Իրական դպրոցն ունի Հայաստանի ուսումնական այլ հաստատություններից՝ հանրակրթական դպրոցներից ու քոլեջներից բավական տարբերվող ծրագրեր և մոտեցումներ: Այստեղ շեշտը դրվում է փորձառական ուսուցման վրա, ստացած գիտելիքը ամրապնդվում է փորձով, իրական նախագծի վրա աշխատանքով, ինչը հնարավորություն է տալիս գիտելիքը վերածել մնայուն արժեքի:

Դպրոցում կարևորվում է բազմակողմանի զարգացումը, ուսանողի՝ որպես անհատի կայացումը, ազգային մշակույթին հաղորդակից լինելը, ռազմական գիտելիքները, ֆիզիկական պատրաստականությունը, քաղաքացիական գիտակցությունը։ Հանդիպման մասնակիցները նաև ծանոթացան դպրոցի գաղափարներին և ընդունելության ընթացակարգին։

Իջևանի «Իրական դպրոց» կարող են հաճախել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները։ Ընդունելությունը կսկսվի մայիս ամսից։

Դպրոցն ավարտելիս ուսանողները ստանալու են համակարգաբանի որակավորում տնտեսական, քաղիրավական կամ կրթամշակութային ոլորտում: Որակավորման ոլորտը կախված է լինելու ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքների բնույթից։




Խոսք ու զրույց. Արթուր Մուսայելյան

Տավուշ TV-ի եթերում մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Խոսք ու զրույց»: Հաղորդման առաջին հյուրը երգիչ, հումորիստ, մեր հայրենակից Արթուր Մուսայելյանն է։ Նրա հետ խոսել ենք հումորային հոլովակների ստեղծման գաղափարի, կյանքի նպատակների մասին, կատակել ենք, և իհարկե, անդրադարձել տարածված խոսք ու զրույցներին։

Այսուհետ սիրված ու ճանաչված տավուշցիների հետ ջերմ, անկեղծ, անմիջական զրույցի միջոցով փորձելու ենք նրանց բացահայտել ու ներկայացնել նորովի։




ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին

Մայիսի 13-ին, ժամը 15:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Այգեհովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորը․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Տավուշում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռ․ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Իջևան) և պարզել, որ արտադրամասում առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը.

– արտադրական շինությունը ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, լվացարաններով.

– հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Մայիսի 13-ին Իջևանի Իրական դպրոցում հայտարարված է բաց դռների օր

Մայիսի 13-ին Իջևանի Իրական դպրոցում հայտարարված է բաց դռների օր: Դպրոցի թիմը իր հյուրերին կներկայցնի կրթական կառույցի գաղափարները, ընդունելության գործընթացը և այն ամենը ինչ կապված է դպրոցի հետ:

Եթե ցանկանում եք տեսել Իրական դպրոցի «իրական կողմերը» բաց մի թողեք այս հանդիպումը։

Մանրամասները դիտեք մեր հարցազրույցում




«Հավերժ Չեմպիոնը»․ Իջևանում կայացել է միջոցառում՝ նվիրված Պավել Աբազյանի հիշատակին

Մայիսի 30-ին Իջևանի մշակույթի պալատում տեղի ունեցավ  «Հավերժ Չեմպիոնը»  խորագրով միջոցառում՝ նվիրված Պավել Աբազյանին:

Պավելը հավերժի ճամփան է բռնել այս տարվա հունվարի 19-ին՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի պատճառով։ Մինչ ծառայության գնալը Պավել Աբազյանը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, զուգահեռաբար կարատեով էր զբաղվում՝ ավելի քան տաս տարի։

Նրա մարզիչը պատմում է, որ Պավելը մի շարք միջազգային մրցույթներերի հաղթող էր, նա ոչ միայն իր լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ 

Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու ուսուցիչները, հոգևորականներ, այդ թվում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ներկաները հուզմունքով ու կարոտով էին հիշում Պավել Աբազյանին, նշելով, որ հիշատակը վառ կմնա՝ քանի դեռ ապրում են հիշողությունները։




Իջևանում կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: 

Մայիսի 10-ից մեկնարկած փառատոնն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և գործընկերությամբ Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում: 

Փառատոնին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 11 հանրակրթական դպրոցներ. նպատակը համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր և կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը նպաստելը:

Համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջառման վերջում բոլոր դպրոցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով:




Խոսք ու զրույց. Տեր Աբել քահանա Քարտաշյան

Խոսք ու զրույց հաղորդման շրջանակում այս անգամ մեր տաղավարում հյուրընկալել ենք Իջեւանի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանին:

«Ինձ համար շատ գեղեցիկ մարդիկ են հայերը, տավուշցիները՝ առավելաբար: Կարեւոր ճշմարտություններից մեկն իմ կյանքում այն է, որ չապրեմ միայն ինձ համար, ապրեմ նաեւ դիմացիններիս համար». – ասում է տեր Հայրը:

Ձեզ ենք փոխանցում Տեր Աբելի լավատեսական տրամադրությունը:




Պարի միջազգային օրվան ընդառաջ միջոցառում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում

Պարի միջազգային օրվան ընդառաջ Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր։ «Ազգային երգ ու պար» առարկայի շրջանակում դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները՝ ուսուցչուհու հետ միասին, կազմակերպել էին բացօթյա միջոցառում՝ դպրոցի բակում ստեղծելով կոլորիտային, հայակական, ազգային միջավայր։

«Երկիրը ճանաչելու համար պետք է ճանաչել ժողովրդի պարը, որովհետև պարը ժողովրդի ոգին է, որ ապրում է պարային շարժումի, պարային մտածողության մեջ։ Պարը, անշուշտ, նաև լեզու է՝ ազգային ինքնության մեծագույն դրսևորումներից մեկը… Այո, ցեղը գերազանցապես ռիթմ է».Կոստան Զարյան