Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին

Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև զինվորականի հարազատները։ Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը:

Հուշամրցաշարին մասնակցեցին 35 աշակերտ՝ Իջևանի և Այգեհովիտի դպրոցներից։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։ Հուշանվեր է փոխանցվել նաև Սամվել Մատինյանի ընտանիքին:

Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել կապիտան Սամվել Մատինյանին։




Մեր բարբառն ու բարքերը․ Աչքս մընընմ ա, էկող դի լի

Մենք սպասում ենք հանելուկի պատասխանի ձեր տարբերակներին, իսկ դուք՝ վայելում «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ 

Եթե դուք ասում եք՝ «աչքս սառեց, մարդ ա գալու», ապա մենք ասում ենք՝ «աչքս մընըմ ա, աչքիս օքմի դի կյա»։

Էսօր հաստատ ծեր աչքն էլ ա մնացել, չէ՞․ էս ա, էկել ա՝ Տավուշ TV-ի եթերըմ ա։

Եվ այսպես, նոր թողարկման մեջ խոսելու ենք էթիկայի, տեղի-անտեղի զանգերի, դժգոհելու, «քթածակի», աշխատողների ու կողքից խոսողների, լեգենդար «թըմաշա»-ի, անդյարդ-անհոգների, բարկանալու տավուշյան ձևերի․․․ մի խոսքով՝ մեզ բնորոշ հայտնի ու անհայտ ֆենոմենների մասին։

Քյնացի՞նք․․․




Հրդեհ Իջևան քաղաքում

Փետրվարի 20-ին, ժամը 09։49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին, մարվել՝ 11:22-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և կուտակած անասնակեր (մոտ 1,5 տ)։




«Թուղթը թափոն չէ»․ բնապահպանական արշավ՝ Տավուշի գիտելիքի նորարական հաբի նախաձեռնությամբ

Տավուշի գիտելիքի նորարական հաբը մեկնարկել է բնապահպանական արշավ՝ ուղղված թղթի վերամշակմանը, որի շրջանակներում հանդիպումներ ու դասընթացներ են կազմակերպվել Իջևանի հանրակրթական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հադիպումների ընթացքում երիտասարդներին ներկայացվել է թղթի վերամշակման տեխնոլոգիան՝ նպատակ ունենալով տարածել թղթի վերամշակման մշակույթը և փորձել կրճատել թղթի թափոնների քանակությունը:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավի ընթացքում խոսվել է նաև թղթի վերամշակման կարևորության ու սպասվող արդյունքների մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում թղթի սպառումն աճել է 26%-ով և կրկնապատկվել է թղթի արտադրությունը, որը, բացի ծախսատար լինելուց, նաև լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում, – նշում են կազմակերպիչները: 

Ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին սկսվել է թղթի վերամշակման առաջին փուլը՝ շուրջ 50 երիտասարդների մասնակցությամբ:

«Թուղթը թափոն չէ» բնապահպանական արշավը կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում  ահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Հայասատանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն:




Թամզարա․ Ազգային-ժողովրդական երեկոն՝ Իջևանի Քաղաքական սրճարանում

Թամզարան հայկական պարատեսակ է, ավելի կոնկրետ՝ հարսանեկան պարերգ։ Իջևանում, սակայն, այս անգամ այն դուրս էր եկել պարի սահմաններից ու մի ամբողջ միջոցառում դարձել։

Մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ և Hatik ու Shushiki band – երի հետ համագործակցությամբ Իջևանի Քաղաքական սրճարանում երեկոն նվիրված էր ազգայինը պահպանելուն, գնահատելուն և պարզապես վայելելուն։

Ինչպես միշտ՝ «դեպքի վայրից» իր տեսանյութով մեզ հայկական տրամադրություն է բերել Հրանտ Ղազումյանը։




Տավուշի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ կար։

Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջինն է։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա (Թարմացված)

Մեզ հետ զրույցում ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տ. Պետրոսյանը հայտնեց, որ փրկարարական ջոկատների կազմում Տավուշի մարզային փրկարար վարչությունից 13 փրկարար փետրվարի 8-ից գտնվում է Սիրիայում՝ աղետի գոտում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով։

–  –  –  –  –  –  –  –  –

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 





Ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Սամվել Մելքումյանի ծննդյան 70-ամյակին

Իջևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ «Վերնատուն» պատկերասրահում փետրվարի 8-ին կայացավ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Սամվել Մելքումյանի ծննդյան 70-ամյակին։ Երկար դադարից հետո ցուցահանդեսը նաև կարևոր իրողություն էր համայնքի մշակութային կյանքում:

Գեղանկարիչ Սամվել Մելքումյանն ասում է, որ իր նկարներում ձգտել է պահպանել սեփական անհատականությունը. նկարների միջոցով նա փորձել է անդրադառնալ ամենատարբեր թեմաների:

Ցուցահանդեսին ներկայացվեցին արվեստագետի կյանքն ու գործունեությունը: Իջևանի համայնքապետի կողմից Սամվել Մելքումյանին հանձվեց պատվոգիր՝ Իջևան համայնքի մշակույթային կյանքում ունեցած զգալի ավանդի ու երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակմանը նպաստելու համար:




Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

Ովքե՞ր կարող են մասնակցել․

Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։

  • Մեկնարկը՝ փետրվարի 20
  • Տևողությունը՝ 88 ժամ
  • Մասնակցությունը՝ անվճար
  • Ձևաչափը՝ լսարանային

Անցկացման վայրը՝ ք․ Իջևան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Ուսանողական փողոց 3)

Դասընթացներին մասնակցելու համար մինչև փետրվարի 12-ը ներառյալ լրացրեք հետևյալ հայտաձևը՝ http://bitly.ws/zino

Շտապե՛ք: Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝ 060 52 66 60

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն (Armenia Workforce Development Activity) իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում:




Իջևանում կայացավ հանրային քննարկում՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շուրջ

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայանացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագրի շրջանակում փետրվարի 3-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Իջևանում կայացավ հանրային քննարկում՝ Տավուշի մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ֆինանսավորմամբ և Մեծ Բրիտանիայի Կառավարության աջակցությամբ: 

Հանրային քննարկման նպատակն էր ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների ազգային՝ 2022-2024 թթ․ ծրագրի մարզային տարբերակի մշակումը՝ համայնքներում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացումը խթանելու նպատակով։

Քննարկումից հետո մասնակիցների հետ խմբային աշխատանքի ֆորմատով վեր հանվեցին խնդիրներ, առաջարկվեցին լուծումներ՝ խաղաղության և անվտանգության կոնտեքստում։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում նաև եռօրյա վերապատրաստում էր նախաձեռնվել Իջևանի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակիցների համար։