«Ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման հիմնախնդիրները համայնքների խոշորացման համատեքստում» խորագրով կլոր-սեղան քննարկում Իջևանում

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Իջևան խոշորացված համայնքի ներհամայնքային հասարակական տրանստպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին համայնքի բնակիչների շրջանում իրականացրել է առցանց հարցում։ Նպատակն Իջևան համայնքում գործող ներհամայնքային տրանսպորտի ծառայությունների որակի ուսումնասիրությունն էր` բնակիչների հանրային կարծիքի բարձրաձայնումը: Առցանց հարցմանը մասնակցել է շուրջ 600 բնակիչ Իջևան քաղաքից ու բնակավայրերից: 

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «Ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման հիմնախնդիրները համայնքների խոշորացման համատեքստում» խորագրով կլոր-սեղան քննարկում: «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ի ղեկավար Արփինե Երիցյանը քննարկման սկզբում ներկայացրեց կատարված հարցման և ուսումնասիրությունների ամփոփ պատկերը: Նրա խոսքով՝ ներհամայնքային տրանսպորտը խոշորացված համայնքի առաջնահերթ մարտահրավերներից է:

Քննարկմանը մասնակցում էին խնդրի շահագրգիռ ու մտահոգ կողմերը` ուսանողներ, երիտասարդներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ներկա էր նաև Իջևանի փոխհամայնքապետը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներհամայնքային երթուղիների և ժամանակացույցերի հարմարությունն ու ճկունությունը, երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցերի հարմարավետությունը և սպասարկման որակի հարցերին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև ներհամայնքային տրանսպորտի սահմանված ժամային գրաֆիկների, սակագների, տրանսպորտային միջոցների ֆիզիկական վիճակի ու վարորդների սպասարկման որակի հետ կապված հարցեր: Հանրային պահանջի բարձրաձայնմանը զուգահեռ խոսվեց նաև ոլորտի կարգավորման մարտահրավերների և լուծման հնարավոր ուղիների մասին:




Տավուշի մարզում մեկնարկում է էկոլոգիական միջացքների ձևավորման ու կայուն զարգացման ծրագիրը

Էկոլոգիական միջացքների ձևավորման ու կայուն զարգացման ծրագիրը մեկնարկում է Տավուշի մարզում. նոյեմբերի 10-ին Իջևանում կայացավ «Ֆինանանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշի սոցիալ-տնտեսական զարգացման համար» թեմայով տարածաշրջանային աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան ծրագրերի գրասենյակի, Իջևանի ու Դիլիջանի համայնքապետարանների, Տավուշի մարզպետարանի, «Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարներ, մարզում գործող հասարկական կազմակերպություններ, դպրոցի տնօրեններ, ոլորտային փորձագետներ:

2022 թ.-ից Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան ծրագրերի գրասենյակը Հայաստանում  իրականացնում է Հարավային Կովկասում Էկոմիջանցքների ծրագրի 2-րդ փուլային նախագիծը: Նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում, այդ թվում` Տավուշի մարզում պահպանել էկոլոգիական միջանցքները բնական միջավայրի կայուն օգտագործման և համայնքների զարգացման միջոցով` նպաստելով պահպանվող տարածքների փոխկապակցմանն ու աջակցելով համայնքների էկոլոգիական կայունության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» գործիքը: Քննարկվեցին տարածաշրջանային աշխատանքային խմբի գործունեության ու նիստերի հրավիրման ճանապարհային քարտեզը ու ծրագրային մրցույթները գնահատող հանձնաժողովների անդամների ներգրավման հարցերը:

Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման գործընկերը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունն է: Ծրագիրը տրամադրում է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` էկոլոգիական միջացքներում համայնքահեն բնական ռեսուրսների կառավարման նպատակով` բարելավվելով համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը:




«Զբաղվածության ապահովում կարողությունների զարգացման միջոցով». Տավուշում մեկնարկել է ԳՏՏԿ-ի և HSBC բանկի համատեղ ծրագիրը

«Զբաղվածության ապահովում կարողությունների զարգացման միջոցով». մեկնարկել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի և HSBC բանկի համատեղ ծրագիրը, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը: 

Նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաև փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար: Մասնավորապես՝ 42 շահառու հնարավորություն է ստանում մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների «Համակարգչային տեխնիկա», «Վեբ ծրագրավորում», «Սոցիալական մեդիա մարքեթինգ» և «Գրաֆիկ դիզայն» թեմաներով: 

Նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Զբաղվածության ապահովում`կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի բացման միջոցառումը:

Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում գործող ընկերությունների և Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում HSBC բանկի աշխատակիցները նաև ֆինանսական և բանկային գրագիտության դասեր կվարեն մասնակիցների համար:

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը հիմնադրվել 2005 թվականին. կենտրոնի կրթական ծրագրերը հիմնաքարային են հանդիսացել Հայաստանում և Արցախում, որտեղ և սկսվել են տեխնոլոգիական զարգացումները: Իր գործունեության 17 տարիների ընթացքում կենտրոնը հայաստանյան տեխնոլոգիական շուկա է հանել շուրջ 5000 մասնագետների: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն այժմ գործում է Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով կրկնօրինակել հաջողված մոդելն ի շահ տարածաշրջանի:




Մեր բարբառն ու բարքերը․ Նգյարան թողարկում

3…2…1… Կամ՝ ինչպես մեզ մոտ հայտնի խաղում են ասում սկսելուց առաջ՝ «ի-նա-չի-լի»․ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն է մեր եթերում։ 

Իջևանյան լեգենդար հոգեվիճակներից է «նգյարան մեռնիլը»։ Ա՛յ, օրինակ՝ հրևանի աղջկա ծեռը էկել են ուզիլու ու պա՜հ՝ հրևաննին մի ոտն առաջ արդեն իրարով են հընցել՝ քիմ են, կյալի, որ մի պյան տենան՝ ովքեր են կյալի, որդի են կյալի ու ինչ են պիրըմ հետերնուն։ 

Չեք հավատա, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք ենք «նգյարան մեռնըմ» ցանկացած թողարկում հրապարակելուց հետո՝ տեսնենք՝ ի՞նչ կասեք, կհավանե՞ք։ Այնպես որ, գրե՛ք ձեր կարծիքները մեկնաբանություններում՝ իմանանք։ 

Ու դե, էլ չերկարացնենք․ մեր, ձեր՝ բոլորիս բարբառի, բարքերի, կենցաղավարության, լավ ու վատ «ղոլերի» մասին, ամենակարևորը՝ ժպիտով, Տավուշ TV-ի եթերից կրկին պատմում է Հրանտ Ղազումյանը։




Տավուշի մարզպետարանում կայացավ Լիլիթ Չիբուխչյանի երեք գրքերի շնորհանդեսը

«Գթության մայր» միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանի  գրած գրքերը կրկին Տավուշի մարզը միավորել էին մեկ հարկի տակ։ Լույս տեսած 3 նոր գրքերում ներկայաված են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների կյանքի պատմությունը, նրանց մարտական ուղին ու սխրագործությունները: Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցան Լիլիթ Չիբուխչյանի «Պահիր վերջին փամփուշը, որդիս», «Սիրո ուժը, երկինք, երկիր» և  «Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք» գրքերի շնորհանդեսները:

«Պահիր վերջին փամփուշը, որդիս» վերնագրով  գիրքը նվիրվում է բոլոր հերոսածին մայրերին: Այս միջոցով հեղինակն իր երախտագիտությունն ու խոնարհման խոսքն է հղում բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի համար դաստիարակեցին նվիրյալ զավակներ: 

«Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք»․ այս վերնագրով գիրքը պատմում է մեր անմահացած տղերքի՝ նրանց կյանքի ու հերոսությունների, երազանքների ու նպատակների մասին, իսկ «Սիրո ուժը, երկինք, երկիր» գիրքը հերոսների կանանց` այրիների մասին է:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի սաները, «M» պարային համույթը և ԵՊՀ ԻՄ ուսանողները:

Միջոցառման վերջում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողներին «Գթության մայր» Միջազգային միության կողմից հանձնվեցին գրքերից օրինակներ, պատվոգրեր ու մեդալներ: 




Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանման ճանապարհին․ տեղի ունեցավ «ԻննոԻջևան» նախագծի բութքեմփի բացումը

Նոյեմբերի 1-ին «Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» ծրագրով նախատեսված բութքեմփի պաշտոնական բացման արարողությունն էր։ Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Բացման խոսքերով  հանդես եկան ՀՀ-ում ԵՄ Համագործակցության բաժնի ղեկավար  Ֆրենկ Հեսը և ծրագիրը իրականացնող կառույցների ներկայացուցիչները: Ներկաներին ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում ստեղծված նախագծերը ու կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակներում Իջևանում այս սեպտեմբերին մեկնարկեց «Իրական դպրոց» կրթական ծրագիրը:

«Իրական դպրոցը» գործում է արդեն 2 ամիս: Այն աշակերտներին տալիս է մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով:

Բութքեմփի բացումից հետո տեղի ունեցավ Իջեւան համայնքում փորձարկվող համայնքային կառավարման մոդելի ներկայացումը, որը միտված է խթանելու տեղական տնտեսական զարգացմանը: Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները ներկայացվեցին Իջևան համայնքապետարանի աշխատակիցներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին:

Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները ներկայացվեց Իջևան համայնքապետարանի աշխատակիցներին,  բնակավայրերի վարչական ղեկավարներին:

«Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում ՝ պետություն – մասնավոր համագործակցության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագիծն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, CoWo ընկերության և Իջևանի համայնքապետարանի համատեղ ջանքերով։ Նախագծի նպատակն է Իջևանում խթանել տնտեսական զարգացումն ու նորարարությունը՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։




Իջևանում կայացավ արագ շախմատի մանկապատանեկան միջմարզային առաջնություն

Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Իջևան քաղաքում կայացավ «Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի գավաթ – 2022» խորագրով արագ շախմատի մանկապաատնեկան առաջնություն։

Առաջնությանը մասնակցում էին 80 դպրոցական Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներից, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներից և Գեղարքունիքի մարզից։

Մինչ առաջնության մեկնարկը շախմատի ակադեմիայի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց շախմատի առաջնության կանոնակարգը և դիտարժան ու հետաքրքիր խաղ մաղթեց։ Մրցաշարին մասնակցեցին մինչև 16 տարեկան պատանիներն ու աղջիկները։

Կազմակերպիչները նշում են, որ նման մրցաշարերին մասնակցությունը նաև փորձի ձեռքբերում է՝ հետագայում ավելի լայնամասշտաբ առաջնություններին լավագույնս ներկայանալու համար։

Մրցաշարի կայացմանն աջակցել են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցը և Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Ղալթախչյանը։

Մարզիչներն ուրախությամբ նշում են նաև, որ նմանատիպ առաջնությունները շարունակական են լինելու, քանի որ երեխաների հետաքրքրությունը շախմատի հանդեպ տարեցտարի ավելանում է։




Իջևան, Երազանք լեռ․ Բարև սարերից (վլոգ)

Աշնան կանչը՝ Իջևանի սարերից․ Երազանք լեռ

Տավուշ TV-ից Հրանտ Ղազումյանի հերթական վլոգը բնության ներդաշնակությանը խառնվելու, գեղեցիկը տեսնելու և ստեղծելու մասին է։




Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ թաքցնեմ»․ Համո Սահյան

Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համեմելով մի կաթիլ տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Ի՞նչ թաքցնեմ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Ձեր էկրաններին աշնանային Իջևանն ու սարերն են։ Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի։ 

 

Ի՞ՆՉ ԹԱՔՑՆԵՄ

Էլ բան չունեմ

Ես աշխարհից թաքցնելու:

Մինչև հիմա, որ չեմ հանգել

Էլ ինձ ո՞վ է հանգցնելու:

Վառվել եմ ես մանկուց ի վեր

Ծիծաղել եմ ու հառաչել,

Ծիծաղել եմ ու հառաչել

Ինձ գտնելու մի հարցումով.

Եվ վերջապես կամաց-կամաց

Սկսել եմ ինձ ճանաչել,

Թեկուզ՝ այսքան ուշացումով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե այլոց կարծիքներով,

Ոչ թե թևիս ու գլխիս տակ

Դրած փափուկ բարձիկներով,

Այլ՝ հոգսերի ծովն ամփոփող

Իմ ծով սրտի տարողությամբ…

Յոթ գլխանի տառապանքին

Դիմանալու կարողությամբ:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե ինչ-որ խաբված սիրով

Այլ հոգուս մեջ շառագունած

Երազներիս Կաթն Ծիրով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Այս համարձակ առավոտով,

Իմ վաստակի վարձով առատ,

Մաքուր պահած իմ հավատով,

Արյան գույնով իմ անարատ:

Սկսել եմ կամաց-կամաց

Ինձ ճանաչել ու հասկանալ,

Ինձնից անկախ պատճառներով

Գործած բոլոր մեղքերիս դեմ

Սկսել եմ կամաց-կամաց ըմբոստանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Դառնալ ներհուն,

Դառնալ խոհեմ:

Մի կաթիլ ջուր պահանջողին՝

Շատրվաններ չխոստանալ

Սկսել եմ իմ բախտի հետ

Ավելի սերտ մտերմանալ:

Սկսել եմ ավելի շատ ջերմացնել

Ու ջերմանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Բոլորի դեմ հոգիս բանալ,

Գարնանային այս ամպրոպով սրբագործել

Ու լվանալ:

Սկսել եմ երգով ,

Հոգով ու խոհելով

Հարստանալ:

Եվ վերջապես.

Սկսել եմ ես հասկանալ,

Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,

Մինչև հիմա

Որ չեմ հանգել,

Էլ ինձ ով է հանգցնելու:




ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

Հոկտեմբերի 19-ը ՀՀ Ազգային հերոս  գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Երեկ՝ նրանց անմահանալու տարելիցի օրը, ընտանիքի անդամները, բարձրաստիճան սպաներ, մարզային ու տեղական իշխանությունները, հոգևորականներ ու ծառայակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհված հրամանատարների շիրիմներին։

Արցախյան 44-օրյա պատերազմում Իջևանի զորամասից անմահացել են 57 հերոս տղաներ։

Հավերժ փառք ու խոնարհում նրանց․․․