Իջևանում նշվեց Խաչվերացի տոնը

Խաչվերացի տոնն Իջևանում նշվեց խաչերթով՝ համայնքի հոգևոր հովիվներ Տեր Սիմեոնի և Տեր Աբելի առաջնորդությամբ։

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Խաչվերացի տոնը նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։




Հրդեհ Իջևանի բենզալցակայաններից մեկում․ Կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 55/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահակակետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ. Դ.-ն (ծնված 1962 թ.), Հ. Գ.-ն (ծնված 1959 թ.), Մ. Գ.-ն (ծնված 1980 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:45-ին: Այրվել է պահակակետը՝ գույքով (մոտ 50 քմ):




Մեր բարբառն ու բարքերը․ Քիմ ենք դպրոց․ սեպտեմբերմեկյան թողարկում

Քանի՞ տարի առաջ էր քո առաջին սեպտեմբերի մեկը։ Իսկ դպրոցական տարիները հիշո՞ւմ եք։

Ամեն անգամ Գիտելիքի տոնը, սև-սպիտակ համազգեստով երեխաները և ուսումնական եռուզեռը յուրաքանչյուրիս հիշեցնում են հենց մեր դպրոցական տարիները։ Դե, մենք էլ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում նստել ու հիշել ենք։ Այնպես որ, վերցրե՛ք տ̵ե̵տ̵ր̵ ̵ո̵ւ̵ ̵գ̵ր̵ի̵չ̵ը̵ դպրոցական հիշողություններն ու․․․քյնացի՜նք։




Նախադպրոցական եռուզեռը Տավուշում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պատրաստությունները դեռ վաղուց են մեկնարկել, և նախասեպտեմբերյան թոհուբոհին մասնակցել է նաև Տավուշ TV-ի նկարահանող խումբը։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ տավուշցիների տրամադրվածության, հավանական և անհավանական ծախսերի, առևտրային ցուցակների մասին, և ոչ միայն՝ մեզ հետ կիսվել են մեծ ու փոքր տավուշցիները։




Տավուշոտ պոեզիա․ «Ինքնահեռացում»․ Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյան․ «Ինքնահեռացում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Իջևան քաղաքն է։

ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ …

 




Մեր բարբառն ու բարքերը․ Կակող, իսկը ծեր ատամի թողարկում

Էն որ մի պյան շատ ես ուզըմ, շա՜տ-շատ ես ուզըմ, սրտով ուզըմ ես, ոտերդ թիլանըմ ա, տյա մեր բարբառըմ ասըմ են «նըղըվըհարիկը կյալ»։ Իսկ տյուք ինչ-որ մընի հըմար նըղըվըհարիկն ե՞ք կյալի։

Մեր եթերում կրկին Հրանտ Ղազումյանն է, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար բերել ենք իջևանյան համով զրույցների հերթական չափաբաժինը։ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն իսկը ձեր քիմքին ու ատամին հարմար է․ դիտե՛ք՝ կհամոզվեք։

Հրանտի պատմածներից․ «Մյացա-տեհա մի ղլմըղալ, քյացի-տեհա՝ մի բյանդալար․ Տրոմբիկ տոտի հըրեվան Լոդրիկի տղա Պարապիկը կեղտը վեր ա ունըմ, տանըմ քցըմ կետը, էդ քիչ չի՝ քիմ ա ֆեյսբուքըմ բնապահպանա՜կան, հայրենասիրա՜կան թեմաներով պյան-մյան ա գրըմ։ Տրոմբիկ տոտեն էդ ամեն ինչը տենըմ ա, ասըմ ա՝ «ի սրյա թյուգունքը ռեշնի, սյա չէ՞ր, որ տարավ, կեղտը լյքցրուց կետը»։ Քիմ ա պրիշակ անըմ, վեճարթ անըմ, Պարապիկի լենքն ու էրգյանքը մին ա անըմ։ Ասածս ինչ ա՝ եթե չեք ուզըմ, որ Տրոմբիկ տոտեն ծեր ջանի հըմար էլ հասնի, կյա ծեզ ընդըզըհան անի՝ կեղտը կետը մի՛ լքցրեք»։




Տավուշոտ պոեզիա․ «Ասում են՝ կարոտը․․․»

Կանաչ Իջևանը և կարոտի մասին տողերը՝ մեկ ամբողջություն։ «Ասում են՝ կարոտը»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՍՈՒՄ ԵՆ

Ասում են՝ կարոտը խոսել չգիտի,
Բայց իմ կարոտը արտասվել գիտի,
Ասում են՝ կարոտը լսել չգիտի,
Բայց իմ կարոտը արարել գիտի,
Ասում են՝ կարոտը զգալ չգիտի,
Բայց իմ կարոտը համբերել գիտի,
Ասում են՝ կարոտը տեսնել չգիտի,
Բայց իմ կարոտը երազել գիտի,
Նա ապրել գիտի, նվիրվել գիտի,
Խավարի միջից խենթ բոցավառվել ու մարել գիտի…
Ասում են՝ կարոտը ատել չգիտի,
Բայց իմ կարոտը հանդուրժել գիտի,
Նա ներել գիտի, ու սիրել գիտի,
Ամեն նոտայից, ամեն հնչյունից,
Իր լեզվով գոչել, հառաչել գիտի,
Ամեն մի բառը ու ամեն տառը,
Նա համառորեն վերլուծել գիտի…
Ասե՛ք՝ կարոտը ոչինչ չգիտի՞,
Բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը տանջվել գիտի…




Տավուշոտ պոեզիա․ «Օրը մթնեց»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Օրը մթնեց»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Իջևանն է։

ՕՐԸ ՄԹՆԵՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:




Անկեղծ զրույց իջևանցի փոքրիկների հետ

Փոքրիկ Աննայի և Ռուզաննայի մանկական զրույցները սալորի, խաղաղության և Իջևանից ներս ու դուրս աշխարհի մասին։ Զրուցում է Տավուշ TV-ից Ասպրամ Սարատիկյանը։

«Ես անընդհատ ասում էի՝ խաղաղություն լինի, պատերազմը կորչի երկրի երեսից․․․էդպես անընդհատ մտքումս ասում էի»։




Բաց դաս-հանդիպում․ 2022-2023 ուս.տարվան ընդառաջ Իջևանում մեկնարկում է Իրական դպրոցը

2022-2023 ուս.տարվան ընդառաջ Տավուշի մարզում առաջին անգամ մեկնարկում է «Իրական դպրոց» նախագիծը:

Դպրոցի գործունեության սկիզբը տրվում է մարզկենտրոն Իջևանից. oգոստոսի 12-ին կայացավ բաց դաս-հանդիպում, որի ընթացքում բոլոր հետաքրքրված անձինք հնարավորություն ստացան մանրամասն ծանոթանալու Իրական դպրոցի կառուցվածքին, նպատակին, գաղափարներին և իրականացված ու իրականացվելիք նախագծերին:

Բացի դպրոցի գործունեությանը մասնակիցներին ծանոթացնելը, Իրական դպրոցը ամռան ամիսների ընթացքում Իջևանում հանդես էր եկել կրթամշակութային մի քանի նախաձեռնություններով:

«Իրական դպրոց» նախագիծը իրականացվում է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է, որը, համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և COWO համայնքային աշխատամիջավայրի հետ, նպատակ ունի ծավալել պետություն-մասնավոր գործընկերության երկխոսություն՝ ուղղված զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության զարգացման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը։

Ծրագիրն առաջարկում է առաջադեմ կրթական հնարավորություններ՝ Իրական դպրոցի գործարկման և մասնագիտական դասընթացների մեկնարկի միջոցով՝ հիմնված նախագծային կրթության մոդելի վրա:
Իրական դպրոցի սաներն ունեն մասնագիտական վերապատրաստում ստանալու հնարավորություն` վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով: