«Արհմիությունների ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվողականության» մոնիթորինգի զեկույցի քննարկում

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն դեռևս 2022 թ․ տարեսկզբին «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Իրազեկ մանկավարժ, հաշվետու արհմիություններ» ծրագիրը։

Սեպտեմբերի 13-ին կայացավ ծրագրի շրջանակներում ստեղծված Տավուշի մարզի հանրակրթության ոլորտում գործող «Արհմիությունների ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվողականության» մոնիթորինգի արդյունքները ներկայացնող զեկույցի հանրային քննարկումը։

Մոնիթորինգի նպատակը Տավուշ իմարզում հանրակրթական ոլորտում գործող արհմիությունների ֆինանսական թափանցիկության բարձրացումն է՝ արհմիությունների գործունեության վերաբերյալ մանկավարժների իրազեկվածության ու ֆինանսական հաշվետվողականությունն ապահովող մեխանիզմների արդյունավետության գնահատման միջոցով։ Հետազոտությունն անց է կացվել Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների 6 գյուղական և 3 քաղաքային դպրոցներում։

«Իրազեկ մանկավարժ, հաշվետու արհմիություններ» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում: Զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով։




Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն․ Տավուշի ձայները Մարզահամերգային համալիրում

Դեռևս մեկ ամիս առաջ՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի տարեվերջյան ամփոփիչ համերգին, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ Queen խմբի երգացանկից ընտրանու կատարումը կարող է ճակատարգրական լինել․ հենց այս կատարումն էր, որի շնորհիվ փոքրիկ տավուշեցիները հասան Մարզահամերգայինի մեծ բեմ։

Սեպտեմբերի 7-ին՝ Starmus VI փառատոնի շրջանակներում կայացած Another World համերգի ընթացքում արդեն մանկապատանեկան երգչախումբը «ցնցեց» համալիրն ու գրավեց հանդիսատեսի սրտերը։ Բեմից նրանց ներկայացրեց Queen-ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը։

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը հիմնադրվել է դեռ 2016 թվականին՝ թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։ Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է՝ հոգևոր և հայրենասիրական երաժշտությունից մինչև ժամնակակից էստրադա և ռոք։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն այժմ Մարիա Գալստյանն է․ յուրաքանչյուր պարապմունքի և փորձի համար նա մայրաքաղաք Երևանից է հասնում Տավուշի թեմի առաջնորդարան, ինչպես ինքն է ասում՝ «ժամադրելու երեխաներին գեղեցիկի հետ»։

Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն երգչախմբի անցած ճանապարհի և մանուկների զգացումների մասին պատմել ենք տեսանյութով՝ ստորև։

Նաև՝ ահա թե ինչ էր ասում Բրայան Մեյը երգչախմբի ելույթի մասին․

Իսկ այս տեսանյութում էլ վավերագրել ենք երգչախմբի՝ Իջևան վերադառնալուց հետո առաջին պահերը․




Իջևանում նշվեց Խաչվերացի տոնը

Խաչվերացի տոնն Իջևանում նշվեց խաչերթով՝ համայնքի հոգևոր հովիվներ Տեր Սիմեոնի և Տեր Աբելի առաջնորդությամբ։

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Խաչվերացի տոնը նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։




Հրդեհ Իջևանի բենզալցակայաններից մեկում․ Կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 55/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահակակետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ. Դ.-ն (ծնված 1962 թ.), Հ. Գ.-ն (ծնված 1959 թ.), Մ. Գ.-ն (ծնված 1980 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:45-ին: Այրվել է պահակակետը՝ գույքով (մոտ 50 քմ):




Մեր բարբառն ու բարքերը․ Քիմ ենք դպրոց․ սեպտեմբերմեկյան թողարկում

Քանի՞ տարի առաջ էր քո առաջին սեպտեմբերի մեկը։ Իսկ դպրոցական տարիները հիշո՞ւմ եք։

Ամեն անգամ Գիտելիքի տոնը, սև-սպիտակ համազգեստով երեխաները և ուսումնական եռուզեռը յուրաքանչյուրիս հիշեցնում են հենց մեր դպրոցական տարիները։ Դե, մենք էլ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում նստել ու հիշել ենք։ Այնպես որ, վերցրե՛ք տ̵ե̵տ̵ր̵ ̵ո̵ւ̵ ̵գ̵ր̵ի̵չ̵ը̵ դպրոցական հիշողություններն ու․․․քյնացի՜նք։




Նախադպրոցական եռուզեռը Տավուշում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պատրաստությունները դեռ վաղուց են մեկնարկել, և նախասեպտեմբերյան թոհուբոհին մասնակցել է նաև Տավուշ TV-ի նկարահանող խումբը։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ տավուշցիների տրամադրվածության, հավանական և անհավանական ծախսերի, առևտրային ցուցակների մասին, և ոչ միայն՝ մեզ հետ կիսվել են մեծ ու փոքր տավուշցիները։




Տավուշոտ պոեզիա․ «Ինքնահեռացում»․ Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյան․ «Ինքնահեռացում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Իջևան քաղաքն է։

ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ …

 




Մեր բարբառն ու բարքերը․ Կակող, իսկը ծեր ատամի թողարկում

Էն որ մի պյան շատ ես ուզըմ, շա՜տ-շատ ես ուզըմ, սրտով ուզըմ ես, ոտերդ թիլանըմ ա, տյա մեր բարբառըմ ասըմ են «նըղըվըհարիկը կյալ»։ Իսկ տյուք ինչ-որ մընի հըմար նըղըվըհարիկն ե՞ք կյալի։

Մեր եթերում կրկին Հրանտ Ղազումյանն է, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար բերել ենք իջևանյան համով զրույցների հերթական չափաբաժինը։ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն իսկը ձեր քիմքին ու ատամին հարմար է․ դիտե՛ք՝ կհամոզվեք։

Հրանտի պատմածներից․ «Մյացա-տեհա մի ղլմըղալ, քյացի-տեհա՝ մի բյանդալար․ Տրոմբիկ տոտի հըրեվան Լոդրիկի տղա Պարապիկը կեղտը վեր ա ունըմ, տանըմ քցըմ կետը, էդ քիչ չի՝ քիմ ա ֆեյսբուքըմ բնապահպանա՜կան, հայրենասիրա՜կան թեմաներով պյան-մյան ա գրըմ։ Տրոմբիկ տոտեն էդ ամեն ինչը տենըմ ա, ասըմ ա՝ «ի սրյա թյուգունքը ռեշնի, սյա չէ՞ր, որ տարավ, կեղտը լյքցրուց կետը»։ Քիմ ա պրիշակ անըմ, վեճարթ անըմ, Պարապիկի լենքն ու էրգյանքը մին ա անըմ։ Ասածս ինչ ա՝ եթե չեք ուզըմ, որ Տրոմբիկ տոտեն ծեր ջանի հըմար էլ հասնի, կյա ծեզ ընդըզըհան անի՝ կեղտը կետը մի՛ լքցրեք»։




Տավուշոտ պոեզիա․ «Ասում են՝ կարոտը․․․»

Կանաչ Իջևանը և կարոտի մասին տողերը՝ մեկ ամբողջություն։ «Ասում են՝ կարոտը»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՍՈՒՄ ԵՆ

Ասում են՝ կարոտը խոսել չգիտի,
Բայց իմ կարոտը արտասվել գիտի,
Ասում են՝ կարոտը լսել չգիտի,
Բայց իմ կարոտը արարել գիտի,
Ասում են՝ կարոտը զգալ չգիտի,
Բայց իմ կարոտը համբերել գիտի,
Ասում են՝ կարոտը տեսնել չգիտի,
Բայց իմ կարոտը երազել գիտի,
Նա ապրել գիտի, նվիրվել գիտի,
Խավարի միջից խենթ բոցավառվել ու մարել գիտի…
Ասում են՝ կարոտը ատել չգիտի,
Բայց իմ կարոտը հանդուրժել գիտի,
Նա ներել գիտի, ու սիրել գիտի,
Ամեն նոտայից, ամեն հնչյունից,
Իր լեզվով գոչել, հառաչել գիտի,
Ամեն մի բառը ու ամեն տառը,
Նա համառորեն վերլուծել գիտի…
Ասե՛ք՝ կարոտը ոչինչ չգիտի՞,
Բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը տանջվել գիտի…




Տավուշոտ պոեզիա․ «Օրը մթնեց»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Օրը մթնեց»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Իջևանն է։

ՕՐԸ ՄԹՆԵՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի: