ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բարի երթ մաղթեց 232 շրջանավարտների․ դիպլոմների հանձնման արարողություն

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ շրջանանավարտների ամենասպասված՝ դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։ Հուլիսի 16-ին տեղի ունեցավ մասնաճյուղի 2021-2022 ուս. տարվա ավարտական միջոցառումը՝ 232 շրջանավարտներ ստացան իրենց դիպլոմները։

Միջոցառմանն ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտորը և Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ը` իրենց խոսքում կարևորելով մասնաճյուղի դերն ինչպես Տավուշում, այնպես էլ մայր բուհի կառուցվածքում։

ԵՊՀ ռեկտորը և մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնեցին գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների կարմիր դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը այս տարի ավարտում է 232 համալսարանական, առկա ուսուցման 79, հեռակա ուսուցման 153 շրջանավարտ։

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով, փոխադարձ շնորհավորանքներով և տոնական երաժշտությամբ։




Մեկ տարի և բազում ձեռքբերումներ. հուլիսի 13-ին Տավուշի Գիտելիքի նորարական հաբը տոնեց գործունեության միամյակը

Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը մեկ տարեկան է. հուլիսի 13-ին հաբի գործընկերները, կամավորները, շահառուները միասին տոնեցին գործունեության միամյակը։

Միջոցառման սկզբում ներկայացվեց նորարարական հաբի գործունեությունն ու արձանագրած հաջողությունները, հաբի կամավորները և շահառուները կիսվեցին իրենց ձեռքբերումներով:

Միջոցառման երկրորդ հատվածը կապված էր Գիտելիքի նորարարական հաբի հետագա գործունեության հետ: Ներկաներն իրենց առաջարկներով ու դիտարկումներով կիսվեցին` կապված հաբի հետագա գործունեության հետ, մաղթելով նորանոր հաջողություններ:

Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը ստեղծվել է 2021 թվականին` «Կանաչ արահետ» ՀԿ-ի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության արդյունքում. այն կրթական-զարգացնող բնույթի հարթակ է, որի գոյությունը միտված է խթանելու երիտասարդների հմտությունների զարգացումը և զբաղվածությունը: ՀԱԲ-ն ունի ֆիլմասերների, կամավորների և ակտիվ երիտասարդների ակումբ:

Գիտելիքի նորարարական հաբը ֆինանսավորվել և իրականություն է դարձել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։




«Իրական դպրոց»․ առաջին բուժօգնության և մարտավարության վարժանքներ Իջևանի Շատրվանների հրապարակում

Հուլիսի 15-ին Իջևանի Շատրվանների հրապարակում Երևանի «Իրական դպրոց»-ից ժամանած ուսանողները «Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում անցկացրին առաջին բուժօգնության և մարտավարության վարժանքներ։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«Իրական դպրոց»-ի դասընթացավար Վահե Խաչատրյանը պատմում է․ «Եվրոմիության դրամաշնորհի շրջանակներում Իջևանում իրականացվում է«ԻննոԻջևան» նախագիծը՝ ստեղծվում է նորարական կենտրոն, որի ներսում գործելու է նաև «Իրական դպրոց» կիթական հաստատությունը։ Անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, այսօր իրականացնում ենք առաջին բուժօգնության և մարտավարության դասընթացներ, որոնք «Իրական դպրոց»-ի դասապրոցեսների մասն են»։

«ԻննոԻջևան» նախագծի գլխավոր նպատակը Իջևանում և շրջակա համայնքներում տնտեսական զբաղվածության աճը և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատումն է: Ծրագրի գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է, որը, համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO համայնքային աշխատամիջավայրի հետ նպատակ ունի ստեղծել հարթակ պետություն-մասնավոր գործընկերության և բաց երկխոսության համար՝ ուղղված Իջևանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը:

Նախագիծը նպատակ ունի նաև խթանել նորարարական ձեռներեցությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռներեցության զարգացման և Իջևան քաղաքում ու շրջակայքում բարձրացնել զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ների մրցունակությունը:

Հիշեցնենք, որ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը գալիք ուսումնական տարվա սկզբին իր գործունեությունը կսկսի նաև Իջևան քաղաքում, այն առաջարկում է մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով:

««Իրական դպրոց»-ն արդեն 2022 թ․ սեպտեմբերից Իջևանում մասնաճյուղ է բացելու, ընդունվելու համար երեխան պետք է 9-րդ դասարանն ավարտած լինի։ Իջևանի մասնաճյուղում ունենալու ենք 4 աշխատանոց՝ ԱԹՍ-ի, ճարտարագիտության, ռոբոտաշինության, համակարգչային և կենսաքիմիայի։ «Իրական դպրոց»-ը բաղկացուցիչ մասեր ունի, որոնցից մեկը ազգային պարն է, և որի միջոցառումը մեկ շաբաթ առաջ արեցինք Իջևանի կենտրոնում։ Հիմա անում ենք առաջին բուժօգնության և ռազմավարության բաց դաս։ Հաջորդը կլինի «Իրական դպրոց»-ի աշակերտների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը»․ նշում է «Իրական դպրոց»-ի Իջևանի մասնաճյուղի աշխատակից Էլինա Ռոմանովան։




Տավուշոտ պոեզիա․ «Քո շրթունքները Հայաստանոտ են»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Քո շրթունքները Հայաստանոտ են»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում անձրևում է մարզկենտրոն Իջևանը։

Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են:
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են:
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները:
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են…
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են:




Դաստիարակելով քաղաքացի․ Երեխայի իրավունքները Տավուշի մարզում

Թեմայի այս ներկայացմանը կհաջորդի Տավուշ TV-ի տաղավարում կլոր-սեղան քննարկումը։

33 տարի առաջ՝ 1989 թ-ին, ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավուքնների մասին կոնվենցան, երկրների ղեկավարները պատմական խոստում տվեցին աշխարհի բոլոր երեխաներին: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք կոնվենցիայի այն հոդվածները, որոնք հաճախ անտեսվում են, ինչպես նաև խոսելու ենք երեխայի իրավունքների պաշտպանության և պահպանման, հասարակության մեջ նրանց հավասար հնարավորություններ ունենալու մասին։




Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Տավուշ TV-ի փռից հատուկ ձեզ համար կարմրած, տաք-տաք, կեծացած նոր թողարկում ենք բերել:

Այս թողարկման մեջ Հրանտի հետ գնալու ենք Նորաշեն՝ «Զովակ» գաստրոբակում մի հրաշալի մարդու հետ զրուցելու։ Ինչպես միշտ՝ նաև շարունակելու ենք բացահայտել իջևանյան լեգենդար արտահայտություններն ու սովորությունները։

Իջևանյան հիվանդատեսի նրբությունները, պատմություններ տան տատի մասին, ևս մեկ իջևանյան սնահավատություն, րեխու հըմար գրված «լյավ պյան»-ի և այլ թեմաների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի՝ «աղն ու լանին տեղը» հերթական թողարկման մեջ։




Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ Համո Սահյան

Ձյունոտ Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «Ի՞նչ անեմ, մայրիկ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Կադրերը M4 միջպետական մայրուղու Դիլիջան-Իջևան հատվածից են։

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ի՞նչ անեմ, մայրիկ:




Տավուշոտ պոեզիա․ «Մանչս»․ Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանի հեղինակային «Մանչս» երգը՝ Հրանտ Ղազումյանի մեկնաբանությամբ։ Տեսանյութի կադրերում Իջևանն է՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

ՄԱՆՉՍ

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Տանի մեր ծով սարերին, կարոտ հոգիս զովանա,
Մոռցած քարին ճեղք է բացվել, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Մըր տուն թողել ենք անտեր:

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցնէ – Ապո, քամին ուր կերթա
Մոռցած քարին, ըսեմ մանչիս, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ, հոն է տունը մեր:

Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ, քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս, կարոտ հոգիս զովանա,
Ծով սարերի փայլը տեսնիմ մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի մեզի գրկե, տանի տուն:




Եկեք սիրենք ու սովորենք երաժշտության մեր արվեստը․ Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի հաշվետու միջոցառումը

Հունիսի 7-ին տեղի ունեցավ Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա հաշվետու համերգ-միջոցառումը։

Միջոցառման ընթացքում հնչեց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգ ու երաժշտություն՝ աշակերտների և ուսուցիչների կատարմամբ։

Երաժշտական մանրամասները ներկայացնում է մեր Տավուշյան Ռեպորտաժ-ը։




Տավուշեցի արձակագիր Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպը՝ արդեն ընթերցողի սեղանին

Մայիսի 30-ին Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ ծննդով այգեպարցի արձակագիր Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսի միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդը, ժամանակակից բանաստեղծներ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ։

Միջոցառման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի ընթերցմամբ հնչեցին հատվածներ վեպից։ Շնորհավորանքի խոսքեր հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ասպրամ» վեպը Տավուշում ապրող կնոջ պատմություն է․ սա է այն գլխավոր պատճառը, որ որպես շնորհանդեսի կայացման վայր ընտրվել է Տավուշը։ Հեղինակի խոսքով՝ վեպի ոգեշնչման աղբյուրն իր հայրենի Տավուշում գտնվող Ցլիկ Ամրամի բերդն է, Ասպրամի կերպարն ու նրա ունեցած ապրումները։ Ասպրամը` հայոց պատմության՝ 10-րդ դարից հայտնի կերպարը, կնոջ ներքին դրամատիկ շղթաների անցումների մի ամբողջ համակարգ է ենթադրում։

2006թ․ -ից բնակություն հաստատելով Ռուսաստանում, ապրելով միայնության զգացումով՝ Գայանեն իրեն նույնացրել է հենց Ասպրամի հետ։ «Ասպրամ» վեպը տպագրվել է «Արմավ» հրատարակչությունում։