Իջևանում միանգամից մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ են մեկնարկում

ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և ԱՏՁՄ-ի, CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի գործընկերությամբ շուտով Իջևանում մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ կյանքի կկոչվեն։

Հունիսից սեպտեմբեր ամիսներին «ԻնոԻջևան» ծրագրի շրջանակներում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ CoWo համայնքային աշխատավայրի հիմնադիր Արփի Կարապետյանի խոսքով՝ «CoWo-ն ստեղծում է համագործակցությունների հարթակ, այսինքն՝ մարդիկ, ովքեր միանման են մտածում, ընդհանուր շատ բաներ ունեն, բայց իրար չեն ճանաչում, CoWo-ի մասնակցությամբ սկսում են ընկերանալ, ավելի մեծ պլաններ գծել, առաջ շարժվելու տարբեր հեռանկարներ դիտարկել»։

Իջևանի CoWo կենտրոնում, ըստ նրա, ստեղծվելու է աշխատամիջավայր, որտեղ առաջնայինը կրթությունն է լինելու՝ ձեռներեցությունից մինչև IT-ում տարբեր մասնագիտացումների ոլորտում։ «Ունենալու ենք վեցամսյա կրթություն, որտեղ ուսուցանվելու են ձեռներեցությունից սկսած մինչև IT-ում ամենաթեթև մասնագիտացումները, որի արդյունքում մենք լավագույնս հաջողածներին ապահովելու ենք աշխատանքով»։
Մոտակա ամիսներին ընդունելություն է կատարելու Իրական դպրոցը, քանի որ սեպտեմբերից կենտորնում կմեկնարկեն դպրոցի՝ իջևանյան առաջին կուրսի դասընթացները, որոնց կարող են մասնակցել 9-րդ դասարանն ավարտած բոլոր աշակերտները։

«Իրական դպրոցը տեխնոլոգիական ուսումնարան է, որը 4 տարվա կրթություն է տալիս։ Գործում է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այս տարի էլ առաջին անգամ պիտի բացվի Իջևանում։․․․Առաջին կուրսեցիները հիմնականում սովորում են դպրոցական ծրագրով՝ 10-12-րդ դասարանների, հետագա տարիների ընթացքում արդեն անցնում են գործնական աշխատանքի և ավարտում են փաստացի 2-3 տարվա աշխատանքային փորձով այն ոլորտում, որն ընտրել են։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտություններն են՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, նաև կառավարում՝ կառավարման համակարգեր, ժամանակակից փաստաթղթաշրջանառային էլեկտրոնային համակարգեր և այլն»,- դպրոցի մասին պատմում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Վահագն Պողոսյանը։

Այսպիսով՝ «Իրական դպրոց»-ն աշխատաշուկա մտնելու արդյունավետ ճանապարհ է առաջարկում իր սաներին՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող (ըստ ընտրած ուղղության)։ Դպրոցում կրթությունն իրականացվում է նախագծային մեթոդով։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է, որ ԵՄ Համայնքային զարգացման ծրագիրը հրաշալի հարթակ և առիթ է համադրելու կազմակերպության գաղափարները և մոտեցումները․ «կարծում եմ՝ արդյունքում հրաշալի ծրագիր է ստացվել, որը ոչ միայն հնարավորություն կտա, որպեսզի մենք կոնկրետ Տավուշի մարզում և կոնկրետ Իջևան համայնքում ստեղծենք տեխնոլոգիական ներուժ և տեխնոլոգիական կրթության և զարգացման համար հնարավորություն տանք տեղի բիզնեսներին, տեղի երիտասարդներին, նաև՝ այլ ոլորտներին, այլև սրա արդյունքում մենք կստեղծենք մի շատ կարևոր մոդել, որը հեշտությամբ կարող է կիրառելի և ընդունելի լինել նաև այլ քաղաքներում և տարածաշրջաններում»։

Ծրագրի նախաձեռնողները փետրվարի 27-ին Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում հրավիրում են 15-24 տարեկան երիտասարդներին՝ նախագծին ծանոթանալու և հարցերի մանրամասն պատասխանները ստանալու։
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի հիմնական գործընկերն է ԱՏՁՄ-ն՝ CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։




Հանրային քննարկում Իջևանում․ 2017-2021թթ. համայնքային հնգամյա զարգացման ծրագրի կատարողականի մոնտորինգի զեկույց

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն 2021 թվականին իրականացրել է Իջևան քաղաքի 2017-2021 թթ․ հնգամյա զարգացման ծրագրի կատարողականի մոնիթորինգ, որն ուղղված է եղել հնգամյա ժամանակահատվածում համայնքային զարգացման ծրագրերի ուղղությամբ ՏԻՄ կողմից տարված աշխատանքների ծավալի ու որակի ուսումնասիրմանը, ծրագրերի կառավարման բոլոր փուլերում համայնքի բնակիչների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցության մակարդակի գնահատմանը։

Ավելի քան 6 տարի գործելով տեղական ինքնակառավարմանն առնչվող խնդիրների հետ՝ կազմակերպությունն արձանագրել է, որ համայնքներում հնգամյա զարգացման ծրագրի պլանավորման և իրականացման պրակտիկան կրում է ձևական բնույթ, իսկ հանրային մասնակցության մեխանիզմների թերի գործարկման հետևանքով բնակիչները դուրս են մնում զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներից․ դա են վկայում նաև 2021 թ․ հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպության կողմից Իջևանի բնակիչների շրջանում անցկացրած առցանց հարցման արդյունքները, ըստ որի՝ հարցվողների ¼ մասը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չէ հնգամյա զարգացման ծրագրի մասին, 30 %-ը ասել է, որ որոշ չափով է տեղյակ, 40 %-ը դժվարացել է պատասխանել կամ նշել է, թե չգիտի, և միայն 5 %-ն է նշել, որ տեղյակ է։ Ստացված պատկերը մի կողմից բնակիչների՝ տեղական ինքնակառավարման հանդեպ ցուցաբերած անտարբերության, մյուս կողմից էլ մասնակցային կառավարման մեխանիզմների բացակայության հետևանք է։

Ինչ վերաբերվում է Իջևանի 2017-2021 թթ․ զարգացման ծրագրին, ապա համայնքային իշխանությունների կողմից համայնքի ներքին կարիքների գնահատում է իրականացվել․ սահմանվել են համայնքի պարտադիր իրագործելի խնդիրները և դրանց հիման վրա մշակվել են զարգացման 7 ծրագրեր՝ համայնքային բյուջեի հնգամյա պլանավորմամբ։

Կազմակերպությունը պարզել է, որ ծրագրի մշակման աշխատանքներին չեն նախորդել հանրային բաց լսումներ կամ քննարկումներ, որոնց կազմակերպումն անհրաժեշտ է համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու, համայնքի բյուջեի պլանավորման գործընթացներում նրանց բարձրաձայնած առաջարկությունները կամ դիտարկումները գրանցելու համար։ Բացի այդ՝ չի ձևավորվել համայնքապետին կից գործող խորհրդակցական մարմին, որն իր մեջ կներառեր համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների, ավագանու անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շագրգիռ անձանց՝ ինչպես նախատեսում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։

Համայնքապետարանի պարզաբանմամբ՝ Իջևանի 2017-2021 թթ․ հնգամյա զարգացման ծրագիրը մշակվել է համայնքապետարանի շրջանակներում․ համայնքի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները և համապատասխան մասնագետները համայնքապետին են ներկայացրել իրենց գործունեության բնագավառին առնչվող խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքների առաջարկությունների փաթեթը, որը հետագայում հաստատվել է ավագանու կողմից՝ առանց որևիցե փոփոխության։

Կազմակերպությունը փորձել է գնահատել նաև մշակված համայնքային 7 ծրագրերի կատարողականի որակը և դրանց իրականացման ծավալները նախորդ 5 տարիների ընթացքում։

Հնգամյա ծրագրով նախատեսվել է հիմնանորագել Իջևանի թիվ 1, 5, 8 մանկապարտեզները, մասնավորապես՝ պետք է իրականացվեին շենքերի տանիքների վերանորոգման, կոյուղիների և ջրագծերի, լուսավորության և ջեռուցման ցանցերի, էլեկտրագծերի նորոգման, խմբասենյակների միջանցքների, դռների և պատուհանների նորոգման, հարդարման և բակերի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախահաշվի՝ ծրագրի ընդհանուր բյուջեն պլանավորվել է 60 միլիոն ՀՀ դրամի չափով։ Համայնքապետարանի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2020-2021 թթ․ կատարվել է այս ծրագրով պլանավորված աշխատանքների մի մասը՝ էլէկտրագծերի նորոգում, և չեն կատարվել պլանավորված մյուս աշխատանքները։ Արդյունքում նախատեսված 60 մլն․ ՀՀ դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 46 միլիոն 550 հազար ՀՀ դրամ։

Երկրորդ ծրագրով նախատեսվել է վերանորոգել Իջևանի Ասլանյան փողոցի մի մասը, իրականացնել փոսային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև անցկացնել նոր ասֆալտաբետոնե ծածկույթ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 50 միլիոն 250 հազար ՀՀ դրամ։ Արդյունքում սույն ծրագրի իրականացման վրա ծախսվել է ընդամենը 7 միլիոն 752 հազար ՀՀ դրամ, ինչը կազմած նախահաշվի միայն 15 %-ն է։

Երրորդ ծրագիրը Իջևանի Մետաղագործներ փողոցից դեպի անհատական բնակելի տներ տանող որոշակի հատվածների փոսային նորագման աշխատանքների իրականացման համար է նախագծվել։ Կազմակերպությունը ծրագրի իրականացման մասին տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ է ուղղել համայնքային իշխանություններին։ Ըստ ստացված տվյալների՝ համայնքային բյուջեից այս ծրագրի համար ներդրումներ չեն կատարվել։

Չորրորդ ծրագիրը, որը քաղաքի բարեկարգման և Ղարագյոզյան, Պռոշյան, Թավրիզյան փողոցների ասֆալտապատման նախագիծ է, մասնակի է իրականացվել։ 2018 թ․՝ Պռոշյան, 2019 թ․՝ Ղարագյոզյան փողոցում ԻՇԿ ՍՊԸ-ի կոշմից իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 38 միլիոն 65 հազար 138 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից միայն 45 %-ն է հանդիսացել համայնքի ներդրումը։ Ֆինանսավորման մյուս աղբյուրի վերաբերյալ համայնքապետարանը տեղեկություն չի տրամադրել։ Թավրիզյան փողոցում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Հաշվի առնելով Իջևանում գործող 3 միջքաղաքային երթուղիների առկայությունը, զարգացման հինգերորդ ծրագրով նախատեսվել է վերանորոգել 3 հին կանգառները և կառուցել հավելյալ 7-ը, ինչի համար նախատեսված բյուջեն կազմել է 10 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ծրագրի շրջանականերում նախատեսված աշխատանքները կատարվել են՝ վերանորոգվել են թվով 4 կանգառներ։ Կանգառների վերանորոգման համար համայնքային բյուջեից միջոցներ չեն հատկացվել․ աշխատանքները կատարվել են համայնքաբնակ բարեգործների աջակցությամբ։

Հնգամյա զարգացման վեցերորդ ծրագրով նախատեսված է եղել Իջևանի մի շարք փողոցներում լուսավորության համակարգերի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ իրականացնել՝ ընդհանուր 75 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ։ Փաստացի իրականացրած աշխատանքներն ընդգրկել են Երևանյան, Անկախության, Աբովյան, Բլբուլյան, Իջևանյան, Մյասնիկյան, Սպանդարյան, Ղարագյոզյան, Նալբանդյան, Մայիսի 28-ի, Վասիլյան, Տերյան, Աղայան, Պռոշյան, Չարենցի, Այգեստանի, Անտառային, Մետաղագործների փողոցները, իսկ ծախսված գումարը եղել է 32 միլիոն 800 հազար ՀՀ դրամ։

Զարգացման յոթերորդ ծրագիրը ներկայացնում է համայնքում զբոսաշրջության զարգացմանը նպստող գործողությունների շարք, որի համար նախատեսվել է 20 միլիոն ՀՀ դրամ։ Նման ծրագրերի իրականացումը չի բխում համայնքապետի կամ ավագանու ունեցած լիազորությունների՝ օրենքով սահմանված շրջանակից, փոխարենը՝ գտնվում է մասնավոր ձեռնարկատիրության կարգավորման դաշտում, և պատահական չէ, որ այս ծրագրի մասով աշխատանքներ չեն իրականացվել։

Կազմակերպության գնահատականով՝ այն հանգամանքը, որ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները մասնակի, կամ որոշ դեպքերում՝ առհասարակ չեն իրականացվել, կապված է մի շարք գործոնների հետ, որոնցից ամենաակնհայտը զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեների միջև փոխկապակցվածության բացակայությունն է։ Խնդիր է նաև այն, որ չի իրականացվում ծրագրերի պարբերական մոնիթորինգ և գնահատում, ինչը հնարավորություն կտա վերանայել ծրագրերը և կատարել համապատասխան փոփոխություններ։ Բացի այդ՝ չի պահպանվում զարգացման ծրագրերի մասով հանրային հաշվետվողականությունը, չեն մշակվում և հրապարակվում հնգամյա զարգացման ծրագրերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները։

Այդուհանդերձ, Իջևանի բնակիչների շրջանում անցկացրած առցանց հարցման արդյունքներն, ըստ էության, արտացոլում են համայնքապետարանի կողմից հնգամյա ժամանակահատվածում իրականացրած զարգացման ծրագրերի բովանդակությունը։ Հարցվողների 34 %-ը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում համայնքում ճանապարհաշինության ոլորտում են աշպատանքներ տարվել, փողոցների, բակերի վերանորոգում, 33 %-ը նշել է փողոցային լուսավորության ոլորտում իրականացված աշխատանքների մասին, 3 %-ը հիշատակել է հանրային տրանսպորտի, սպասարկման և մշակույթի ոլորտում արված աշխատանքների մասին։

2020 թ․ նոյեմբերի 14-ին Իջևանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ․ Իջևանը խոշորացվեց՝ իր մեջ ներառելով 19 բնակավայրեր։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների» ՀՀ օրենքի՝ նոր ձևավորված համայնքի դեպքում համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և ներկայացնում ավագանու հաստատմանը իր լիազորությունները ստանձելուց հետո 5 ամսվա ընթացքում։ Սա նշանակում է, որ առնվազն մինչև 2022 թ․ ապրիլ ամիսը համայնքային նոր իշխանությունները պետք է մշակեն Իջևանի 2022-2027 թթ․ զարգացման նոր ծրագիրը։




Բաց հարթակներ ժամանակակից արվեստով հետաքրքրվող երիտասարդների համար․ «Արտ ակտիվիզմի կուրս Իջևանում»

Artlabyerevan ստեղծագործական խումբը 2021 թվականի հոկտեմբեր ամսից Իջևանի Գիտելիքի Նորարական Հաբում իրականացնում է «Արտ Ակտիվիզմի կուրս Իջևանում» նախագիծը, որի նպատակը ժամանակակից արվեստով հետաքրքրված երիտասարդների համար բաց հարթակների ստեղծումն է։

Նորարարական Հաբի համակարգող Նառա Մնացականյանի խոսքով՝ «նախագիծը մեծ կարևորություն ունի այն առումով, որ զարգացնում է երիտասարդների շրջանում նոր հմտությունների ձևավորումը, ինչը հենց կարևորում ենք այս նախագծի շրջանակներում»։

Նախագծի մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ ժամանակակից արվեստի պատմության և տեսության մասին, հմտություններ գործնական պարապմունքների ժամանակ սթրիթ արտի, քաղաքային պերֆոմանսի, ինստալիացիայի և այլ ժանրերում
ինչպես նաև ծանոթանում են պարզ թվային գործիքների կիրառմանը՝ վիդեոարտ, վեբպլակատ, ֆոտոինստալյացիա և այլն:

Այս նախագծի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, արվեստագետ Գագիկ Չարչյանը, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը, արվեստաբան Մարինե Խաչատրյանը և այլք։

Դասընթացներն անվճար են։ Նախագիծը կավարտվի փետրվարի 25-ին, իսկ մասնակիցները նախագծի ավարտին կստանան հավաստագրեր։




ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:

Փետրվարի 2-ին ՀՀ կրթության,գիության,մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի հենց դպրոցներում տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում նոր առարկայական չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչ խնդիրներ, հարցեր կան, ինչ կետեր կան, որ լրամշակման կարիք ունեն, որովհետև շատ ենք կարևորում, որ փորձարկումն արդյունավետ լինի և դրա արդյունքում կարողանանք իրոք ստանալ լավագույն չափորոշիչը»։

Փոխնախարարի առաջին կանգառը Խաշթառակի միջնակարգ դպրոցում էր: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ փոխնախարարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը ծանոթացան հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, պատասխանեցին ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին:
Փոխնախարարն այցելեց նաև Լուսաձորի հիմանական դպրոց, շրջեց դասարաններով, ծանոթացավ ուսումնական գործընթացին։


Այցն ավարտվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացավ նաև մանկավարժական խորհրդի նիստ։ Փոխնախարարը մարզ կատարած այցն ամփոփեց Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ հատկապես ուսուցիչների հետ հանդիպումները «շատ կարևոր էին և շատ բովանդակալից քննարկումներ էին, որտեղ լավի մասին խոսվեց լավ, բայց մատնանշվեցին նաև խնդիրները, և շատ կոնկրետ դիտարկումներ հնչեցին»։

Հիշեցնենք, որ Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով ներդրվել են Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ:




«Ռեստարտ Իջևան»-ը կյանքի է կոչում «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությունը

Ընթացքի մեջ է «Ռեստարտ Իջևան» ՀԿ նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Ձեռներեցության խթանումն Իջևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում համայնքի թվով 5 աղջիկներ, ովքեր չեն ստանում բարձրագույն կրթություն, մասնագիտացում ձեռք կբերեն հրուշակագործության ոլորտում։ Դասընթացների արդյունքում անհրաժեշտ որակավորում ստանալուց հետո ծրագրի մասնակիցները կունենան հնարավորություն աշխատելու հրուշակագործությամբ զբաղվող արտադրամասերում։

«Ծրագրի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք թիմով սկսեցինք նկատել, որ Իջևանում կան շատ կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մեծ սեր և ձգտում հրուշակագործության հանդեպ, սակայն չունեն համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ՝ մասնագիտական գիտելիքներ ստանալու։ Մենք որոշեցինք համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում տալ նրանց այդ հնարավորությունը, որպեսզի նրանք դառնան հմուտ մասնագետներ հենց այս ոլորտում՝ ունենան իրենց փոքրիկ արտադրությունները, միգուցե աշխատեն արտադրամասներում, կամ հետագայում դառնան ավելի խոշոր ձեռներեցներ», – նշում է ծրագրի նախաձեռնողներից Վիկա Խառատյանը։

Գաղափարն իրականացվում է «Երիտասարդները հանուն համայնքների զարգացման» ծարգրի շրջանակներում, որը ներառում է տավուշեցի շուրջ 50 երիտասարդների։ «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությանը զուգահեռ ներկայումս Տավուշի մարզի տարբեր համայնքներում իրականացման փուլում են գտնվում 5 երիտասարդական ծրագրեր։

Ծրագրի մասնակիցներից Մեդորա Ասիլյանը պատմում է․ «Ընտրվել են ավելի քան 7 ծրագրեր, որոնք ունեին թե՛ կրթական, թե՛ համայնքային բնույթ։ Այս ծրագրի միջոցով մենք փորձել ենք հնարավորություն տալ երիտասարդնեերին և նրանց դարձնել փոփոխության դեսպաններ․ իրենք անձամբ են մշակել այդ ծրագրերը՝ իրենց շրջակայքում նայելով, թե ինչ խնդիրներ կան։ Նպատակն այն էր, որ իրենք անձամբ արդեն սկսեն ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման մեջ»։




Մտքեր մշակույթի մասին․ ոլորտի խնդիրները Տավուշի մարզում

Տավուշ հեռուստաընկերության եթերում ընթացող քննարկումների չորրորդ թեման մշակույթն է։ Ներկայացնում ենք թեմայի մասին մեր հայրենակիցների մտքերը, իսկ բացման այս հաղորդմանը կհաջորդի ավանդական կլոր սեղան-քննարկումը։

Մշակույթի տների ոչ բարվոք վիճակ, երիտասարդների ներգրավվածության խնդիր, ռեսուրսների ու միջավայրի առկայություն․․․մեր զրուցակիցները վեր են հանում Տավուշում մշակույթի զարգացման առաջ կանգնած մարտահրավերները, դրանք հաղթահարելու և դրանց արմատների մասին իրենց պատկերացումները։




Վախտն ա, ուշըցնես ոչ

Սկսելու ենք պատմել մերոնց՝ նոր ու տավուշոտ կերպարների մասին, և իհարկե, խոսելու ենք էէէ՜ն ձեր «ամենասիրելի»՝ ամուսնության թեմայի մասին։

Եվ այսպես, դիտում ենք առաջին թողարկումը՝ վայելելու Սուսան տատի հետ համով-հոտով զրույցն ու պարզելու թե, ի վերջո երբ ա վախտը։



Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

Տեսանյութը պատմում է շուրջ 70 տարվա պատմություն ունեցող Իջևանի պատմաերկրագիտական թանգարանի մասին:

Թանգարանում բացի նոր և նորագույն պատմության, ինչպես տեղի կենցաղի մասին պատմող իրերից, կարելի է նաև հանդիպել հնագույն նմուշների, որոնք թվագրվում են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին, ապա նաև՝ ուրարտական շրջանին։




Ամանորյա՝ բլինչիկից համով թողարկում

Մեր բարբառն ու բարքերը հաղորդաշարի ամանորյա հատուկ, կամ ինչպես ասում են՝ բլինչիկից էլ համով թողարկումը։ Իջևանյան ամանորյա մեգաստերը, տոների հետ կապված լեգենդար ծիսակատարությունները և շատ ավելին՝ այս թողարկման մեջ։ Իսկ որպես բոնուս կարող եք դիտել այս տարվա չստացված կադրերը։




Մի խտիտ լավ տրամադրություն

Բերել ենք ձեզ Մեր Բարբառն Ու Բարքերը հաղորդաշարի նոր թողարկում ու մի խտիտ լա՜վ տրամադրություն:
 
Աչքդ ճպցրիր ոչ՝ արդեն դեկտեմբերն ա էկել ոտերդ ընգել. ծեզ մատա՜ղ: Տյա նշանակըմ ա, որ ծմեռվա համար «էփած-փականծնին»՝ էն կամպոտնին պյաց անիլու վախտն ա:  Բայց…
 
Դիտե՛ք հաղորդումը՝ իմանալու համար, թե այդ ի՞նչն է խանգարում իջևանցի աձալներին վայելել ամռան «փակածները», ինչ է նշանակում լինել «պել կտրած», և թե մեր մարզի ո՞ր անկյունն է այս անգամ բացահայտել Հրանտը:
 
Ձեզ թաքուն ասենք.  Շխմուրադ է գնացել՝ Բերդի տարածաշրջան