Նախատոնական երեկո՝ Իջևանում

Տոնական տրամադրություն Ամանորի նախաշեմին՝ Իջևանի Շատրվանների հրապարակում։
Ձեզ ենք ներկայացնում խճանկար՝ ամանորյա միջոցառման մասին։

Տոնական տրամադրություն Ամանորի նախաշեմին՝ Իջևանի Շատրվանների հրապարակում։
Ձեզ ենք ներկայացնում խճանկար՝ ամանորյա միջոցառման մասին։

Իջևանի համայնքապետարանն ավանդույթի համաձայն ամփոփեց տարեվերջը՝ ներկայացնելով մարզական ոլորտում 2025 թվականին արձանագրված հաջողությունները և ոգևորելով տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ովքեր անձամբ հանձնեցին պատվոգրեր և խրախուսական նվերներ միջազգային և հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու մարզիչներին։
Նրանք շնորհավորական խոսքերով ընդգծեցին մարզական ձեռքբերումների կարևորությունը և վստահեցրին, որ համայնքը շարունակելու է ապահովել մարզիկների համար աջակցություն, ինչպես նաև զարգացնել մարզական ենթակառուցվածքները համայնքում։
Միջոցառումն ամփոփեց անցնող տարվա հաջողությունները և ոգեշնչեց մարզական համայնքին՝ նշանավորելով առաջիկա տարվա նպատակները և ձգտումները։

Իջևանի խոշորացված համայնքի կրթամշակութային հաստատությունների սաներն ու ուսուցիչները, ովքեր տարվա ընթացքում հաջողություններ են գրանցել հանրապետական և միջազգային մրցույթներում, արժանացել են դրամական պարգևների՝ համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից։
Տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը նվիրված միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ Իջևանի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը մասնակցել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սաներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր։
Տոնական մթնոլորտում ներկայացվել են բազմաժանր երաժշտական կատարումներ, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են համայնքի մշակութային կյանքի ակտիվությունն ու ստեղծագործական ներուժը։ Միջոցառման ավարտին համայնքապետարանի կողմից դրամական պարգևներով խրախուսվել են այն սաներն ու ուսուցիչները, ովքեր իրենց նվաճումներով բարձր են պահել Իջևանի անունը տարբեր մրցահարթակներում։
Պարգևատրումը նպատակ ունի խթանել ստեղծագործական գործունեությունը, արժևորել կրթության և մշակույթի ոլորտում արձանագրված հաջողությունները և շարունակական աջակցություն ցուցաբերել տաղանդավոր սաներին ու նվիրված մանկավարժներին։

Տավուշի մարզի պարեկները դեկտեմբերի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում կանգնեցրել են Mercedes-Benz մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվել է, որ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում:
Պարզվել է նաև, որ նա հագուստի տակ թաքցրել էր ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ։ Ոսկեվան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրված 22 168 մ² մակերեսով տարածք պաշտոնապես հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Հանձնված տարածքներն անվտանգ են հետագա նպատակային օգտագործման համար»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։


Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարը, պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է՝ ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը:
Նախարարը հիշեցրել է՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նման 3 մարզադաշտների (այդ թվում` 1-ը ազգային) հիմնելու պահանջը ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարությամբ։ Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման վերաբերյալ, որը ևս կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի չափանիշներին: Այս մասով առկա է նաև կնքված պայմանագիր միջազգային կազմակերպության հետ, որն ունի համապատասխան փորձառություն ոչ միայն նախագծելու, այլ ծրագրի իրականացման խորհրդատվություն կատարելու», -ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագծող է ընտրվել նման մարզադաշտերի նախագծման և կառուցման միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն: Նախարարի խոսքով՝ մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10000 տեղով մարզադաշտերից մեկը կհիմնվի Վանաձոր քաղաքում, իսկ մյուսի համար ընտրվել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Կառավարության աջակցությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ Վաղարշապատում նույնպես նման կարգի մարզադաշտ կկառուցվի: Անդրադառնալով Իջևանի Գետահովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ 20 սեփականատերերին պատկանող հողամասերի ձեռքբերման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Ըստ այդմ՝ սուբվենցիա կհատկացվի Իջևանի համայնքապետարանին՝ հետագա գործընթացների իրականացման նպատակով:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը կարևորել է համապատասխան բնակավայրերում ճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով, որ նոր կառուցվող մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և մարդկային հոսքերի ծավալը կմեծանա:

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Honda» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը՝ «Վերադարձ» խորագրով։ Սա Աղաբաբյանի երկրորդ ցուցահանդեսն է Տավուշում․ առաջինը օրեր առաջ կայացել էր Կողբում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով արվեստասերների շրջանում:
Ցուցասրահում ներկայացված են հեղինակի 33 աշխատանքները, որոնք միավորում են հայրենիքի կարոտը, բնապատկերների հանդեպ սերը և տարիների ընթացքում ձևավորված ստեղծագործական նոր հայացքը։
Նիկոլ Աղաբաբյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Չնայած հեռավորությանը՝ ասում է, որ հայրենի բնությունը և մանկության հիշողությունները մշտապես ուղեկցել են իրեն։ «Վերադարձ» խորագիրը խորհրդանշում է իր կապը արմատների, տան ու ինքնության հետ։
Նկարչի վերադարձը հայրենիք կարևոր մշակութային իրադարձություն է։ Աղաբաբյանը նշում է, որ այս ցուցադրությունը ոչ միայն արվեստի ներկայացում է, այլև մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն, որից երկար տարիներ հեռու է եղել։
Ցուցահանդեսը Վերնատանը բաց կլինի մի քանի օր, և այցելուները կարող են իրենց աչքով տեսնել նկարչի ներաշխարհի բազմաշերտությունը, գույների միջոցով արտահայտված նրա զգացողություններն ու հայրենիք վերադառնալու ներքին ճանապարհը։

Բարեկամական կապերն ու համատեղ աշխատանքները տարբեր երկրների քույր քաղաքների հետ Իջևան համայնքի համար առաջնային նշանակություն ունեն: Նոյեմբերի 26-ին Իջևանը հյուրընկալեց իր քույր քաղաք՝ վրացական Ռուսթավիի պատվիրակությանը։ Այցը կայացավ Իջևանի համայնքապետարանի հրավերով և միտված էր ամրապնդելու երկու քաղաքների միջև բարեկամական, մշակութային ու գործընկերային հարաբերությունները։ Այցը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» անդրսահմանային համագործակցության ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ուղղված է համայնքների կարողությունների զարգացմանը, կառավարման որակի բարձրացմանը և միջազգային գործընկերային կապերի ընդլայնմանը։ Այս համատեքստում Իջևանի և Ռուսթավիի համագործակցությունը տեղափոխվում է նոր մակարդակ՝ ընդգծելով երկու քաղաքների հետաքրքրությունը համատեղ նախաձեռնությունների հանդեպ։
Ռուսթավիի պատվիրակության անդամներն այցելեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան արտադրական գործընթացներին։ Շրջայցից հետո կազմակերպվեց հանդիպում Իջևանի բիզնես, մշակույթի և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ. շեշտվեց հանրային և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ փորձի փոխանակման, նոր նախագծերի մշակման և տնտեսական ակտիվության խթանման նպատակով։
Օրվա ավարտին, պահպանելով արդեն ձևավորված ավանդույթը, Իջևանի Մայր Հայաստան հուշահամալիրում իրականացվեց խորհրդանշական ծառատունկը՝ ի նշան Իջևանի և Ռուսթավիի միջև ձևավորված ամուր բարեկամության ու երկարատև համագործակցության:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր բնակավայրի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։