Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր բնակավայրի և  «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։




Պայթուն` Իջևանում. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 26-ին` ժամը 14:00-ի սահմաններում Իջևանում «Կրիվոյ» կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել։ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ Տավուշ Մեդիային հայտնեցին ՆԳ նախարարությունից:

Այս պահին ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստում ՀՀ քննչական կոմիտե ուղարկելու համար։




Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է

Սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ ՆԳՆ փրկարար ծառայության դեպքի վայր ժամանելը ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները և Հովք բնակավայրից կամավորները կանխել են կրակի առաջխաղացումը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել մարել կրակը՝ կանխելով կրակի մուտքը անտառ:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 7։40-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության 14 աշխատակից, 8 կամավոր, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:

Կարդացեք նաև՝




Իջևանում ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել. 25-ամյա երիտասարդը ձեռբակալվել է

Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները:

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19․00-ի սահմաններում, շրջագայություն կատարելիս Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում համայնքային ոստիկաները կանգնեցրել են փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Նույն գյուղի 25-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» պահեստ: Պարզվել է, որ թափքում առկա 5 խմ փայտանյութը պատրաստված է հաճարենի, ուռենի և բոխի ծառատեսակներից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Տավուշի մարզում զգում են արևի ուժը

Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ավարտվել են «Արևի ուժ» ծրագրով նախատեսված աշխատանքները․ հաստատության տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք արդեն առաջիկայում կապահովեն կայուն և էներգախնայող էլեկտրամատակարարում։ Նախագիծը միտված էր նվազեցնել մանկապարտեզի կոմունալ ծախսերն ու խթանել շրջակա միջավայրին բարեկամ տեխնոլոգիաների ներդրումը Տավուշի մարզում։

Արևային համակարգերի տեղադրումն իրականացրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ նոր կայանի արդյունավետությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն հաստատության այլ կարիքներին։

Ծրագրի նախաձեռնող «Դու Կարող Ես» հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, մանկապարտեզում իրականացրել է նաև կրթական բաղադրիչ։ Դասընթացների ընթացքում երեխաները, ծնողները և դաստիարակները ծանոթացել են էներգախնայող վարքագծի ձևավորման հիմունքներին, արևային էներգիայի կիրառության առավելություններին և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Համայնքի համար այսօրինակ նախաձեռնություններն առաջնային են:

Տավուշի մարզում էներգախնայող ծրագրերի զարգացման հերթական քայլն արվեց. առաջիկայում Իջևանի թիվ մեկ մանկապարտեզում կզգան ու կտեսնեն «Արևի ուժը»:

Կարդացեք նաև՝




Իրական կյանքը Տավուշում է․․․

Մերի Դոլյան, քաղաք Իջևան




Սևքար գյուղը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Աննա Մարգարյան, Անահիտ Վարդանյան, Անահիտ Ղալումյան, Հասմիկ Թամրազյան, Սևքար, Իջևան




ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին. կա 11 վիրավոր

Հոկտեմբերի 24-ին`ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Մեքենաների բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Վթարի հետևանքով կա 11 վիրավոր:

«Այսօր Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր», – հայտնում են Առողջապահության նախարարությունից:




7-ամյա Անահիտը պատմում է Իջևանի մասին ու հրավիրում շրջելու քաղաքի տեսարժան վայրերում

Տեսանյութը դիտեք այստեղ։

Անահիտ Թանանյան, Իջևան




Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս երկու չկառուցապատված հողամաս վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ ք․ Իջևան, Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասի և ք. Իջևան, Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով՝ Գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել է վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը, վճիռները ստացել են օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 22-ին դադարեցրել է նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը: Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող նշված երկու հողամասերը վերադարձվել են համայնքին:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

Այսպիսով, վերոնշյալ 16 հայցադիմումներից 8-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:
  • Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը:

Բացի դրանից՝ դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Կարդացեք նաև՝