Ճանապարհ դեպի ինքնաճանաչում․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստեղծվել է հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն

Ի՞նչ է պետք մարդուն, որպեսզի նա իրեն լիարժեք զգա։ Երբեմն՝ պարզապես մեկը, ով կլսի, կհասկանա ու կօգնի բացահայտել սեփական ներուժը։ Այս գաղափարով էլ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստեղծվել է հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը, որի խորքային առաքելությունն է օգնել մարդկանց գտնելու ներքին հավասարակշռությունը, հաղթահարելու հոգեբանական խոչընդոտները և ապրելու ներդաշնակ կյանքով։

Տավուշի մարզում կենտրոնը միակն է իր ձևաչափով, որտեղ տրամադրվելու են գիտելիքահեն հոգեբանական ծառայություններ՝ երեխաների, մեծահասակների, ընտանիքների ու կազմակերպությունների համար։ Այստեղ կարելի է դիմել ինչպես անհատական խորհրդատվության, այնպես էլ ուսուցման և զարգացման ծրագրերի համար։

Բացի խորհրդատվական գործունեությունից, կենտրոնը նաև գործնական կրթության հարթակ է հոգեբանների և հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։ Այստեղ նրանք հնարավորություն կունենան խորացնել տեսական գիտելիքները, ձեռք բերել իրական գործնական փորձառություն՝ մասնակցելով դասընթացների և հետազոտական նախագծերի։

Կենտրոնի հիմքում մարդկային հոգեբանական բարեկեցության գաղափարն է։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ձգտում է ձևավորել հոգեբանական աջակցության մշակույթ Տավուշում, զարգացնել հոգեբանական ինտելեկտը։ Այս կենտրոնը մարդկանց ինքնաճանաչման, փոխըմբռնման և ներքին ներդաշնակության ճանապարհն է՝ դեպի ավելի հավասարակշռված ու գիտակցված հասարակություն։




«Մասնակցային բյուջետավորման» ծրագրով կվերանորոգվի Իջևանի Մյասնիկյան փողոցը

Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Իջևանի համայնքապետարանը մեկնարկել էր մասնակցային բյուջետավորման գործընթացը, որով Իջևան համայնքի բնակիչները հնարավորություն ստացան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող էին կյանքի կոչվել բնակչության քվեարկության արդյունքում։ Գաղափարի իրագործման համար նախատեսվել էր 10 միլիոն դրամ։

«Մասնակցային բյուջետավորման» ծրագրով առաջարկվել էր 5 գաղափար-ծրագիր, որոնցից առավելագույն քվեները ստացել է Գոռ Պետրոսյանի առաջարկը, այն է՝ վերանորոգել Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցը։

Մյասնիկյան փողոցը շուրջ 30 տարուց ավելի չի վերանորոգվել, ինչի հետևանքով գտնվում է անմխիթար վիճակում և դժվարություններ է ստեղծում ինչպես տրանսպորտային շարժի, այնպես էլ բնակիչների համար։ Նախագծի նպատակն է ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ և բարեկարգ փողոց։




ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն Իջևանում

Արցախյան 44-օրյա պատերազմում  նվիրյալ ու անձնուրաց բազմաթիվ զինվորներ ու զիվորականներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունը ռազմական տերագրության մեջ: Նրանց շարքում են Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը. հոկտեմբերի 19-ը հրամանատարների հիշատակի օրն է։

Հյուսիսարևելյան զորամասերից մեկում զինվորներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակին։

Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում պետական այրերը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Քայլելով  տղաների անունների կողքով, հիշողություններ են ի մի գալիս, դրվագներ ու երախտիքի զգացում, որոնք ուղղված են հայրենիքի նվիրյալներին։

Արցախյան 44-օրա պատերազմում Իջևանի զորամասից 4 տասնյակ ազգի նվիրյալներ հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում։ Զոհվեցին նաև հրամանատարները՝ գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։  Ազգայնի հերոս, գնդապետ Ղազարյանը մարտը վարեց ոչ թե հրամանատարական կետից, այլ առաջնագծում՝ զինվորի կողքին, կրակն իր վրա վերցրեց ու կյանքով պաշտպանեց Արցախի՝ իրեն վստահված հատվածը։ Իսկ փոխգնդապետ Արմեն Օհանյանի օրինակը շատերին է վճռականություն հաղորդել իրենց հերթին անավարտ չթողնելով նրա առաքելությունը՝ կանգնելու սահմանին, որտեղից էլ, ինչպես նշում էր Արմեն Օհանյանը, սկսվում է մեր բոլորի հայրենիքը:

Մեծ հայրենասեր, հոգատար, նվիրյալ ու անձնուրաց․ 5 տարի անց այսպես են հիշում կյանքը երկրին նվիրած զինվորականներին։ Նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:

Կարդացեք նաև՝

Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

«Սևքարեցի Սաքոյի կողքին» Սահմանապահ Սևքարում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին նվիրված հուշակոթողը




Վանաձորի կամերային նվագախումբը համերգային ծրագրով հանդես եկավ Իջևանում

Հոկտեմբերի 13-ին Իջևանի մշակույթի տանը կայացավ Վանաձորի կամերային նվագախմբի համերգը՝ մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաների մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչեցին դասական և ժամանակակից ստեղծագործություններ։ Հանդիսատեսը ջերմ ընդունեց ինչպես նվագախմբի, այնպես էլ երիտասարդ երաժիշտների կատարումները։

Համերգը կազմակերպվել էր «Վանաձորի կամերային նվագախումբը մարզերում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբերին և ընդգրկում է Հայաստանի վեց քաղաք։ Ծրագրի նպատակն է խթանել մարզերի շնորհալի սաների մասնակցությունը համերգային կյանքին, ստեղծել համագործակցության հարթակ երիտասարդների և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։

Նախաձեռնությունը իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Նման նախագծերը ոչ միայն խթանում են մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ տաղանդներին հանդես գալ մեծ բեմերում և ձեռք բերել արժեքավոր փորձ։




Լոնդոնից Իջևան՝ հաղթական վերադարձ

Լոնդոնում կայացած WKO Open World Championships 2025-ին Հայաստանը ներկայացրել է WKO Armenia-ի հավաքականը, որը հաջողությամբ է հանդես եկել միջազգային հարթակում։ Մրցաշարում Նարեկ Մատինյանը արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին՝ բարձր պահելով Հայաստանի և Տավուշի մարզի անունը։

Նարեկը ծնունդով Լուսաձոր գյուղից է, սովորում է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, և արդեն չորս տարի է, ինչ զբաղվում է Այկիկենդո կարատե սպորտաձևով։ Պարտաճանաչ ու նպատակասլաց պատանին մարզիչների հպարտությունն է և համադասարանցիների օրինակը։

Այսօր Նարեկին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում դիմավորել են տոնական ու ջերմ մթնոլորտում։ Սովորողները, ուսուցիչներն ու հյուրերը շնորհավորել են նրան հերթական մեծ նվաճման առթիվ՝ ընդգծելով, որ Նարեկի հաղթանակը ոչ միայն անձնական, այլև համայնքային և ազգային հպարտության առիթ է։

Նարեկ Մատինյանի հաջողությունը վկայում է, որ աշխատասիրությունը, կամքը և հավատը սեփական ուժերի հանդեպ անպայման հանգեցնում են հաղթանակի։

 




Ազատամուտ գյուղը 55 տարեկան է

Ազատամուտ

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը այս տարի նշում է հիմնադրման 55-ամյակը։ Թեև պաշտոնապես համարվում է գյուղ, սակայն այն արտաքինով ավելի շատ հիշեցնում է քաղաքի՝ բազմաբնակարան շենքերով և քոթեջներով։

Ազատամուտը հիմնադրվել է 1970 թվականին որպես բանավան՝ բենտոնիտային կավերի գործարանի շուրջ։ Սկզբնական շրջանում այն կրել է գործարանին կից ավան անվանումը։ 1978 թվականին բնակավայրը վերանվանվել է Ազատամուտ։ Անվան ընտրությունը պատմական նշանակություն ունի․ 1920 թվականի նոյեմբերին այստեղով է Ադրբեջանից Հայաստան մուտք գործել 11-րդ Կարմիր բանակը և խորհրդայնացրել հանրապետությունը։ Այդ իրադարձությունը խորհրդանշելու համար էլ ավանը ստացավ «Ազատամուտ» անունը։

ԽՍՀՄ վերջին մարդահամարի՝ 1989 թվականի տվյալներով, Ազատամուտում բնակվում էր շուրջ 4 հազար մարդ։ Սակայն բենտոնիտի գործարանի աշխատանքի մասնակի դադարեցումից հետո բնակավայրը բախվեց արտագաղթի։

Ազատամուտը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։ Գյուղով անցնում է Իջևան-Բերդ ավտոճանապարհը։
Այսօր սահմանամերձ Ազատամուտը գազաֆիկացված է, ունի կայուն ջրամատակարարում։ 55-ամյա գյուղը շարունակում է ապրել, զարգանալ՝ պահպանելով իր յուրահատուկ կերպարը և կարևոր դերը Տավուշի համայնքային կյանքում։




Կիրանց գյուղը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Կարեն Սիմոնյան, Կիրանց, Իջևան




«Մեր Խաշթառակը մի ամբողջ աշխարհ ա». Էլլա Մատինյան

Խաշթառակ

Էլլա Մատինյան, Խաշթառակ, Իջևան




Իջևանը՝ աշակերտների աչքերով

Սլավա Սարգսյան, Էլեն Բադալյան, Անժելա Դովլաթբեկյան, Դինա Մանուչարյան, քաղաք Իջևան




ՃՏՊ Իջևան քաղաքում․ երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՃՏՊ Իջևան քաղաքում․ երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անկախության փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։