Տավուշի մարզում շարունակվում է 2025 թվականի ձմեռային զորակոչը

Հունվարի 22-ին զորակոչիկների հերթական խումբը Իջևանից մեկնեց պարտադիր զինվորական ծառայության․ զորակոչիկները շուտով համալրելու են բանակի շարքերը՝ պատվով ծառայելու, հայրենիքը պաշտպանելու ամուր կամքով ու վճռականությամբ:
Բարի ծառայության, տղե՛րք ջան:

 




«Երիտասարդական պատվիրակություն». նախագիծ` Դիլիջանի երիտասարդների համար

Երիտասարդական պատվիրակություն

«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Երիտասարդական պատվիրակություն» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում Դիլիջան համայնքի երիտասարդներին տրվում է հնարավորություն՝ անմիջական ազդեցություն ունենալու և մասնակից լինելու իրենց բնակավայրի զարգացմանը՝ դարձնելով համայնքն ավելի երիտասարդակենտրոն։

Նախագծի շրջանակում իրականացվելու են հետևյալ գործողությունները

  • Երիտասարդական պատվիրակության ձևավորում:
  • «Երիտասարդական պատվիրակության» կարողությունների զարգացում:
  • Համայնքի երիտասարդների կարիքների գնահատում:
  • Առաջարկությունների ներկայացում համայնքի ավագանուն:
  • «Երիտասարդական պատվիրակության» ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանք և հուշագիր ՏԻՄ-ի հետ:

Դասընթացները կօգնեն զարգացնել առաջնորդության, հաղորդակցության և բանակցելու հմտությունները` կարիքների գնահատման մեթոդների, քաղաքացիական մասնակցության մեխանիզմներ, ՏԻՄ օրենսդրության շրջանակում։

Կարող եք դիմել, եթե`

  • 16-30 տարեկան եք,
  • բնակվում եք Դիլիջան համայնքում,
  • հետաքրքրված եք համայնքի զարգացմամբ,
  • պատասխանատու եք, նախաձեռնող և թիմային աշխատանքի ունակ:

Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 27, ժամը՝ 18։00-ն։

Հարցերի դեպքում կապ հաստատել youthideas2016@gmail.com էլ. փոստով կամ զանգահարել 055019190:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կից հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5rSDSr5Ts-GBN8zpzQs25XD5ah5l00RS_70vA3xkbQHy9nQ/viewform


«Երիտասարդական գաղափարներ» Երիտասարդական ՀԿ-ի «Երիտասարդական պատվիրակություն» նախաձեռնությունը հանդիսանում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և նրա ենթադրամաշնորհառուների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով:




Իջևանում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Իջևանում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Հունվարի 14-ին Իջևանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները, որոնց բարեմաղթանքը մեկն է՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։

Իջևանից ֆոտոշարքը`

Կարդացեք նաև՝ 

 

 




«Ամանորյա խառնաշփոթ». տոնական թատերական ներկայացում Իջևանում

«Ամանորյա խառնաշփոթ». տոնական թատերական ներկայացում Իջևանում

Դեկտեմբերի 27-ին Իջևանի «Լոֆթ» երիտասարդական կենտրոնում իսկական ամանորյա մթնոլորտ էր։  «Լոֆթի», «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և «Արմ Ստուդիա» թատերախմբի համատեղ ջանքերով կյանքի կոչվեց «Ամանորյա խառնաշփոթ» թատերական ներկայացումը։ Միջոցառման նպատակը երեխաների համար հավասար ու ներառական միջավայր ստեղծելն էր։

Ներկայացման ընթացքում փոքրիկ արտիստները, իրենց տաղանդով ու անկեղծությամբ, ջերմացրին հանդիսատեսին։ Իսկ «Արմ Ստուդիայի» նկարահանած «Ճանապարհ» ֆիլմի ցուցադրությունն տոնական հուզականություն հավելեց միջոցառմանը։

Հանդիսատեսը խանդավառությամբ արձագանքում էր փոքրիկ դերասանների վառ ելույթներին՝ լիովին ներգրավվելով տոնական միջավայրում։ Ներկայացման յուրաքանչյուր դրվագ փոխանցում էր կարևոր ուղերձներ՝ սիրո, համերաշխության և ընկերության մասին, ներկաներին միավորելով ընդհանուր տոնական ոգու շուրջ։

«Ամանորյա խառնաշփոթ» թատերական ներկայացումն ամանորի նախաշեմին հիշեցնում էր՝ միասին լինելը և ուրախություն տարածելը լավագույն նվերն են տոնական օրերին։




2024-ը՝ մարզական ձեռքբերումների տարի

2024-ը՝ մարզական ձեռքբերումների տարի

Իջևանի համայնքապետարանն ամփոփեց մարզական տարին։ Ավանդույթի համաձայն, Իջևանի համայնքապետարանը տարին եզրափակում է մարզական ոլորտում ունեցած հաջողությունների ամփոփմամբ՝ ոգևորելով տարվա լավագույն մարզիկներին և մարզիչներին: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը տարեվերջին պատվոգրեր և խրախուսական նվերներ հանձնեցին միջազգային և հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու մարզիչներին: Ուշադրության կենտրոնում էին նաև լավագույն տասնյակում չընդգրկված, բայց մարզական մեծ նվաճումներ ունեցող մարզիկները։

Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով հանդես եկան Հայկ Ղալումյանը և Արթուր Ճաղարյանը, ընդգծելով մարզական ոլորտի կարևորությունը ու վստահեցնելով, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մարզիկներին և զարգացնելու մարզական ենթակառուցվածքները:




Տավուշի մարզում 2024 թվականին կատարված աշխատանքները

2024 թվականը Տավուշի մարզի համար նշանավորվեց փորձություններով և հաջողություններով։ Տարվա ընթացքում մարզում իրականացվեցին ծրագրեր՝ ուղղված համայնքների կենսապայմանների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կրթական համակարգի արդիականացմանը։

Գյուղատնտեսություն

2024 թվականին Տավուշի մարզում մթերված խաղողի ծավալը կազմեց 5953.6 տոննա՝  նախորդ տարվա 3481.1 տոննայի համեմատ: 1 կգ խաղողի գնային միջակայքը հասավ 140-250 դրամի: Բացի դրանից, մթերվեց 829 տոննա բանջարեղեն և պտուղ-հատապտուղ: Իջևան համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում, 87 տնտեսությունների այգիներում իրականացվել են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրեր

2024 թվականին հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր՝ 5.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 ծրագիր ավարտվել է ամբողջությամբ, 8-ը՝ մասամբ, իսկ մնացածը գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Տարվա կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի մարզի 4 սահմանամերձ գյուղերի գազիֆիկացումը, որն իրականացվեց «Վարդանյան» ընտանիքի աջակցությամբ:

Դպրոցաշինություն

Տավուշի մարզում կրթական ենթակառուցվածքների զարգացման գործընթացն ընթանում է լայն թափով։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Կիրանցի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը, որի ընդհանուր արժեքը կազմել է 680 մլն ՀՀ դրամ։ Նորակառույց դպրոցն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ապահովում է ժամանակակից կրթական միջավայր։

Ավարտվել է նաև Գանձաքարի դպրոցում շինարարական աշխատանքների հիմնական փուլը, որը նախատեսված է 480 աշակերտի համար։ Այս դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 1,822 մլրդ ՀՀ դրամ, և մոտ օրերս այն պատրաստ կլինի ընդունելու աշակերտներին։ Դովեղում մոդուլային դպրոցի շինարարությունը շարունակվում է. այս հաստատությունը նախատեսված է 100 աշակերտի համար։

Հինգ բնակավայրերում՝ Լուսաձորում, Պտղավանում, Բագրատաշենում, Այրումում և Արծվաբերդում, արդեն մեկնարկել են նոր կրթական հաստատությունների շինարարական աշխատանքները։ Բացի այդ, 9 դպրոց և կրթահամալիր գտնվում են նախագծման փուլում՝ Գոշում, Նավուրում, Կոթիում, Արծվաբերդում, Այգեձորում, Նոյեմբերյանում, Կողբում, Աղավնավանքում և Ոսկեվանում։ Այս նախագծերի իրականացման միջոցով նախատեսվում է լուծել կրթական ոլորտի համապարփակ խնդիրները։ Սևքարի դպրոցի և Նորաշենի կրթահամալիրի շինարարության համար պայմանագրերը կնքման փուլում են։

Բագրատաշենում կառուցվող 144 սաների համար նախատեսված մանկապարտեզը, որի արժեքը կազմում է 880 մլն ՀՀ դրամ, շահագործման կհանձնվի 2025 թվականի մարտին։

Բնակարանաշինության ծրագրեր սահմանամերձ բնակավայրերում

Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրերը նույնպես առաջնահերթություն են։ Տավուշի մարզում ներկայում կառուցվում է 1249 բնակելի տուն, ինչը կարևոր քայլ է սահմանամերձ գյուղերի կենսունակության ապահովման և համայնքների վերածննդի համար։

Ճանապարհաշինություն

Տավուշի մարզում 2024 թվականին ավարտվեցին 390 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվեցին հատկապես կարևոր նշանակության ճանապարհները, (ինչպիսիք են Մ-8 (Վանաձոր-Դիլիջան),  Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհները), վերանորոգվեցին համայնքային նշանակության ճանապարհներ։

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզի համայնքային բյուջեներին հատկացվել է 5 մլրդ 267 մլն դրամ, որն ավել է 2023 թվականին հատկացված դոտացիայից 2 մլրդ 315 մլն դրամով, այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 մլն դրամով,  Դիլիջան խոշորացված համայնքում՝ 343 մլն դրամով, Բերդ խոշորացված համայնքում՝ 599 մլն դրամով, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 666 մլն դրամով:

2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին  նախատեսվել է հատկացնել 6 մլրդ  14 միլիոն դրամ։

 




Հոբելյանական երեկո՝ նվիրված Կորյուն Առաքելյանին

Դեկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, Իջևանի ավագ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի կունենա բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի հոբելյանական երեկոն։

Միջոցառումը նվիրված է անվանի գրողի ստեղծագործական ուղուն։ Մուտքն ազատ է։




Դիմակայուն Տավուշ. Աղետների ռիսկի կառավարման բանախոսություն Իջևանում

Դիմակայուն Տավուշ՝ փոփոխվող աշխարհում․ Իրազեկված ու պատրաստված, ակտիվորեն ներգրավված բնակչությամբ կկարողանանք կառուցել աղետակայուն, դիմակայուն, անվտանգ ու պաշտպանված, կայուն զարգացող երկիր․ սա է «Արտակարգ Ալիքի» տեսլականը՝ Տավուշի մարզում գործունության։ «Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագրով հանրային բանախոսությունների շարքի հաջորդ կանգառն Իջևանում էր՝ համայնքի բնակչության իրազեկվածության ու դիմակայունության բարձրացման նպատակով:

Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր, «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Տավուշի մարզին պատուհասած ու սպառնացող արտակարգ իրավիճակներից առանձնացվեցին Իջևան համայնքի վերջին փորձությունները, դրանց պատճառներն ու նպաստող հանգամանքները, մեկ անգամ ևս կարևորվեցին իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, համայնքային դիմակայունության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան հարցեր տալու և բարձրաձայնելու համայնքում առկա անվտանգային խնդիրները։ Փորձագետը պատասխանեց ներկաների հարցերին՝ կարևորելով համայնքներում աղետների կանխարգելման և պատրաստվածության ապահովման աշխատանքները։

«Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, դիմակայուն ու ռիսկերի կառավարմամբ՝ կայուն զարգացող դարձնելն է, մարդկանց կյանքը բարելավելն ու կյանքի որակը բարձրացնելը: Միասին պիտի կյանքի կոչենք Դիմակայուն Տավուշը․ ով իրազեկված է, նա պաշտպանված է։

Կարդացեք նաև՝




Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին:

Վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կողմից հողամասը կառուցապատման իրավունքով ձեռք բերելուց հետո այն նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով դադարեցնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը:




«Սովորիր ու վաստակիր». աշխատանքի տոնավաճառ Իջևանում

«Սովորիր ու վաստակիր» կարգախոսը հուշում է կարիերայի նոր հնարավորությունների և հեռանկարների մասին: Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրի շրջանակում՝ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ գործակցությամբ աշխատանքի մարզային տոնավաճառն անցկացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Տոնավաճառի նպատակն աջակցելն է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Աշխատանքի կարիք ունեցող քաղաքացիների ու գործատուների միջև նորարար այս հանդիպումը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ նպաստելու ընտանիքների սոցիալական, տնտեսական ու ֆինասական կայունությանը:

Նախագծի միջազգային գործընկերների կարծիքով՝ աշխատաշուկայում քաղաքացիների մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կարիք կա..:

Տոնավաճառի գործատուների շարքում շուրջ 30 կառույցներ էին՝ տաբեր ոլորտներից. որոնք ներկայացնում էին իրենց կազմակերպությունում առկա և ակնկալվող թափուր հաստիքները:
Տոնավաճառի շրջանակում անցկացվեցին նաև հանրային խոսքի և անձնային բրենդինգի, աշխատանք գտնելու հմտությունների զարգացման դասընթացներ:

«Սովորիր ու վաստակիր» ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ ստեղծելով հնարավորություններ և գործնական աջակցություն այն անձանց համար, ովքեր ուզում են դրական փոփոխություններ բերել իրենց կյանքում։