Հուլիսի 15-ին Իջևանի Շատրվանների հրապարակում Երևանի «Իրական դպրոց»-ից ժամանած ուսանողները «Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում անցկացրին առաջին բուժօգնության և մարտավարության վարժանքներ։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
«Իրական դպրոց»-ի դասընթացավար Վահե Խաչատրյանը պատմում է․ «Եվրոմիության դրամաշնորհի շրջանակներում Իջևանում իրականացվում է«ԻննոԻջևան» նախագիծը՝ ստեղծվում է նորարական կենտրոն, որի ներսում գործելու է նաև «Իրական դպրոց» կիթական հաստատությունը։ Անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, այսօր իրականացնում ենք առաջին բուժօգնության և մարտավարության դասընթացներ, որոնք «Իրական դպրոց»-ի դասապրոցեսների մասն են»։
«ԻննոԻջևան» նախագծի գլխավոր նպատակը Իջևանում և շրջակա համայնքներում տնտեսական զբաղվածության աճը և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատումն է: Ծրագրի գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է, որը, համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO համայնքային աշխատամիջավայրի հետ նպատակ ունի ստեղծել հարթակ պետություն-մասնավոր գործընկերության և բաց երկխոսության համար՝ ուղղված Իջևանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը:
Նախագիծը նպատակ ունի նաև խթանել նորարարական ձեռներեցությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռներեցության զարգացման և Իջևան քաղաքում ու շրջակայքում բարձրացնել զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ների մրցունակությունը:
Հիշեցնենք, որ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը գալիք ուսումնական տարվա սկզբին իր գործունեությունը կսկսի նաև Իջևան քաղաքում, այն առաջարկում է մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով:
««Իրական դպրոց»-ն արդեն 2022 թ․ սեպտեմբերից Իջևանում մասնաճյուղ է բացելու, ընդունվելու համար երեխան պետք է 9-րդ դասարանն ավարտած լինի։ Իջևանի մասնաճյուղում ունենալու ենք 4 աշխատանոց՝ ԱԹՍ-ի, ճարտարագիտության, ռոբոտաշինության, համակարգչային և կենսաքիմիայի։ «Իրական դպրոց»-ը բաղկացուցիչ մասեր ունի, որոնցից մեկը ազգային պարն է, և որի միջոցառումը մեկ շաբաթ առաջ արեցինք Իջևանի կենտրոնում։ Հիմա անում ենք առաջին բուժօգնության և ռազմավարության բաց դաս։ Հաջորդը կլինի «Իրական դպրոց»-ի աշակերտների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը»․ նշում է «Իրական դպրոց»-ի Իջևանի մասնաճյուղի աշխատակից Էլինա Ռոմանովան։