Մասնակցելով համայնքային կյանքին. նախագիծ՝ Իջևանի մշակույթի տան հիմնահարցի վերաբերյալ

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի «Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել դիմելու փոքր դրամաշնորհի՝ իրականացնելով համայնքային զարգացման իրենց ծրագրերը:

Ժաննա Դալլաքյանին մտահոգել է Իջևան քաղաքի մշակույթի տան ենթակառուցվածքային հիմնահարցը. խնդրի վերաբերյալ իրազեկվածության ու հանրային համախմբման նպատակով ներկայացրել է ծրագիրը։




Հնարավորություններ՝ Իջևանի կանանց ու աղջիկների համար

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ նախաձեռնությամբ մեկնարկում է «Կանանց Առաջնորդության Ակադեմիա» նախագիծը: Այն միջոցառումների համալիր է, որը ներառում է՝

1․ Եռօրյա դասընթաց Իջևանում
Ակադեմիայի մասնակից կանայք և աղջիկները հնարավորություն կունենան բարելավելու իրենց գիտելիքներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ առաջնորդությունը, համայնքային ակտիվությունը, կարիերայի պլանավորումն ու ռազմավարական մտածողությունը, հանրային կառավարումն ու ջատագովությունը:

2․ Մենթորություն
Ակադեմիայի մասնակիցները մրցակցային հիմքով կստանան ֆինանսական աջակցություն՝ Իջևանի կին ավագանիների հետ համագործակցությամբ իրականացնելու համայնքային ծրագրեր:

3․ Համագործակցություն
Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ընդլայնելու Ակադեմիայի մասնակիցների մասնագիտական ցանցերը և համագործակցելու իրենց ոլորտում լավագույն մասնագետների և համայնքի տարբեր դերակատարների հետ:

«Կանանց Առաջնորդության Ակադեմիա» նախագծին կարող են մասնակցել այն կանայք ու աղջիները, ովքեր՝

▪️ 17-35 տարեկան են,
▪️ Բնակվում են Իջևան խոշորացված համայնքում (որոշ բացառություններով կդիտարկվեն նաև հարակից համայնքներից ստացվող հայտերը),
▪️ Հետաքրքրված են համայնքային առաջնորդությամբ և ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքում տեղի ունեցող գործընթացներում:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումը

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը․ ծրագրին մասնակցությունն անվճար է։ Հարցերի դեպքում կարող եք դիմել «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ +374 43 94 39 02 հեռախոսահամարով։




Հանրային իրազեկման ծրագիր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի հետ համագործակցությամբ իրականացնում է հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակն է Հայաստանի հինգ մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր) քննարկել մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հիմնախնդիրը, լուծումներ գտնել այդ խնդրին և լուծման առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համաձայն կառույցի նախնական ուսումնասիրությունների արդյունքների՝ մանկապարտեզների հասանելիությունը խիստ խտրական է Հայաստանում և խախտում է մանկապարտեզահասակ երեխաների գրեթե կեսի կրթության իրավունքը: Այսպես. Հայաստանում այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ հաճախում է անվճար (Երևանում), մյուս 1/3-ը մանկապարտեզ հաճախում է վճարովի հիմունքներով, ընդ որում ուսման վարձը տարբեր համայնքներում 2000-8500 դրամ է՝ կախված համայնքի բյուջետային հնարավորություններից: Այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև այդ կամ մոտակա բնակավայրերում մանկապարտեզ չկա, կամ՝ ընտանիքը ուսման վարձ վճարել չի կարող: Ստացվում է, որ առաջին դասարան հաճախող երեխաների մի մասը նախնական կրթություն ունի, իսկ մյուս մասը՝ չունի, ինչը ազդում է դպրոցում ուսումնառության որակի և ուսման առաջադիմության վրա, դրանից բխող այլևայլ հետևանքներով:

Սրա հետ մեկտեղ մանկապարտեզից զրկված երեխաների ընտանիքներում ծնողներից մեկը, սովորաբար դա մայրն է, ստիպված է լինում մնալ տանը երեխային խնամելու՝ աշխատելու կամ լիարժեք աշխատելու փոխարեն: Փաստորեն, քիչ է, որ այդ ընտանիքի երեխան զրկված է նախնական կրթության հնարավորությունից, նաև այդ ընտանիքը զրկված է հնարավոր այլ եկամտից:

Անշուշտ,  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում դրությունը այս ոլորտում տարբեր է: Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը այդ տարբերությունները, իրադրությունը և լուծման ուղիները քննարկելու համար, կազմակերպում է հանրային քննարկում, որտեղ հրավիրվել են համայնքային և մարզային պաշտոնյաներ, կրթության ոլորտի մասնագետներ, ծնողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:

Քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք. Իջևան, Ա.Մելիքբեկյան 1):