«Քաղաքացիական կրթության կենտրոն» ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը Տավուշի մարզում գործարկելու վերաբերյալ, հունվարի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի, կնքեցին համատեղ գործունեության պայմանագիր։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում 2019 թվականին համալսարանում հիմնել են ուսումնական կենտրոն:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ: Ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնվի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
Կնքված պայմանագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով 2024 թվականի փետրվարից գործարկելու «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը։ Նախագծի շրջանակներում համալսարանի վերոնշյալ կենտրոնում առկա ռեսուրսների օգտագործմամբ և վերազինմամբ կիրականացվեն անվճար դասընթացներ և տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:
Ծրագրի շրջանակում, դեկտեմբեր և հունվար ամիսներին, նմանատիպ կենտրոններ սկսել են գործել նաև Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանում և Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Փետրվարին ևս երկու «Քաղաքացիական կրթության կենտրոններ» իրենց աշխատանքները կմեկնարկեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։