Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Տավուշի մարզում

Օդային տագնապ Լուսաձորի հիմնական դպրոցում. բնակչությանը պատսպարվել պաշտպանական կառույցներում։ Դպրոցի կառավարման մարմինն ու փրկարար ուժերը համապատասխան պլաններով ու հրահանգներով, գործի են դնում նախատեսված քաղպաշտպանական միջոցառումները:
Մարտի 1-ը միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել հանրապետության ուսումնական հասատատություններում։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները հատկապես այսօր հաստատում են՝ միշտ պատրաստ են օգնության հասնելու, նաև՝ սովորեցնելու: Տավուշի մարզի համայնքներում իրականացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացվել դասախոսություններ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների, սեմինար-դասընթացների, գործնական պարապմունքների հիմնական թեմաներն էին՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության տարհանման կազմակերպումը», «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարումը»: Միջոցառումների շրջանակներում որոշ բնակավայրերում գործարկվեցին նաև էլեկտրական շչակներ:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն էր՝ ընդգծելով անվտանգության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունն ու հիշեցնելով՝ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։




Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնեւյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։ 1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի, իսկ հետո 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոնֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաեւ Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ։

1958 թ. «Ժնեւյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ): Դրա խնդիրները զգալիորեն ընդլայնվեցին` քաղաքացիական պաշտպանության ազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում։ 1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին, և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: Մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: : Հայաստանը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և Երևանում անց են կացվում բաց դասեր, ուսումնավարժություններ։




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում․ նախատեսվող միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում․ նախատեսվող միջոցառումները

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Աշխարհում այն նշվում է որպես քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և բնակչության պատրաստվածությունը։

Օրվա խորհրդով պայմանավորված Տավուշի մարզում Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները նախատեսել են իրականացնել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացրել դասախոսություններ։ Մասնավորապես՝ մարտի 3-ին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ կանցկանցվեն Լուսաձորի հիմնական դպրոցում, Չինարիի հիմնական դպրոցում, Նոյեմբերյանի մանկապարտեզում և Դիլիջանի մանկապարտեզում։

«Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության օր, ՔՊ ազդանշաններն ու պաշտպանական կառույցները» խորագրով դասախոսություններ են նախատեսվում Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցներում, մարտի 3-ին՝ Իջևանի թիվ 1, թիվ 4 հիմնական դպրոցներում, Պատրիկ Տէվեճյանի անվան տարածաշրջանային քոլեջում, Դիլիջանի թիվ 2, թիվ 5 միջնակարգ դպրոցներում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Բերդի ավագ դպրոցում, իսկ մարտի 4-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

Միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն է՝ կրկին հիշեցնելով՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Քաղպաշտպանության օրը Տավուշի մարզում

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված, մարտի 1-ին
Հայաստանի մարզերում և Երևանում անց են կացվել դասախոսություններ և ուսումնավարժություններ:

Տավուշի մարզում իրականացվել են օրվան նվիրված հետևյալ միջոցառումները․
Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի դպրոցում, Իջևան քաղաքի թիվ 1, Դիլիջան քաղաքի թիվ 1, Բերդ քաղաքի թիվ 3 հիմնական և Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցներում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում թեմայով:

Իջևան և Դիլիջան քաղաքների ավագ, Բերդ քաղաքի թիվ 1, Իջևան քաղաքի թիվ 1 , Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 հիմնական և Հաղթանակ բնակավայրի միջնակարգ դպրոցներում անց են կացվել դասախոսություններ՝ Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օր, քաղպաշտպանական ազդանշանները, ՔՊ պաշտպանական կառույցները, «Առաջին օգնությունը բեկորային վնասվածքի դեպքում», «Տարհանման կազմակերպումը օդային տագնապի դեպքում» թեմաներով:

Տավուշի մարզի 48 հանրակրթական դպրոցներում և 36 նախադպրոցական ուսումնական հաստատություններում 252 ուղեցույցների միջոցով իրականացվել են արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների պահպանման իրազեկման աշխատանքներ:

Օրվա առթիվ իրականացված միջոցառումների մասին կպատմենք Տավուշյան ռեպորտաժի տեսքով։