Մարտի 1, 1997 թվական | Քաղպաշտպանության համաշխարհային օրը

Երևանի Լենինի հրապարակում, ճիշտ է Լենինի արձանն ու անունը հանել են, բայց իներցիան դեռ մնացել է, շատրվանների դիմաց շարվել են Արտակարգ իրավիճակների վարչության սակավաթիվ փրկարարները, նրանց դիմաց` ունեցած տեխնիկան: Պատկերասրահի շենքից պարաններով կախվել ու իրենց մասնագիտական վարպետությունն են ցուցադրում մի քանի առավել աչքաբաց պրոֆեսիոնալները: Երաժշտություն, տոնական տրամադրություն, լրագրողներ, հարցազրույցներ: Շուտով տասնհինգ տարին կլրանա Սպիտակի երկրաշարժի: Այո, մեր երկիրն այսօր արդեն դասեր է քաղել` կառույց ունենք, զարգացում ունենք: Ես և Արտակարգ ալիք հեռուստահաղորդման լրագրողներն էլ բոլորին արտակարգ իրավիճակների մասին իրազեկության կարևորության մասին հարցեր ենք տալիս: Մեկ էլ ճռնչալով մի ոստիկանական մեքենա կանգնեց հրապարակի պռնկին ու ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը շատ մտահոգ մոտեցավ ԱԻՎ պետ-նախարար Ստեփան Բադալյանին: Ես նրա կողքին էի: Իջևանի ՆԳ բաժինն է վառվում, միջի մարդկանց չենք կարողանում հանել: Հրշեջները կրակը հանգցրել են, բայց պատը չեն կարողանում քանդել, ծակել: Երկու փրկարար վերցրեց իրենց գործիքներով ու սլացավ: Բայց ուր: Երևանից 150 կիլոմետր հեռավորությամբ Իջևանում, հրդեհի հետևանքով փայտաշեն ՆԳ բաժնի քարակերտ նախնական կալանքի խցում ծխից խեղդվեց 13 կասկածյալ, 13 առողջ, ընդամենը կասկածյալ` երիտասարդ: Հրշեջները միայն փողրակներ ու կացիններ ունեին, օպերատիվ ու պրոֆեսիոնալ հանգցրին կրակը: Այլևս ոչ մեկին պետք չեկող բանալիներով խուճապահար փախած հերթապահը, որն ըստ իր հրահանգի` իրավունք չուներ դուռը բացելու ու նոր ճողոպրելու, ըստ օրենքի` պարտավոր էր ապահովել մարդկանց տարհանումը կյանքի համար վտանգ ներկայացնող վայրից: Միակ փրկությունը պատը քանդելն էր, որն արեցին հարևան գնդից բերած տանկի օգնությամբ, բայց ուշ էր` ներսիններն արդեն ծխախեղդ էին եղել:

Քաղպաշտպանության համաշխարհային օրը նշելու ցուցադրական միջոցառման տոնական տրամադրությունն ի չիք դարձավ: Միլիցիայի հետ կռիվ տալով, սյուժեն պատրաստեցի ու եթեր գնաց նյութը` ՆԳ բաժնի շենքի հրդեհային անվտանգության մասին, աշխատակիցների խուճապի ու տարրական մտահոգության բացակայության մասին, արձագանքողների` այն ժամանակ հրշեջները նույնպես ՆԳՆ համակարգում էին, ուշ կողմնորոշվելու և տեխնիկական անբավարար զինվածության մասին, ԱԻՎ փրկարարների կենտրոնացվածության, ուշ տեղ հասնելու և ապակենտրոնացվածության անհրաժեշտության մասին: Ում համար են Երևանի փրկարարները, եթե նրանց օգնությունը շրջաններում էլ է անհրաժեշտ: Ինչու հրշեջները կտրող-ծակող գործիքներ պիտի չունենային: Այդ հիմա արդեն մեր բոլոր հրշեջները նաև փրկարար են, ուսուցանված են ու հագեցված փրկարարական գույք հանդերձանքով: Այդ հիմա արդեն բոլոր մարզերում ու քաղաքներում մենք ունենք հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ`բոլորն էլ ապահովված անհրաժեշտ գույքով: Հետո առավել մանրամասն կներկայացնեմ, բայց հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանը` Արձագանք կոչվող ապակենտրոնացման, տեխնիկական հագեցման և ուսուցման երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրի համար:

Նիկոլայ Գրիգորյան«Արտակարգ գիրք» պատառիկներ
Լրատվությունն արտակարգ իրավիճակներում

 




Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Տավուշի մարզում

Օդային տագնապ Լուսաձորի հիմնական դպրոցում. բնակչությանը պատսպարվել պաշտպանական կառույցներում։ Դպրոցի կառավարման մարմինն ու փրկարար ուժերը համապատասխան պլաններով ու հրահանգներով, գործի են դնում նախատեսված քաղպաշտպանական միջոցառումները:
Մարտի 1-ը միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել հանրապետության ուսումնական հասատատություններում։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները հատկապես այսօր հաստատում են՝ միշտ պատրաստ են օգնության հասնելու, նաև՝ սովորեցնելու: Տավուշի մարզի համայնքներում իրականացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացվել դասախոսություններ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների, սեմինար-դասընթացների, գործնական պարապմունքների հիմնական թեմաներն էին՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության տարհանման կազմակերպումը», «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարումը»: Միջոցառումների շրջանակներում որոշ բնակավայրերում գործարկվեցին նաև էլեկտրական շչակներ:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն էր՝ ընդգծելով անվտանգության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունն ու հիշեցնելով՝ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում․ նախատեսվող միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում․ նախատեսվող միջոցառումները

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Աշխարհում այն նշվում է որպես քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և բնակչության պատրաստվածությունը։

Օրվա խորհրդով պայմանավորված Տավուշի մարզում Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները նախատեսել են իրականացնել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացրել դասախոսություններ։ Մասնավորապես՝ մարտի 3-ին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ կանցկանցվեն Լուսաձորի հիմնական դպրոցում, Չինարիի հիմնական դպրոցում, Նոյեմբերյանի մանկապարտեզում և Դիլիջանի մանկապարտեզում։

«Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության օր, ՔՊ ազդանշաններն ու պաշտպանական կառույցները» խորագրով դասախոսություններ են նախատեսվում Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցներում, մարտի 3-ին՝ Իջևանի թիվ 1, թիվ 4 հիմնական դպրոցներում, Պատրիկ Տէվեճյանի անվան տարածաշրջանային քոլեջում, Դիլիջանի թիվ 2, թիվ 5 միջնակարգ դպրոցներում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Բերդի ավագ դպրոցում, իսկ մարտի 4-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

Միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն է՝ կրկին հիշեցնելով՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է։