Մարտի 1, 1997 թվական | Քաղպաշտպանության համաշխարհային օրը

Մարտի 1, 1997 թվական Քաղպաշտպանության համաշխարհային օրը

Արտակարգ Գիրք Պատառիկներ

Լրատվությունն արտակարգ իրավիճակներում

Եվս մեկ թոշնած գարնանամուտ կամ՝ մթագնած խորհուրդ մարդասիրության

Երևանի Լենինի հրապարակում, ճիշտ է Լենինի արձանն ու անունը հանել են, բայց իներցիան դեռ մնացել է, շատրվանների դիմաց շարվել են Արտակարգ իրավիճակների վարչության սակավաթիվ փրկարարները, նրանց դիմաց` ունեցած տեխնիկան: Պատկերասրահի շենքից պարաններով կախվել ու իրենց մասնագիտական վարպետությունն են ցուցադրում մի քանի առավել աչքաբաց պրոֆեսիոնալները: Երաժշտություն, տոնական տրամադրություն, լրագրողներ, հարցազրույցներ: Շուտով տասնհինգ տարին կլրանա Սպիտակի երկրաշարժի: Այո, մեր երկիրն այսօր արդեն դասեր է քաղել` կառույց ունենք, զարգացում ունենք: Ես և Արտակարգ ալիք հեռուստահաղորդման լրագրողներն էլ բոլորին արտակարգ իրավիճակների մասին իրազեկության կարևորության մասին հարցեր ենք տալիս: Մեկ էլ ճռնչալով մի ոստիկանական մեքենա կանգնեց հրապարակի պռնկին ու ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը շատ մտահոգ մոտեցավ ԱԻՎ պետ-նախարար Ստեփան Բադալյանին: Ես նրա կողքին էի: Իջևանի ՆԳ բաժինն է վառվում, միջի մարդկանց չենք կարողանում հանել: Հրշեջները կրակը հանգցրել են, բայց պատը չեն կարողանում քանդել, ծակել: Երկու փրկարար վերցրեց իրենց գործիքներով ու սլացավ: Բայց ուր: Երևանից 150 կիլոմետր հեռավորությամբ Իջևանում, հրդեհի հետևանքով փայտաշեն ՆԳ բաժնի քարակերտ նախնական կալանքի խցում ծխից խեղդվեց 13 կասկածյալ, 13 առողջ, ընդամենը կասկածյալ` երիտասարդ: Հրշեջները միայն փողրակներ ու կացիններ ունեին, օպերատիվ ու պրոֆեսիոնալ հանգցրին կրակը: Այլևս ոչ մեկին պետք չեկող բանալիներով խուճապահար փախած հերթապահը, որն ըստ իր հրահանգի` իրավունք չուներ դուռը բացելու ու նոր ճողոպրելու, ըստ օրենքի` պարտավոր էր ապահովել մարդկանց տարհանումը կյանքի համար վտանգ ներկայացնող վայրից: Միակ փրկությունը պատը քանդելն էր, որն արեցին հարևան գնդից բերած տանկի օգնությամբ, բայց ուշ էր` ներսիններն արդեն ծխախեղդ էին եղել:

Քաղպաշտպանության համաշխարհային օրը նշելու ցուցադրական միջոցառման տոնական տրամադրությունն ի չիք դարձավ: Միլիցիայի հետ կռիվ տալով, սյուժեն պատրաստեցի ու եթեր գնաց նյութը` ՆԳ բաժնի շենքի հրդեհային անվտանգության մասին, աշխատակիցների խուճապի ու տարրական մտահոգության բացակայության մասին, արձագանքողների` այն ժամանակ հրշեջները նույնպես ՆԳՆ համակարգում էին, ուշ կողմնորոշվելու և տեխնիկական անբավարար զինվածության մասին, ԱԻՎ փրկարարների կենտրոնացվածության, ուշ տեղ հասնելու և ապակենտրոնացվածության անհրաժեշտության մասին: Ում համար են Երևանի փրկարարները, եթե նրանց օգնությունը շրջաններում էլ է անհրաժեշտ: Ինչու հրշեջները կտրող-ծակող գործիքներ պիտի չունենային: Այդ հիմա արդեն մեր բոլոր հրշեջները նաև փրկարար են, ուսուցանված են ու հագեցված փրկարարական գույք հանդերձանքով: Այդ հիմա արդեն բոլոր մարզերում ու քաղաքներում մենք ունենք հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ`բոլորն էլ ապահովված անհրաժեշտ գույքով: Հետո առավել մանրամասն կներկայացնեմ, բայց հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանը` Արձագանք կոչվող ապակենտրոնացման, տեխնիկական հագեցման և ուսուցման երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրի համար:

Քաղպաշտպանության համաշխարհային օր




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը Տավուշի մարզում

Մարտի 1-ը միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել հանրապետության ուսումնական հասատատություններում։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները Տավուշի մարզի համայնքներում իրականացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, անցկացրել դասախոսություններ։

Տավուշի մարզի 48 հանրակրթական դպրոցներում և 36 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ավելի քան 250 ուղեցույցների միջոցով իրականացվել են արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների պահպանման իրազեկման աշխատանքներ: «Ես պատրաստ եմ» խորագրով ուղեցույցը, որը ստեղծվել է նոյեմբերյանցի Կարինե Ալեքսանյանի ու իր թիմակիցների ջանքերով՝ նպատակ ունի բարձրացնել բնակչության անվտանգության և պաշտպանվածության մակարդակը։ Քաղպաշտպանության օրվա միջոցառումների շարքում հանրակրթական դպրոցներում իրականացվել է նաև ուսումնավարժություններ՝ պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում թեմայով:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված միջոցառումների առանցքում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումն ու պատրաստվածության ամրապնդումն էր՝ կրկին հիշեցնելով՝ ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Օրվա առիթով Տավուշ հեռուստաընկերությունը ցուցադրեց մի շարք հեռուստահաղորդումներ ու տեսահոլովակներ, իսկ www.tavushmedia.am կայքի գլխավոր էջը ամբողջությամբ հագեցած էր քաղպաշտպանության վերաբերյալ նյութերով։ Այցելեք ու դիտեք, լսեք, կարդացեք և եղեք իրազեկ։




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված շչակների գործարկում Բերդ համայնքում

Տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Բերդ համայնքի Այգեպար, Պառավաքար, Չորաթան, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես բնակավայրերում գործարկվելու են շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օրը Բերդ քաղաքի և նշված բնակավայրերի ուսումնական հաստատություններում կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ նշված բնակավայրերում տեղակայված հրշեջ-փրկարարական խմբերի մասնակցությամբ: