Հանրային իրազեկման ծրագիր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի հետ համագործակցությամբ իրականացնում է հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակն է Հայաստանի հինգ մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր) քննարկել մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հիմնախնդիրը, լուծումներ գտնել այդ խնդրին և լուծման առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համաձայն կառույցի նախնական ուսումնասիրությունների արդյունքների՝ մանկապարտեզների հասանելիությունը խիստ խտրական է Հայաստանում և խախտում է մանկապարտեզահասակ երեխաների գրեթե կեսի կրթության իրավունքը: Այսպես. Հայաստանում այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ հաճախում է անվճար (Երևանում), մյուս 1/3-ը մանկապարտեզ հաճախում է վճարովի հիմունքներով, ընդ որում ուսման վարձը տարբեր համայնքներում 2000-8500 դրամ է՝ կախված համայնքի բյուջետային հնարավորություններից: Այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև այդ կամ մոտակա բնակավայրերում մանկապարտեզ չկա, կամ՝ ընտանիքը ուսման վարձ վճարել չի կարող: Ստացվում է, որ առաջին դասարան հաճախող երեխաների մի մասը նախնական կրթություն ունի, իսկ մյուս մասը՝ չունի, ինչը ազդում է դպրոցում ուսումնառության որակի և ուսման առաջադիմության վրա, դրանից բխող այլևայլ հետևանքներով:

Սրա հետ մեկտեղ մանկապարտեզից զրկված երեխաների ընտանիքներում ծնողներից մեկը, սովորաբար դա մայրն է, ստիպված է լինում մնալ տանը երեխային խնամելու՝ աշխատելու կամ լիարժեք աշխատելու փոխարեն: Փաստորեն, քիչ է, որ այդ ընտանիքի երեխան զրկված է նախնական կրթության հնարավորությունից, նաև այդ ընտանիքը զրկված է հնարավոր այլ եկամտից:

Անշուշտ,  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում դրությունը այս ոլորտում տարբեր է: Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը այդ տարբերությունները, իրադրությունը և լուծման ուղիները քննարկելու համար, կազմակերպում է հանրային քննարկում, որտեղ հրավիրվել են համայնքային և մարզային պաշտոնյաներ, կրթության ոլորտի մասնագետներ, ծնողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:

Քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք. Իջևան, Ա.Մելիքբեկյան 1):