«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը` Կիրանցից-Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 4-ին Կիրանցում հայտարարեց`

««Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշեց, որ իր ժողովրդով ուղղակի գնա Երևան և պատասխաններ պահանջի ու պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի՝ այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից»:

Սրբազանը հավելեց, որ նախատեսվում է մայիսի 9-ին հասնել մայրաքաղաք Երևան:

Քայլերթը սկսվեց Կիրանց գյուղից, այնուհետև անցնելով Իջևանը, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծնի վանքի տարածքում, մայիսի 5-ի առավոտյան մասնակցել Պատարագի և շարունակել երթը դեպի Դիլիջան:

«Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք», – նշում է Բագրատ Սրբազան:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերկուսակցական, գաղափարական, ազգային և հոգևոր շարժում է:
Տավուշից դեպի Երևան երթը շարունակվում է: Այս պահին շարժման մասնակիցները Գեղարքունիքի մարզում են:

Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի:




Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթուն կլինի Կիրանցում. ՊՆ

Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթուն:

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

 




Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղ տանող ճանապարհը

Այսօր առավոտից ոստիկանական զորքերը փակել են գյուղի ճանապարհը` իրականացնելով ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Իրավիճակը համեմատաբար լարվեց, երբ Տավուշի թեմի առաջնորդի ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Կիրանց արգելվեց և քաղաքացիները կրկին պահանջեցին բացել ճանապարհը:

Ժամը 20:00-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Գ. Դանիելյանին հաջողվեց այցելել Կիրանց, նա այս պահին գյուղում է:




Կիրանցում ճանապարհը փակ է, իսկ Բաղանիսում սահման են գծում

Արդեն 10-րդ օրն է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը։ Բնակիչները իրենց բողոքն են արտահայտում սահմանազատման դեմ։ Բագրատ Սրբազանը կրկին հիշեցնում է՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Այս օրերին Կիրանցի բնակիչների կողքին են նաև հանրապետության այլ շրջանների քաղաքացիները։

Լուրջ դժվարությամբ շարունակում ենք ճանապարհը Կիրանցից դեպի Ոսկեպար, ապա՝ Բաղանիս։ Բաղանիսում առօրյան սովորականի նման չէ․ վերջին շրջանում գյուղ շատ են այցելում լրատվամիջոցներ, որոնք ըստ բնակիչների խանգարում են իրենց։ Մարդիկ, թեպետ առկա իրողություններին, ապրում են իրենց սովորական կյանքով՝ խնամում այգին, ջուր բերում, հավաքվում ու զրուցում։

Բաղանիսի գյուղացիների համար իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, մարդիկ խճճվում են տարբեր տեղերից իրենց հասնող տեղեկատվական հոսքերի մեջ։

Այսօր Բաղանիսում սահման են գծում, բայց մարդկանց հիշողություններից չի հեռանում ավելի քան 35 տարվա սահմանային կյանքը, որը հաճախ անհանգիստ էր, թեժ ու վտանգավոր։




Ինչ կատարվեց Կիրանցում

Արդեն 8-րդ օրն է Կիրանցում փակ է գյուղի ճանապարհը։ Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ընդվզում են սահմանազատման դեմ: Այս ընթացքում Կիրանցի բնակիչների հետ հանդիպել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը։ Այսօր երեկոյան Կիրանց այցելեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։

Այնուհետև փոխոստիկանապետ Կ․ Հակոբյանը և Տավուշի մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանը կոչ արեցին բնակիչներին բացել ճանապարհը, որպեսզի սահմանագծման աշխատանքները իրականացվեն։ Քաղաքացիները թույլ չտվեցին մեքենայի տեղաշարժը, որից հետո հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև քաշքշուկ և հրմշտոց տեղի ունեցավ։

Ոստիկանական ուժերը տեղում հայտնեցին, որ բերման ենթարկվածներ չկան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ հանդարտեցման կոչով, բնակչությանը հորդորելով չտրվել սադրանքների և բացել ճանապարհը։ Ճանապարհը մի քանի րոպեով բացվեց և կրկին փակվեց։ Բողոքի ակցիան Կիրանցում շարունակվում է․ առջևում 9-րդ օրն է։




Կիրանցի ճանապարհը փակ է. բնակիչների ընդվզումը՝ սահմանազատման դեմ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը: Բնակչության ընդվզումը շարունակվում է. 3-րդ օրն է փակ է գյուղի ճանապարհը, բնակիչները դեմ են սահմանազատմանը:




Բնակիչները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը այսօր առավոտից կրկին փակ է: Երկուշաբթի օրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է այցելել Կիրանց` պատասխանելու բնակիչների հարցերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. երկրորդ օրն է փակվում է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

 




Փակ է Կիրանց գյուղի ճանապարհը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ` ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. այժմ փակ է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

ԹԱՐՄԱՑՈւՄ
Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ:




Մակարավանքում նշվեց Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ծաղկազարդի տոնն արդեն ավանդաբար մեծ շուքով է նշվում Մակարավանքում․ այս տարի ևս տոնախմբությանը հավաքվել էին Տավուշի մարզի Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչները: Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագից և Մանուկների օրհնության կարգից հետո տոնը շարունակվեց վանքի բակում՝ տաղանդաշատ երեխանների երաժշտական ու պարային կատարումներով։




Կիրանցում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։