Մեկնարկում է «Կողբ» թվային ստուդիան․ հարցազրույց նախագծի պատասխանատուների հետ
«Կողբ» հիմնադրամը, համագործակցելով Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ, մեկնարկել է նոր պիլոտային նախագիծ՝ «Կողբ» թվային ստուդիա։
Տավուշ հեռուստաընկերության տաղավարում են թվային ստուդիայի նախագծի պատասխանատու և համակարգող Արթուր Աղաբաբյանին և «Կողբ» հիմնադրամի նախագծերի համակարգող Լուսինե Դանուխյանին․ խոսում ենք նոր պիլոտային նախագծի մասին։
Նախագծի շրջանակներում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից՝ ընդունելության փուլը հաղթահարած 10 դիմորդներ 9 ամսվա ընթացքում անվճար կսովորեն 3D մոդելավորում։ Նախագծի մեկնարկից 3-4 ամիս հետո մասնակիցները կգրանցվեն ֆրիլանս հարթակներում և կսկսեն աշխատել արհեստական միջավայրում՝ ստանալով պատվերներ, իրականացնելով դրանք եւ վաստակելով համապատասխան գումար։ Նախագծի ավարտին մասնակիցները կտիրապետեն ֆրիլանս հարթակներում հեռահար աշխատելու հմտությունների, կունենան սեփական էջեր՝ համապատասխան պորտֆոլիոներով։
Նպատակն է, որ մասնակիցների առնվազն 40%-ը պետք է 9 ամիս հետո կարողանա ինքնուրույն ամսական առնվազն 100,000 դրամ եկամուտ վաստակել։
Կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք՝ լրացնելով համապատասխան հայտը։ Դիմորդներից 10-ը կհաղթահարեն ընդունելության փուլը և կընդգրկվեն պիլոտային նախագծում։ Մյուսները սեփական համակարգիչներով կարող են մասնակցել դասընթացներին որպես ազատ ունկնդիր։ Դիմորդները պետք է ունենան նվազագույն համակարգչային գրագիտություն (MS Word, Excel, PPT), անգլերենի նվազագույն հաղորդակցային իմացություն, սովորելու մեծ մոտիվացիա եւ աշխատանքային կարգապահություն։
Նախագծին դիմելու հայտին կարող եք անցնել այս հղումով․ https://bit.ly/3tAtfin: