«Կողբ-Վարդավառ 2026». չորրորդ տարին՝ ավանդույթի, երաժշտության ու տոնական տրամադրության շուրջ

Կողբ-Վարդավառ 2026

Հազարավոր մարդիկ արդեն չորրորդ անգամ հավաքվեցին Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ միասին տոնելու Վարդավառն ու մասնակցելու բազմաժանր մշակութային և ժամանցային ծրագրերին։ Հուլիսի 10-ից 12-ը այստեղ անցկացվեց «Կողբ-Վարդավառ» եռօրյա փառատոնը, որը երեք օրով գյուղը վերածեց մշակութային և զբոսաշրջային աշխույժ կենտրոնի։

Փառատոնը մեկնարկեց արկածային անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» նախագծով։ Ծրագրում ընդգրկված էին նաև Ռուբեն Եսայանի և Սոս Ջանիբեկյանի հետ հանդիպում-քննարկումները, արվեստի և արհեստի վարպետաց դասերը, ինչպես նաև գաստրոնոմիական տաղավարները, որտեղ ներկայացված էին տեղական արտադրողների ուտեստներն ու արտադրանքը։ Եռօրյա տոնակատարությունն ամփոփվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ Ֆոլկ» համերգով, Գարիկ և Սոնա խմբի ելույթով, ազգային երգ ու պարով և տոնական հրավառությամբ։

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշի և Հայաստանի տարբեր համայնքների արտադրողներին, մասնակցելու խոհարարական վարպետաց դասերի, ինչպես նաև փորձելու ավանդական արհեստները՝ կավագործությունից մինչև գորգագործություն։

Ավելի հանգիստ ժամանց նախընտրողների համար գործում էին առանձին հանգստի գոտիներ՝ ֆիլմերի ցուցադրություններով, յոգայի և այլ առողջարար ծրագրերով։ Փառատոնի նպատակն է պահպանել Վարդավառի ավանդույթը ու Կողբը ներկայացնել որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոն՝ խթանելով համայնքային կյանքն ու տեղական տնտեսությունը։ Այդ նպատակին նպաստեց նաև այն, որ բոլոր միջոցառումներն այցելուների համար անվճար էին։

Վարդավառի գլխավոր խորհրդանիշը՝ ջրոցին, այս տարի ևս դարձավ ամենամարդաշատ միջոցառումներից մեկը։ Երաժշտության, ազգային պարերի և տոնական մթնոլորտի ուղեկցությամբ փառատոնի մասնակիցները պահպանեցին հայկական ամենասիրելի ամառային ավանդույթներից մեկը։

Կարդացեք նաև՝

 




Պատվով ծառայեցինք

Զորացրումը սպասված իրադարձություն է հատկապես նրանց համար, ովքեր հրաժեշտ են տալու բանակային կյանքին, զինվորական առօրյային, ծառայության խիստ, բայց արդեն հարազատ դարձած ռիթմին:

Ու մինչ մենք օրացույցի հերթական էջն ենք թերթում, նրանք մեկ օրով էլ են մոտենում սպասված պահին…

Մի քանի օրից հրազդանցի Արմեն Պողոսյանը կավարտի ժամկետային զինվորական ծառայությունը:

Ծառայությունը դժվար չէր. արագ անցավ: Եղբորս՝ Արմանի հետ նույն զորամասում ենք ծառայում։ Ես շուտով կզորացրվեմ, իսկ նա դեռ շարունակելու է ծառայությունը:

Մինչ զորակոչվելը սերժանտ Արմեն Պողոսյանը հնագիտությամբ է զբաղվել, զբոսաշրջիկներին ուղեկցել է Հատիս լեռ:

Հատիսը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Լանջերին պահպանվել են բրոնզե և երկաթե դարերի կիկլոպյան ամրոցներ, դամբարանադաշտեր, միջնադարյան կառույցներ և ավերակներ, որոնք Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերի վկայություններն են,- մանրամասն ներկայացնում է Արմենն ու ընդհանրացնում ասածը, – մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, և ինչ նշանակություն ունի մեզ համար Հայկական լեռնաշխարհը…

Այսօր հնագետ Արմենը ոչ միայն հիշում է, այլև իր ծառայությամբ պահպանում ու պաշտպանում է մեր պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը։

Նա դիրքի ավագ է։

Ո՛չ սաստիկ ցրտին, ո՛չ ամառվա տապին զգոնությունը մի պահ իսկ չենք թուլացրել, քանի որ հստակ գիտակցել ենք, թե ինչի ենք այստեղ: Մեզ միավորել է Հայրենիքի անվտանգության համար պատասխանատվությունը։ Միասին հաղթահարել ենք դժվարությունները, ուրախացել հաջողություններով, ու մեր բանակային ընկերությունը վերածվել է եղբայրության։

Ծառայության ամենաջերմ ու տպավորիչ հիշողություններից մեկն էլ իր ծննդյան օրն է, որը նշեցին դիրքում:

Տղաները բուխանկա հացի վրա խտացրած կաթ էին լցրել, փոքրիկ տորթ էին դարձրել։ Հիմա, երբ մտածում եմ զորացրվելու մասին, հոգիս լցվում է նման ջերմ ու հուզիչ հիշողություններով…:

Արմենի մտերիմ ընկերը՝ սերժանտ Արման Ղազինյանն էլ շուտով կավարտի ծառայությունը։ Ծառայության առաջին օրից են մտերմացել։ Տավուշի մարզի Կողբ գյուղից է Արմանը, դասակի հրամանատարի տեղակալ է: Մինչ զորակոչվելն ավարտել է Նոյեմբերյանի քոլեջը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում և շահագործում մասնագիտությամբ։

Բանակ գալուց առաջ հայրս խրատ տվեց՝ գլուխդ բարձր կծառայես, որ ես գլուխս չկախեմ…Այդ խոսքերը միշտ հիշել եմ՝ ամեն հերթափոխի, ամեն գիշեր ու լուսաբաց…

Արմանը ծառայության ընթացքում արժանացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանին, ճանաչվել լավագույն զինվոր-մարզիկ, վերջերս էլ, որպես դիրքի ավագ, խրախուսվել է «Մարտական հերթապահություն» կրծքանշանով։

Առաջին անգամ իր դիրք բարձրանալն է հիշում, խոստովանում է՝ բոլորովին ուրիշ զգացողություն էր՝ լարվածությունն ու հպարտությունը միախառնվել էին:

Մենակ կանգնած ես դիտակետում, շուրջբոլորը համատարած խավար։ Ամեն ձայնից, շարժումից լարվում էի։ Հետո ժամանակի ընթացքում սովորում ես, ինքնավստահություն ձեռք բերում, ավելի հանգիստ գնահատում իրավիճակը:

Այսօր արդեն ինքն է հոգ տանում նորակոչիկների մասին, դիրքի ավագ է:

Դիրքի ավագը պատասխանատու է ոչ միայն ծառայության կազմակերպման, այլև իր ենթակաների հոգեբանական վիճակի համար: Միշտ փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր ունեն հերթապահության եկած տղաները, ի՞նչն է անհանգստացնում, մտահոգում։ Եթե տեսնում եմ՝ որևէ մեկի սրտում վախ կա, անհանգստություն կա, նրա կողքին եմ լինում թե՛ ֆիզիկապես, թե՛ խորհուրդներով:

Արմանը հպարտությամբ է պատմում իրենց դիրքի մասին.

Մեր դիրքը միշտ կոկիկ ու մաքուր ենք պահում։ Մեր հարաբերություններն էլ ամուր են՝ մեր պահած դիրքի պես: Երեկոները հավաքվում ենք, երկար զրուցում: Մեկը պատմում է իր գյուղի մասին, մյուսը՝ ընտանիքի, սիրած աղջկա, մեկն էլ մոր սարքած կերակուրն է մտաբերում, խոսում ենք ապագա ծրագրերից, նպատակներից։ Այդ զրույցները մեզ շատ են մտերմացնում։

Արմանի ծննդյան օրն էլ է յուրահատուկ եղել բանակում:

Ապրիլի քսանհինգին դիրքում էինք։ Ոչ մեկին չէի ասել, որ ծնունդս է։ Երբ կեսգիշերից հետո իջա կացարան, տեսա՝ տղաները վաֆլիների վրա խտացրած կաթ ու բալի մուրաբա են լցրել, վրան անունս գրել մուրաբայի հատիկներով։ Հետագայում գուցե իմ ծնունդը նշեմ ճոխ սեղանների շուրջ, ամենագեղեցիկ տորթերով, բայց երբեք չեմ մոռանա իմ բանակային «արվեստի գլուխգործոց» տորթը…

Երկու տարվա ծառայությունը, Արմանի խոսքով, զգալիորեն փոխել է իրեն.

Ավելի կազմակերպված եմ դարձել, ավելի պատասխանատու։ Երբ հեռու ես ընտանիքից, սկսում ես ուրիշ կերպ գնահատել հարազատներիդ, տունդ, երկրիդ խաղաղությունը։

Բանակը յուրօրինակ փորձաշրջան էր սերժանտներ Արմեն Պողոսյանի ու Արման Ղազինյանի համար՝ ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, հասունացման…

Երկու զինվորներն էլ առանձնահատուկ ջերմությամբ են խոսում նաև իրենց հրամանատարների մասին։ Ասում են՝ ժամանակի ընթացքում են հասկացել, որ հրամանատարների խստության հետևում հոգատարություն էր թաքնված, սեր ու սրտացավություն:

Զինվորը հետո է հասկանում, որ հրամանատարի պահանջկոտությունն ու խստությունն են օգնում իրեն ծառայել բարեխղճորեն, պատվով… ու տուն վերադառնալ հպարտ, գլուխը բարձր։

 

 




Կողբ գյուղում անցկացվեց «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը

Դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում կայացավ «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը, որը կազմակերպվել էր «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության Տավուշի մարզային թիմի և Կողբ հիմնադրամի համագործակցությամբ։

Ֆորումը համախմբել էր շուրջ 50 երիտասարդների Իջևան և Նոյեմբերյան համայնքներից, ինչպես նաև տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Միջոցառման ընթացքում խոսնակները ներկայացրել են իրենց մասնագիտական փորձը, կիսվել օգտակար խորհուրդներով և պատասխանել երիտասարդներին հուզող կարևոր հարցերին։

«Այսպիսի միջոցառումները նպաստում են երիտասարդների ակտիվացմանը և նպատակ ունեն աշխուժացնել երիտասարդներին՝ խթանելով նրանց ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը», — նշում է կազմակերպիչներից Մոնիկա Փաշիկյանը։

Ֆորումը նպաստել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, համայնքային ակտիվության խթանմանը և փորձի փոխանակմանը։ Օրը եզրափակվել է հայկական ազգային երաժշտական կատարումով՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։




Նկարչական սիմպոզիում 2025․ հանդիպում բնության, արվեստի ու կողբեցիների հետ

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որն ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները օրեր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան




Նիկոլ Աղաբաբյանի հայրենակարոտ մուտքը՝ մշտական վերադարձը Տավուշ աշխարհ

Հայաստանը գունեղ երկիր է՝ ամեն ինչ իր երանգն ունի։ Այդ գույների մեջ է ծնվել ու մեծացել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում ստեղծագործական շունչը վաղուց հատել է Հայաստանի սահմանները։  Սակայն, որքան էլ լայն լինեն աշխարհը շրջելու նրա հնարավորությունները, վերադարձը միշտ մեկ ուղղությամբ է՝ դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։ Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը։

Նկարչության հանդեպ սերը ձևավորվել էր դեռ մանկուց․ դպրոցական տարիներին Նիկոլ Աղաբաբյանի ձեռքին հաճախ էին թուղթ ու մատիտ տեսնում։ Ուսուցիչները համոզված էին՝ այս տղան նկարիչ է դառնալու։

 

Նիկոլ Աղաբաբյանի անունը վաղուց է ծանոթ արվեստասերներին։ Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած ծննդավայր Կողբից մինչև եվրոպական ու ամերիկյան պատկերասրահներ։ Գեղանկարչի աշխատանքներում կողմնակի ազդեցություններ չկան․ յուրաքանչյուր պատկերի մեջ ինքն է՝ իր գույներով, իր մտահորիզոնով, ինքն է՝ իր աշխարհով։

Վարպետ Նիկոլը սիրում է իր բնաշխարհը, արտահայտում այն՝ ինչ զգում է։ Այդ զգացողությունն էլ է նրան առանձնացնում է ու դարձնում ճանաչելի։

Ընկերների խոսքով՝  նա երբեք չի փորձում զարմացնել, նա պարզապես նկարում է՝ ինչպես տեսնում է աշխարհը։ Գուցե հենց այդ անկեղծության մեջ է նրա արվեստի խորհուրդը։

Նրա վրձնահարվածներում հայրենականն է, ավանդականն ու համամարդկայինը։ Յուրաքանչյուր կտավ Նիկոլ Աղաբաբյանի հայրենակարոտ մուտքի մասին է՝ մշտական վերադարձի մասին դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։

Կարդացեք նաև՝




Կողբ գյուղը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Կողբի թիվ 1 դպրոց




«Ինչքան խոսենք՝ կխոսվի, ինչքան հիշենք՝ կհիշվի»․ Անիտայի ու Էմիլիի տավուշյան զրիցը՝ համեմված հին հուշերով

Անիտա Հովհաննիսյան, Էմիլի  Հովհաննիսյան, Կողբ, Նոյեմբերյան




«Տավուշի իմ տան հեքիաթը»․ Կողբ գյուղի անվան ծագումնաբանությունը

«Տավուշի իմ տան հեքիաթը» տավուշեցի երեխաների համար մրցույթը շարունակվում է: Մենք ստանում ենք Ձեր աշխատանքները, սիրելի դպորցականներ. շարունակեք ուղարկել մեզ, իսկ մենք լավագույնները կներկայցնենք նաև ձեր ուշադրությանն ու դատին։ Հիշեցնենք, որ հաղթողները որոշվելու են նաև ձեր հավանումներով, գնահատականներով ու մեկնաբանություններով։

Այս պատմությունը մեզ է ուղարկել Մոնիկա Փաշիիկյանը։ Մոնիկան սովորում է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի Բ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցում, 11-րդ դասարանում։ Ընթերցեք նրա պատմությունը հայրենի գյուղի մասին։

 «Կողբ գյուղի անվան ծագումնաբանությունը

Բարի օր ձեզ։ Սօր եկեք զրից անենք մեր գեղի` Կողբի պատմության մասին։ Օրինակի հմար հեչ մտածե՞լ եք` որդենա՞ եկել էս կոխտա գեղի անունը։ Ես հմի կպատմեմ,դուք էլ շատ ուշադիր կարդացեք,որ լավ հիշեք։

Դե մեր գեղը հնուց ի վեր կա։ Էտ վախտերը կողբացիք մի ամրոց են շինած ըլմ, ըժու մի վենձ, երգար քարե սիրուն աշտարակել հետը շինմ են։ Դրա հմարել մեր գեղը սկսմա կոչվել Կուլբաքար (քար և ամրոց)։ Դե մեր գեղացիք ըշխատելը շատ են սիրմ, արտերմը մի լավ բանմ են, ըժու գեղը լավ հարստացնմ։ Ու մչա հարստանմ են,որ զինանշան են ունենմ։ Էտ զինանշը ցորենի մի հատիկ էր,բայց իսկական ցորեն չէր է՜, ոսկուց ձուլվաած, կոխտա բան էր, աշտարակի գլխավերևմնեին դրել, որպես խորհդրանիշ։

Ահագին վախտ անցա կենմ։ Մի օր էս տերը մեռած թշնամին գիդենմա, որ դհե գանձ ունին կողբացիք, ըժու  որոշմ են էտ խլելու հմար հրձակվին գեղի վրա։ Գալիս են էտ խեղճ ժղովրդին սպառնմ, որ թե բա էտ ոսկին տան, թե չէ աշտարակը կքանդեեն, արտերնել կվառեն։ Գյուղի վենձերը իգին֊իգին ժողով են անմ, ըժու որոշմ ոսկին տան, թե չէ, որ արտերը վառեին էտ խեղճ մարդիկ  կարալ չտէին հաց֊մաց ունենան, էտ էր միակ ապրուստի ձևը։ Բայց դե մեր ժղովուրդը մչա խելքովա, միսատ գլխիա ընգնմ, թե եդնուց ինչ կարելիա անել։ Որոշմ են, որ հնձի գործը կպռծնուն, ըժու հմիել իրանք կհրձակվին ու մեր գանձը եդ կբերեեն։ Էնա դհենցել են անմ են ու ամեն ինչ մեր գեղացոնց սրտովնա ըլմ։ Բայց էն թշնամինն ընդի իրա տեղը գթնելիս չի ըլմ,նորից հրձակվմ են, որ եդ տանին էտ ոսկին, էտ էլ տենմ են, որ կարմ չենն, ըժու մեր կոխտա աշտարակը փուլեն ածմ։ Էտ աշտարակի ավերումից դեսը գեղի անունը փոխվածա ու դհենցել մնացել Կողբ, դե էտ քարից շինած բաները էլ կային ոչ էլի։

Խու մտածեցիք ոչ, թե էսքանով պռծաք ինձանե, կացեք֊կացեք, դեռ շատ բան ունիմ պատմելու։ Եկեք Ազափ լարերի, կամ գրականով ասած Ամուրիների մասին պատմեմ, որ էտ էլ գիդենաք։

Կոզմանի լեռներիցը դբա Կողբ գեղ դվեր մտնող մի լեռնաճյուղի թամքոցներից մնի վրա միջնադարյան խաչքարերով գրեզմանոց կա։ Մի սիրուն գարունքվա օրա ըլմ, մինել գեղը լուրա հասնմ, որ լեզգիների մի խումբ հրձակվմ են գեղի վրա, ըժու ուր որա կհասնուն։ Էտ վախտել չիմ իրանց տներմն են ըլմ, մենակ մի քանի ջահել, ազափ (գրական` ամուրի) տղերք գեղամիջմը վաքված են ըլմ։ Դե մեր տղեքնել խու վախող չեն, իրանց կորցնմ չեն։ 18֊30 ազափ տղերք զինվմ են ըժու դուրս գալիս, որ դրանց հախիցը մի լավ գան, մինչևանը գեղացիք գան քոմակ անեն։ Տղերքը կարմ են թշնամուն մի լավ վեր հատեն, թուլացնեն, բայց ցավոք վերջմ զոհվմ են։ Հա շատ ցավոտ պատմությունա ու էս ապացույցնա էն բանի, որ Կողբի ժղովուրդը համ շատ մեծ, հարուստ ու կարևոր պատմություն ունի, համ շատ խիզախա։ Մի խոսքով շարունակենք պատմությունը։ Ըժու մեր գեղացիք, որ գիդենմ են, թե ինչա կատարվել, գալիս են, ըժու մեր հերոսներին հենց իրանց զոհված տեղմնել հողին հանձնմ ու ամեքի գերեզմանը ըտի շինմ։ Էտ կռիվնել մի սարի քշտինա էլած ըլմ, դրանից եդը էտ սարը սկսմ են կոչել Ազափ սարեր, եդնուց էտ դառնմա սրբատեղի։ 1999 թվինել հայրենագետ Սուրեն Աբովյանի նախաձեռնությամբ ըտի ևս մի թազա հուշարձանա շինվմ։

Էսքանով էս նյութը պռծածնենք, բայց մի բան լավ գիդեցեք. մեր գեղի պատմությունը շատ֊շատա ու շատ կարևոր, ուղղակի էտքանն անհնարա սենց պատմել»։

Մոնիկա Փաշիկյան, Տավուշի մարզ, գյուղ Կողբ

«Տավուշի իմ տան հեքիաթը»․ մրցույթ տավուշեցի երեխաների համար

 




«Ջրի սիմֆոնիա․ Կողբ-Վարդավառ». սպասված փառատոնը կյանքի կոչվեց

Կողբ-Վարդավառ

Վարդավառը Տավուշում ամենասիրված ու սպասված տոնն է, որն արդեն երրորդ անգամ Կողբում ստանում է իր յուրահատուկ դրսևորումը։ Հազարավոր մարդիկ Տավուշից, Հայաստանի մարզերից ու արտերկրից ընտրել էին ջրի ճամփան ու եկել Կողբ՝ դառնալով տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մասը։

Հուլիսի 25․ 2025 թվական․ Կողբ գյուղն արթանանում է վարդավառյան տրամադրությամբ։ Տոնի մեկնարկը դասական էր․ սիմֆոնիկ համերգային երեկոն փառատոնի առաջին միջոցառումն էր։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Կողբ վարդավառը»  մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության,  լավ ու վառ տրամադրության մասին է։ Փառատոնային եռօրյան, որ այս տարի «Ջրի սինֆոնիա» խորագիրն ուներ, առանձնանում էր մի քանի դրվագներով, որոնցից մեկը Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախմբի, «Գարիկ Սոնա» խմբի ու Նեմրայի համատեղ համերգն էր։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշում է

«Ամեն տարի փորձում ենք նշաձողը բարձրացնել՝ ձգտելով նախորդ տարվա դասերի հիման վրա նոր բաղադրիչներ ավելացնել և միջոցառման մակարդակը բարելավելու արդյունքում յուրաքանչյուր տարի ապահովել ավելի մեծ ընդգրկվածություն և ծավալներ։ Այս տարին բացառություն չէ։ Փառատոնի մեկնարկից հետո ակնհայտ դարձավ, որ կազմակերպչական աշխատանքներում ունենք ցանկալի առաջընթաց։ Այս տարի մեր փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հենց միայն այդ հանգամանքը, որ նման մակարդակի նվագողներ ու կատարողներ մասնակցում են միջոցառմանը, արդեն իսկ մեծ իրադարձություն է, քանի որ մարզում, ցավոք, հաճախ տեղի չեն ունենում նման որակի երաժշտախմբերի համերգներ»,- նշեց Արման Բարսեղյանը։

Կողբի ֆուտբոլի դաշտից բուրող համն ու հոտը պատել էր փառատոնային գոտին։ Գաստրո տաղավարներն ու ազգային խոհանոցի վարպետաց դասերը նորովի ընդգծում էին հայկական-ավանդական սեղանի ուժը, որից հետո բոցավառվում է մարզական ոգին՝ Օլիմպիական թեքվանդոյի ցուցադրական ելույթները։

Կողբի տարբեր անկյուններում արվեստը շնչում էր՝ կինոդիտումներ, գրական զրույցներ, ստեղծագործական վարպետաց դասեր․ վառ, երաժշտական ու հանգստի գոտիներում յուրաքանչյուրը կարող էր գտնել իր նախընտրելի զբաղմունքը։

Վարդավառի ծիսակարգը կենդանացավ նաև թատերականացված ներկայացմամբ, վերջում ազդարարելով ջրոցու մեկնարկը։ Ամենուր բարձր տրամադրություն, հազարավոր ժպիտներ, հողի ու հայրենիքի, դրանց թիկունք կանգնողի գնահատում, վերաժեվորված մշակույթ, և ամենակարևորը՝  ավանդույթների ուժն ու կարևորությունը, իրենց միասնությունը զգացող մարդիկ։ Հենց սա էր դարձել միջոցառման անկյունաքարը։

Տավուշյան շուքով վարդավառի տպավորությունները շատ են, որոնք ամեն անգամ ժպտալու և ինչու ոչ, այստեղ այցելելու առիթ կհանդիսանան․ Հաջորդ Վարդավառին գուցե հենց դուք հայտնվեք Կողբում՝ այս մաքրության, այս ջերմության ու այս ժողովրդի սրտում։




Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։