SeptemberFest 2023-ը՝ սեպտեմբերի 23-ին Կողբ գյուղում

Հերթական մեծ ու ավանդական միջոցառումը` գունառատ Տավուշում։

Սեպտեմբերի 23-ին՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի արդեն ավանդույթի վերածված Septemberfest մրգօղու փառատոնը։ Սահմանամերձ համայնքը պատահական չի ընտրվել․միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել կյանքը Տավուշի սահմանային բնակավայրերում՝ միաժամանակ տարբեր տեսակի մրգերից թորվող մրգօղին դիրքավորելով որպես հայկական տեղական ապրանքանիշ։

Սեպտեմբերի 23-ին փառատոնի հյուրերը ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենան տաղավարների միջոցով ծանոթանալ տարբեր մրգօղիների, համտեսել ու ձեռք բերել դրանք։ Տեղում կցուցադրվի նաեւ օղու թորման գործընթացը, ինչը յուրահատուկ գույն կհաղորդի ողջ միջոցառմանը։Տաղավարներում ցուցադրվելու են Հայաստանի բոլոր մարզերում արտադրված մրգօղիներ և այլ բարիքներ։

Septemberfest փառատոնի նախաձեռնողները հրավիրում են Տավուշի տեղացի արտադրողներին և Հայաստանի բոլոր մարզերի մրգօղի արտադրողներին՝ մասնակցություն ունենալ կայանալիք յուրօրինակ միջոցառմանը: Տաղավարներ ամրագրելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել փառատոնի սոցիալական հարթակներում նշված հղումով կամ զանգահարել կոնտակտային հեռախոսահամարով։
Մասնակցել կարող են նաեւ այլ բարիքներ արտադրողներ եւ արհեստագործներ:

Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալ նաեւ տեղացի արհեստագործների, արվեստի եւ արհեստների դպրոցների արտադրանքին, մասնակցել սեղանի տարբեր խաղերի առաջնությունների։ Փառատոնի գործընկեր «Վարը Վարենկի» օգնությամբ մասնակիցներն իրենց օրը կլցնեն նաեւ հայկական ազգային խաղերով։ Դե իսկ օրվա երաժշտական տրամադրությունը կապահովեն Another Story Band-ը, ինչպես նաեւ Արսեն եւ Արթուր Սաֆարյանները՝ երեկոյան նախատեսվելիք համերգային ծրագրում։

Միջոցառման հետ կապված բոլոր այլ մանրամասները կարող եք գտնել փառատոնի սոցիալական հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչները մրգօղու սիրահարներին սիրով սպասելու են լուսավոր ու գունառատ Կողբում։




«10-օրյա ամառային դպրոց» նախագիծը Նոյեմբերյանում

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» աջակցությամբ Կողբի Մշակույթի կենտրոնում անցկացրեց «10-օրյա ամառային դպրոց» նախագիծը, որին մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի դեռահասները:

Դասախոսություններն ամրապնդվեցին միջնադարյան մշակութային կոթողներ այցելելով, դրանց ուսումնասիրությամբ և բացօթյա հանդիպումներով: Ծրագրի մասնակիցները կստանան վկայականներ, իսկ առավել ակտիվ երիտասարդները կդառանան ապագայում՝ Նոյեմբերյան համայնքում բացվող Հայագիտական կենտրոնի հիմնադիրները:

«10-օրյա ամառային դպրոց» նախագծի մասին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի ռեպորտաժում։




«Նկարչական սիմպոզիում 2023»-ի ավարտը՝ Կողբի գեղարվեստի դպրոցում

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որը ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները տասը օր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Արվեստասեր հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարների և քրիստոնեական արժեքների շուրջ․ հենց այս կարևոր ու մշակույթի անկյունաքարեր հանդիսացող նպատակներն է հետապնդում նկարչական սիմպոզիումը։ Տասնօրյա ստեղծագործական աշխատանքների ավարտին օգոստոսի 22-ին Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչների կողմից ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Գեղանկարիչները ստեղծագործական օրերին տպավորվել են․ Տավուշի մարդկանց առանձնահատուկ ջերմությամբ, բնության ինքնատիպությամբ և ուրախությամբ են նշում, որ Հայաստանի այս անկյունը իրենց համար հարազատ է ու հայրենի։ Նրանց հատկապես տպավորել է մարդկանց հյուրասիրությունը։
Գեղանկարիչների գործերը նվիրաբերվել է Նոյեմբերյանի համայնքապետարանին, որոնք իրենց տեղը կգտնեն համայնքի պատկերասրահում։ Արվեստագետները կրկին նույն վայրում կհամախմբվեն արդեն հաջորդ տարի՝ դարձյալ նկարչական սիմպոզիումի շրջանակներում։




«Վառ Կողբ – 2023» վարդավառյան տոնակատարությունները Կողբ գյուղում

Տարվա ամենավառ ու ամենաթաց, երաժշտական ու էքստրիմալ, արվեստային ու համեղ, գերակտիվ Կողբ Վարդավառ 2023-ը կայացավ հուլիսի 15-ին ու 16-ին: Կողբ հիմնադրամի կողմից կազմակերպված վարդավառյան փառատոնը մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին էր։ Կողբ գյուղի  ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ վերափոխվել էին փառատոնային տարբեր գոտիների`էքստրիմի, արվեստի, հանգստի, գաստրո, երաժշտական ու տաղավարային:

Արվեստի գոտին առաջարկում էր ավելի քան 15 աշխատարաններ, հանգստի գոտիում տեղացի նկարիչների աշխատանքների ցուցադրություններն էին: Փառատոնի հյուրերը մասնակցեցին նաև արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև դիտեցին հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերից։

Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում էին պլաստիկե տարաներ, որոնք փառատոնի օրերին վերածվել էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշների:

Համերգային հատվածում հանդես եկան Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերը: Երեկոյան ուրախ ժամանցը ապահովեցին Նեմրա բենդը, Սիրուշոն և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիսը: Փառատոնի երկրորդ օրը մեկնարկեց վաղ առավոտյան վարդավառյան ավանդական պատմություններով, խաղերով, ներկայացուցմներով և իհարկե ջրոցիով:

Անսահմանափակ հնարավորություններով, բարձր տրամադրությամբ ու անմոռանալի տպավորություններով Կողբ Վարդավառը այս տարի ևս դարձավ իրականություն։




Տավուշում վառ ու գունեղ Վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ

Արդեն մոտ է «Կողբ-Վարդավառ 2023-ը»․ Տավուշում  վառ ու գունեղ վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ։

Կողբ գյուղում սպասվում է երաժշտական, մշակութային, արվեստի ու արհեստի բազմաբնույթ դրսևորումներով գունեղ վարդավառ՝  հագեցած խաղերով,  ներկայացումներով, համերգներով և ցուցադրություններով։

ՏավուշTV-ի տաղավարում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի, «Կողբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Սոնա Վերդյանի և Կողբ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամազյանի հետ Էռնեստ Խանումյանը զրուցել է արդեն ամենամյա դարձած «Կողբ Վարդավառի» մասին։

«Կողբ-Վարդավառ 2023-ի» մասին՝ ստորև․

Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն: 

Վարդավառյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ Հանգստի գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։

Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։ Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։

Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ:

Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենավառ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև Dairo և Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։

 Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ,  և, իհարկե, ջրոցի` Dairo-ի և Guevo-ի թեժ բիթերի ներքո:  Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։

Ընտրի՛ր ջրի ճամփան, այցելի՛ր Կողբ հուլիսի 15-ին և 16-ին ու դարձի՛ր տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մի մասը։ Մուտքն ազատ է, հնարավորություններն՝ անսահմանափակ, տրամադրությունը՝ գերազանց, տպավորություններն՝ անմոռանալի։




Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվել է անվանի մանկավարժ Բագրատ Սահակյանի կիսանդրին

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվել է անվանի մանկավարժ Բագրատ Սահակյանի կիսանդրին Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում վերջերս տեղադրվել է անվանի մանկավարժ, վաստակաշատ ուսուցիչ Բագրատ Սահակյանի կիսանդրին:

Մայիսի 12-ին հանդիսավորությամբ կայացավ կիսանդրու բացման արարողությունը: Կիսանդրու տեղադրումը Սահակյանների ընտանիքի ու դպրոցի համատեղ նախաձեռնությամբ է կյանքի կոչվել: Հանդիսավոր միջոցառմանը դպորցի ուսուցչական և աշակերտական կազմը ներկայացրեց Բագրատ Սահակյանի կյանքը, նրա անցած ճանապարհը:

Ներկայացվեց նաև նրա զավակների կյանքը, ովքեր այսօր հանրապետության լավագույն և օրինակելի մասնագետներն են: Արարողությանը ներկա էին Բագրատ Սահակյանի ժամանակակից գործընկերները, ովքեր պատմեցին ուսուցչի մարդկային բարձր որակերի մասին: Բագրատ Սահակյանը ավելի քան 50 տարի աշխատել է Կողբի թիվ մեկ և թիվ երկու դպրոցներում:

«Մեր ազգաբնակչությունը պիտի կպած մնան մեր սահմանին, որպեսզի հարատևի հայալեզու տարրը այս հողի վրա», – նշում է Բագրատ Սահակյանի որդին՝ ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Միջոցառումը ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգ ու պարով, որոնք պատրաստել էին դպրոցի սաները:

Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը այս տարի կտոնի հիմնադրման 50-ամյակը: Այսօր դպրոցը հանրապետության լավագույն դպրոցների շարքին է դասվում, աշակերտները մշտապես մասնակցում են օլիմպիադաների և վերադառնում հաղթանակներով: Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ Կողբի թիվ երկրոդ դպրոցը աժանապատվորեն կկրի Բագրատ Սահակյանի անունը:




«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդում և Կողբում փոխադարձ այցերով բեմադրվել են «Սարերում կյանք կա…» և «Գարնանային ղողանջներ» պիեսները

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում մարտի 30-ին Բերդի համայնքային մշակույթի տանը Կողբի մշակույթի կենտրոնի թատերական խմբի կատարմամբ բեմադրվել է «Սարերում կյանք կա…» (պիեսի հեղինակ` Լիանա Անթառանյան, ռեժիսոր` Սասուն Մուրադյան) ներկայացումը:

Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մարինե Խաչատրյանը կարևորել է միջոցառումը՝ մասնավորապես նշելով. «Մեր մարզը թատերական մշակույթի հարուստ ավանդույթներ է ունեցել: Բոլոր տարածաշրջանները՝ Բերդը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Իջևանը, ունեցել են իրենց թատերական խմբերը: Հուրախություն բոլորիս՝ Կողբի, Նոյեմբերյանի, Բերդի մշակույթի տները փորձում են վերածնել թատրոնի ավանդույթները մեր մարզում»:

Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը և Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը ևս կարևորել են միջոցառումը՝ համայնքների մշակութային կյանքը հարստացնելու, միջհամայնքային մշակութային համագործակցությունը զարգացնելու և թատերական մշակույթի ավանդույթները վերականգնելու առումով:

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառումը կայացել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, Տավուշի մարզպետարանի և Բերդի համայնքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան ապրիլի 2-ին փոխադարձ այցով Կողբի մշակույթի տանը հանդիսատեսին կներկայացնի Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Փոխադարձ այցով Բերդի մանկապատանեկան թատերախումբը Կողբում ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, մարզպետարանի աջակցությամբ և «Կողբի գեղարվեստի դպրոց» գիտակրթական հասարակական կազմակերպության /տնօրեն՝ Արա Ղուլիջանյան/ համագործակցությամբ իրականացված «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակներում օրերս փոխադարձ այցով Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան Կողբի մշակույթի տանը ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Կողբում Բերդի մանկապատանեկան թատերախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ներկայացումից հետո «Թատրոնի օր» միջհամայնքային մշակութային օրը խորհրդանշող հուշանվերներ են տրվել թե Կողբի և թե Բերդի դերասանական ու ռեժիսորական կազմի բոլոր անդամներին, իսկ թատերախմբերն ու մշակույթի տան տնօրենները, նախաձեռնողներն ու սատարողները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի։




Կողբի գեղարվեստի դպրոցում բացվել է «Քեզ համար» խորագրով խմբակային ցուցահանդեսը

«Քեզ համար»․ այս խորագիրն է կրում մարտի 20-ին Կողբում բացված խմբակային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մի շարք արվեստագետների աշխատանքներ։

Կողբի գեղարվեստի դպրոցում ընթացող ցուցահանդեսի խորագիրը՝ «Քեզ համար», ընտրված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու ներկայացված աշխատանքներում և միջավայրում գտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է՝ գույները, նախասիրությունները, տրամադրությունը։ 

Ցուցահանդեսը բաց կլինի 20 օր, այնպես որ շտապե՛ք այցելել։

Բացման մասին մանրամասները պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնը շուտով կբացի իր դռները

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում շուտով իր դռները կբացի Կողբի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը;

Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ Հայաստանում ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։

Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելու համար ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարձր մոտիվացիայով, ճկուն և հավատարիմ անհատի, ով պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա գործունեության համար, կհամակարգի  Թումոյի կրթական ծրագրի և գործունեության իրականացումը՝ կապի մեջ լինելով Երևանի գլխավոր գրասենյակի հետ: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 




Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ․ Կողբա գինիներ

Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ, երբեմն` չափից դուրս համարձակ, իսկ Կողբի գինիները նաև խիզախ են ու անկոտրում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում շուրջ 40 տարվա գինեգործական փորձ ոունեցող Գագիկ Աղաբաբյանին ոչ միյան սերն է ձգում այս ըմպելիքի հանդեպ, այլև ամենակարևորը՝ անսահման սերն ու հավատը Հայրենիքի և նրա ուժեղ ու անկախ ապագայի նկատմամբ:

«Կանչ գյուղ» ձեռնարկությունը ներկայացնում է Կողբա գինիները: Խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիների ստեղծման նպատակը նաև դրանց պահպանումն ու զարգացումն է:
«Կողբա գինիներ» բրենդի հեղինակ Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ գինեգործ դարձել է 5 տարեկան հասակում, երբ առաջին անգամ գինի է համտեսել Բերդավան գյուղի գինու գործարանում: Երկար տարիներ աշխատելով Իջևանի, Բերդավանի, նաև՝ արտերկրում գործող գործարաններում՝ մտածեց, որ սեփական բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար պիտի ունենա սեփական գործարանը:

Կողբա գինիները պատրաստվում են էնդեմիկ խաղողից․ այս պահին արտադրվում է շուրջ 13 տեսակի գինի՝ Կողբա լալվարի, Կողբա կիսաչոր ու չոր սպիտակ, Կողբա կարմիր, Կողբա չոր ու կիսաչոր վարդագույն։ Գործարանում աշխատում են տեղացիիները՝ Բերդավան, Կողբ գյուղերից ու Նոյեմբերյան քաղաքից: Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունն աշխատում է շուրջ 60 տնտեսության հետ:

Վերջերս բացվեց նաև Կողբա գինիների գինետունը։ Գինետան յուրահատկությունն այն է, որ հաճախորդը կարող է գինի համտեսել, այնուհետև միայն գնել այն:

Հեռանկարների վերաբերյալ հարցին ի պատասխան Գագիկ Աղաբաբյանն առաջարկում է խմել տարածաշրջանի և սահմանին ապրող բնակիչների կենացը․ առաջնահերթ հեռանկարը գյուղացիներին տեղում ամրապնդելն է՝ «մեր սահմանը մենք ենք» կարգախոսով:

Կատարվում է աշխատանք արտադրանքը նաև Եվրոպա և Ռուսաստան արտահանելու ուղղությամբ: Վերջերս նաև ստեղծել են սև կոնյակ, որն առաջինն է Հայաստանում:

«Կանչ գյուղ» ձեռնարկությունում վստահ են՝ անհավատալի պատմությամբ և գեղեցիկ ավանդույթներով լի Հայաստանի արտակարգ բնությունը կարող է ստեղծել միայն կախարդական գինի: Նրանք իրենց գործով ապացուցում են, որ մեր երկրում գինեգործության անցյալը չեն, այլ՝ ապագան: