«Նկարչական սիմպոզիում 2023»-ի ավարտը՝ Կողբի գեղարվեստի դպրոցում

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որը ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները տասը օր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Արվեստասեր հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարների և քրիստոնեական արժեքների շուրջ․ հենց այս կարևոր ու մշակույթի անկյունաքարեր հանդիսացող նպատակներն է հետապնդում նկարչական սիմպոզիումը։ Տասնօրյա ստեղծագործական աշխատանքների ավարտին օգոստոսի 22-ին Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչների կողմից ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Գեղանկարիչները ստեղծագործական օրերին տպավորվել են․ Տավուշի մարդկանց առանձնահատուկ ջերմությամբ, բնության ինքնատիպությամբ և ուրախությամբ են նշում, որ Հայաստանի այս անկյունը իրենց համար հարազատ է ու հայրենի։ Նրանց հատկապես տպավորել է մարդկանց հյուրասիրությունը։
Գեղանկարիչների գործերը նվիրաբերվել է Նոյեմբերյանի համայնքապետարանին, որոնք իրենց տեղը կգտնեն համայնքի պատկերասրահում։ Արվեստագետները կրկին նույն վայրում կհամախմբվեն արդեն հաջորդ տարի՝ դարձյալ նկարչական սիմպոզիումի շրջանակներում։