Հարգանքի տուրք՝ 33 տարի առաջ զոհված ոստիկանների հիշատակին

33 տարի շարունակ այս օրը՝ մայիսի 6-ը, Նոյեմբերյան համայնքի համար հերոսացման և ցավի օր է:

Համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում 1991 թ. Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի օմոնականների «Կոլցո» օպերացիայի հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին:


1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակն ընկավ Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակից: Սա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկն է:

Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվայով» գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:

Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր… 11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին: