Արցախից՝ Տավուշ․ ինչպես Մարիամն ու Հովիկը նոր կյանք սկսեցին Կոթիում

2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարիամ Սարգսյանն ու Հովիկ Հովսեփյանն իրենց կյանքը շարունակում են Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղում։ Երկուսն էլ ուսուցիչ են։ Նրանք Կոթիում՝ իրենց համար անծանոթ միջավայրում, աստիճանաբար գտել են ծանոթն ու հոգեհարազատը՝ բնությունը, մարդկանց վերաբերմունքը, բարբառի բառերը, հումորն ու նույնիսկ գյուղական կյանքի մանրուքները, որոնք հիշեցնում են արցախյան իրենց հիշողությունները։

«Երբ ասացին, որ տեղակայվելու ենք Կոթի գյուղում, փնտրեցի Կոթին ու տեսա, որ սահմանային գյուղ է։ Մի քիչ վախ առաջացավ։ Մտածում էի՝ մի քիչ շատ դաժան է սահմանից սահման տեղափոխվելը, հատկապես պատերազմից հետո, երբ վստահ չես լինում խաղաղության վրա», — պատմում է Մարիամ Սարգսյանը։

Սակայն Կոթի գալուց հետո այդ վախը փոխվեց հարազատության զգացողության։ Նոյեմբերյան համայնքի այս հատվածը նրանց հիշեցրեց Արցախի գյուղերը՝ տների կառուցվածքով, բուսականությամբ, եղանակով ու մարդկանց տեսակով։ Նույնիսկ բարբառում նրանք գտան իրենց բառերը։ Իսկ մարդկանց հյուրասիրությունն ու բաց լինելը նոր միջավայրն ավելի արագ դարձրեցին հարազատ։

Կոթին նրանց համար նաև մասնագիտական նոր սկիզբ է։ Ուսուցչությունը Մարիամի և Հովիկի նախկին մասնագիտությունը չէր․ բարձրագույն կրթությամբ նրանք այլ ոլորտների մասնագետներ են, տարբեր աշխատանքային փորձով։ Սակայն այսօր դպրոցում իրենց գործունեությունը համարում են կարևոր ու հետաքրքիր փորձառություն։

Միաժամանակ նրանք խոսում են ուսուցչի աշխատանքի արժեքի մասին, որը, իրենց դիտարկմամբ, հաճախ մնում է չնկատված ու թերագնահատված։ Նոր միջավայրում ինտեգրվելու համար, նրանց համոզմամբ, ամենակարևորը փոխադարձ վերաբերմունքն է։ Եթե մարդիկ չեն առաջնորդվում Արցախցիների կամ տեղացիների մասին շրջանառվող կարծրատիպերով, հարաբերությունները բնականորեն ձևավորվում են։

Սակայն սահմանամերձ բնակավայրում կյանքն ունի նաև իր առանձնահատկությունները։ Կոթիի նման գյուղերում անվտանգությունն ու ապագայի անորոշությունը շարունակում են ազդել մարդկանց որոշումների վրա։ Դա, նրանց կարծիքով, անդրադառնում է նաև տնտեսական ակտիվության վրա․ երբ մարդը գիտի, որ ցանկացած պահի իր կյանքը կարող է անսպասելիորեն փոխվել, ավելի մեծ ռիսկերի դիմելու և երկարաժամկետ ներդրումներ անելու մոտիվացիան նվազում է։

Սահմանամերձ գյուղերում երեխաները խաղում են, ուրախանում, ապրում իրենց առօրյայով։ Բայց հենց երեխաների ապագայի մասին խոսելիս նրանք կարևորում են կրթությունը։ Նրանց համոզմամբ՝ սահմանամերձ համայնքի երեխաների համար պետք է հնարավորինս հասանելի դարձնել այն հնարավորությունները, որոնք կան Երևանում՝ որակյալ կրթությունից ու տրանսպորտից մինչև զարգանալու և մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։

«Ասֆալտի վրա էլ կարելի է անգրագետ մնալ, ներկած պատերի ներսում էլ կարելի է անգրագետ մնալ, բայց նույն ժամանակ ծխացող սենյակում կարելի է կրթվել ու մեծանալ լավ տնտեսագետ, լավ ուսուցիչ, լավ բժիշկ», — ասում է Հովիկը՝ ընդգծելով, որ առաջնահերթությունները պետք է ճիշտ դասավորվեն:




Կարկուտը վնասել է այգիներ, հողատարածքներ և բնակելի տների տանիքներ․ ահազանգում են բնակիչները

Կարկուտը վնասել է այգիներ, հողատարածքներ և բնակելի տների տանիքներ

Հունիսի 20-ին՝ ժամը 19:30-ից հետո, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին։ Վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև բնակելի տների տանիքների թիթեղները։

Տավուշ Մեդիան շարունակաբար ահազանգեր է ստանում բնակիչներից։ Քաղաքացիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը, պտղատու այգիները և տնտեսությունները։ Վնասներ են արձանագրվել նաև տնամերձ հողամասերում։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով, բնակավայրերի վարչական կենտրոններում իրականացնում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Բնակիչներն ակնկալում են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների աջակցությունը՝ հասցված վնասների հետևանքները հաղթահարելու համար։

 




«Աշխարհի համերը»՝ Կոթիի դպրոցում

Կոթիի միջնակարգ դպրոցում կայացել է «Աշխարհի համերը» խորագիրը կրող խոհանոցային և մշակութային ինքնատիպ մրցույթ-փառատոնը, որը համախմբել էր դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ տարբեր երկրների մշակույթն ու խոհարարական ավանդույթները ներկայացնելու շուրջ։

Միջոցառման շրջանակում դպրոցի 7-ից 12-րդ դասարանների աշակերտական թիմերը, ինչպես նաև ուսուցիչների հատուկ հավաքական թիմը, ստեղծարար և յուրօրինակ ձևաչափով ներկայացրել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ավանդական խոհանոցը, պատմությունը, մշակույթն ու ազգային առանձնահատկությունները։

Մրցույթ-փառատոնի ընթացքում մասնակիցները ցուցադրել են ոչ միայն խոհարարական հմտություններ, այլև իրենց գիտելիքներն ու ստեղծարար մոտեցումները՝ ներկայացնելով տարբեր ժողովուրդների ավանդույթներն ու մշակութային արժեքները։

Նախաձեռնության նպատակն էր սահմանամերձ համայնքի երեխաների շրջանում խթանել թիմային աշխատանքը, զարգացնել ստեղծարար մտածողությունը, ամրապնդել միջմշակութային հաղորդակցությունն ու ընդլայնել աշխարհաճանաչողությունը։ Միաժամանակ, միջոցառումը նպաստել է համայնքային կյանքի աշխուժացմանն ու դպրոց-համայնք համագործակցության ամրապնդմանը։

Միջոցառման մասին ավելին՝ Հրանուշ Անանյանի տեսանյութում։




Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից

Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Տեղեկությունը Տավուշ Մեդիայի հետ զրույցում հաստատեց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, երբ գյուղացին փորձել է գտնել կորած անասունին։

Տուժածը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։ «Նոյեմբերյան» ԲԿ տնօրեն Էդուարդ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։

 




Կոթի գյուղը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Նունե, Աննա, Կոթի, Նոյեմբերյան

 




Կոթիում բռնկված հրդեհը մարվել է. կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հանդամասում բռնկված հրդեհը ժամը 15:59-ին մեկուսացվել է, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կոթի գյուղի 7 բնակիչ և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից:




Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հրդեհ Կոթիում․ այրվել է անասնագոմի տանիքը

Կոթիում այրվել է անասնագոմի տանիքը։

Մարտի 15-ին, ժամը 13։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ)։




Կոթիում երկու երկհարկանի հարակից տներում հրդեհ է բռնկվել․ այրվել են երկրորդ հարկերը

Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոթի գյուղի 1-ին փողոցի երկու երկհարկանի հարակից տներում (ընդհանուր մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 18:02-ին: Այրվել են տների երկրորդ հարկերը և առաջին հարկերը՝ մասնակի:

 




Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։