Իջևանում միանգամից մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ են մեկնարկում
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և ԱՏՁՄ-ի, CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի գործընկերությամբ շուտով Իջևանում մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ կյանքի կկոչվեն։
Հունիսից սեպտեմբեր ամիսներին «ԻնոԻջևան» ծրագրի շրջանակներում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ CoWo համայնքային աշխատավայրի հիմնադիր Արփի Կարապետյանի խոսքով՝ «CoWo-ն ստեղծում է համագործակցությունների հարթակ, այսինքն՝ մարդիկ, ովքեր միանման են մտածում, ընդհանուր շատ բաներ ունեն, բայց իրար չեն ճանաչում, CoWo-ի մասնակցությամբ սկսում են ընկերանալ, ավելի մեծ պլաններ գծել, առաջ շարժվելու տարբեր հեռանկարներ դիտարկել»։
Իջևանի CoWo կենտրոնում, ըստ նրա, ստեղծվելու է աշխատամիջավայր, որտեղ առաջնայինը կրթությունն է լինելու՝ ձեռներեցությունից մինչև IT-ում տարբեր մասնագիտացումների ոլորտում։ «Ունենալու ենք վեցամսյա կրթություն, որտեղ ուսուցանվելու են ձեռներեցությունից սկսած մինչև IT-ում ամենաթեթև մասնագիտացումները, որի արդյունքում մենք լավագույնս հաջողածներին ապահովելու ենք աշխատանքով»։
Մոտակա ամիսներին ընդունելություն է կատարելու Իրական դպրոցը, քանի որ սեպտեմբերից կենտորնում կմեկնարկեն դպրոցի՝ իջևանյան առաջին կուրսի դասընթացները, որոնց կարող են մասնակցել 9-րդ դասարանն ավարտած բոլոր աշակերտները։
«Իրական դպրոցը տեխնոլոգիական ուսումնարան է, որը 4 տարվա կրթություն է տալիս։ Գործում է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այս տարի էլ առաջին անգամ պիտի բացվի Իջևանում։․․․Առաջին կուրսեցիները հիմնականում սովորում են դպրոցական ծրագրով՝ 10-12-րդ դասարանների, հետագա տարիների ընթացքում արդեն անցնում են գործնական աշխատանքի և ավարտում են փաստացի 2-3 տարվա աշխատանքային փորձով այն ոլորտում, որն ընտրել են։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտություններն են՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, նաև կառավարում՝ կառավարման համակարգեր, ժամանակակից փաստաթղթաշրջանառային էլեկտրոնային համակարգեր և այլն»,- դպրոցի մասին պատմում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Վահագն Պողոսյանը։
Այսպիսով՝ «Իրական դպրոց»-ն աշխատաշուկա մտնելու արդյունավետ ճանապարհ է առաջարկում իր սաներին՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող (ըստ ընտրած ուղղության)։ Դպրոցում կրթությունն իրականացվում է նախագծային մեթոդով։
Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է, որ ԵՄ Համայնքային զարգացման ծրագիրը հրաշալի հարթակ և առիթ է համադրելու կազմակերպության գաղափարները և մոտեցումները․ «կարծում եմ՝ արդյունքում հրաշալի ծրագիր է ստացվել, որը ոչ միայն հնարավորություն կտա, որպեսզի մենք կոնկրետ Տավուշի մարզում և կոնկրետ Իջևան համայնքում ստեղծենք տեխնոլոգիական ներուժ և տեխնոլոգիական կրթության և զարգացման համար հնարավորություն տանք տեղի բիզնեսներին, տեղի երիտասարդներին, նաև՝ այլ ոլորտներին, այլև սրա արդյունքում մենք կստեղծենք մի շատ կարևոր մոդել, որը հեշտությամբ կարող է կիրառելի և ընդունելի լինել նաև այլ քաղաքներում և տարածաշրջաններում»։
Ծրագրի նախաձեռնողները փետրվարի 27-ին Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում հրավիրում են 15-24 տարեկան երիտասարդներին՝ նախագծին ծանոթանալու և հարցերի մանրամասն պատասխանները ստանալու։
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի հիմնական գործընկերն է ԱՏՁՄ-ն՝ CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ։
Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։