17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գանձաքարից 17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գյուղում ծնված շատ երեխաներ հաճախ մտածում են հեռանալու մասին։ Բայց կան նաև նրանք, ովքեր որոշում են մնալ ու փոխել միջավայրը՝ իրենց ձեռքերով։ Արսեն Աղաջանյանը 17 տարեկան է։ Ապրում է Տավուշի մարզում՝ Գանձաքարում, և վաղ տարիքից սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու եռաչափ մոդելավորմամբ։ Մեկնակետը գյուղի ռոբոտաշինության խմբակն էր, հետո՝  ինքնուրույն որոնումներ, ինքնակրթություն ու անընդհատ սովորելու ձգտում, փորձեր ու նոր բացահայտումներ։ Հենց այսպես՝ քայլ առ քայլ նրա հետաքրքրությունը վերածվել է գործի։

Շատերը դեռ չգիտեն՝ ինչ է 3D տպագրությունը, ոմանք էլ կարծում են թե տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ նաև մարզում։ Արսենն էլ հենց հակառակն է ուզում ցույց տալ։

«Այստեղ մարդիկ մեծ մասամբ չգիտեն, որ նույնիսկ նման բան գոյություն ունի։ Հասարակ մարդը գալիս է այստեղ ու զարմանում դրանից, դա մի քիչ լավ չի, բայց լավ է այն առումով, որ այստեղ մրցակիցներ չկան, կարող ես գործը զարգացնել։ 

Այդ պահը դեռևս չի եղել․ ես իմ գործից չեմ բավարարվել երբեք, միշտ ձգտել եմ դեպի էն անհասանելիին, որ միշտ մոտիվացիան լինի։ Միշտ ձգտել ու ձգտում եմ ավելիին»,- նշում է Արսենը։

Հնարավորություններն սկսվում են այնտեղ, որտեղ դու ես։ Համայնքում Արսենը միակն է այս ոլորտում, բայց նա պլանավորում է կիսել գիտելիքները, ունենալ աշակերտներ, ովքեր էլ կլրացնեն ու կշարունակեն նրա ճանապարհը։

«Ցավոք սրտի ներկա պահին մարզում ես միակն եմ, որ էս գործով է զբաղվում, գլուխ հանում, բայց երբ իմ գործն ավելի շատ զարգացում ունենա, ես պլանավորում եմ, ունենալ աշակերտներ, որպեսզի ինձ հաջորդեն»,- հավելում է Արսենը։

 




Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Իջևանի «Իրական դպրոցի» նախաձեռնությամբ, Հայոց բանակի կազմավորման օրն Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում՝ համախմբելով Իջևան համայնքի հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին։

Միջոցառումը խաղի միջոցով փորձություն էր՝ արագ որոշումներ ընդունելու, թիմային-միասնական աշխատանքի, միմյանց վստահելու կարողությունները ստուգելու համար։ Այստեղ գործադրված ջանքերից ու օպերատիվությունից զատ կարևոր էր մտածողությունը, փոխօգնությունն ու պատասխանատվությունը՝ այն արժեքները, որոնք ձևավորվում են դեռ դպրոցական նստարանից և ուղեկցում քաղաքացուն ողջ կյանքի ընթացքում։

Միջոցառման իրականացումն ու բովանդակությունը խորհրդանշական էին․ բանակի օրը նշվում էր ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Թիմային փորձությունների ընթացքում մասնակիցները ցույց տվեցին, որ պատրաստվածությունը սկսվում է փոքր քայլերից՝ կարգապահությունից, համախմբվածությունից և նպատակին հասնելու կամքից։

Օրվա ընթացքում կազմակերպվել էր նաև տեխնոլոգիական ցուցադրություն՝ նորարարական լուծումներով, որոնք լրացնում էին միջոցառման գաղափարական շեշտադրումները։ «Իրական դպրոցի» այս նախաձեռնությունը հիշեցում էր պարզ ճշմարտության մասին․ փորձությունները գալուց առաջ լուր չեն ուղարկում, ուրեմն հարկավոր է պատրաստ լինել միշտ։




«Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ՝ Տավուշի մարզի դպրոցներում

Տավուշի մարզի դպրոցներում անցկացվել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ:
Սեպտեմբերի 1-ից հանրապետության դպրոցներում մեկնարկած «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներն այս անգամ անցկացվել են Տավուշի մարզի դպրոցներում:
Մարզի պարեկներն ու համայնքային ոստիկաններն այցելել են մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ։
Աշակերտ-ոստիկան ինտերակտիվ շփումների ընթացքում աշակերտները վերհիշել են ճանապարհային երթևեկության կանոնները և դրանց խախտման հետևանքները։
Ավագ դպրոցի աշակերտները հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողներին հարցեր են ուղղել նաև հակահասարակական տարբեր երևույթների և դրանց հետևանքների մասին։
Դպրոցներում անցկացվող այս հանդիպումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 1-ը, նպաստում են ոստիկան-աշակերտ համագործակցային միջավայրի ձևավորմանը և աշակերտների իրավագիտակցության բարձրացմանը։



Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է։ 2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։

Ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և նոր կապալառու ընկերության ներկայացուցիչներն ու ինժեներական անձնակազմը շրջայց են կատարել Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարության հրապարակում, տեղում հստակեցրել նախատեսվող աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջած ռիսկերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել է վնասված ճանապարհի վերականգնումը ևս առաջիկայում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներառելու հնարավորությունը։

Դովեղի դպրոցի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառուն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Արդյունքում կոմիտեն, հաշվի առնելով նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի միջնորդագիրը՝ Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կազմակերպության լիցենզիայի կասեցման վերաբերյալ, միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը։ Նախկին կապալառուի հետ կնքված պայմանագրի լուծումն ընկերությունը բողոքարկել էր դատական կարգով։ Դատարանը մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝

Դովեղն ահազանգում է

Սահմանամերձ Դովեղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանի ահազանգը




«Մանկավարժական մտքի փառատոնն» Իջևանում․ ուսուցիչներն ու աշակերտները ներկայացնում են իրենց լավագույն փորձը

8-րդ անգամ մեկ հարկի տակ՝ այս անգամ Տավուշի մարզում՝ Իջևանում հավաքվել էին հանրապետության մարզերի, Երևանի դպրոցներից ուսուցիչներ ու աշակերտներ, ովքեր «Մանկավարժական մտքի փառատոնում» ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հյուրընկալելով փառատոնը, ընդունել է տասնյակ դպրոցների հարյուրավոր աշակերտների և ուսուցիչների։ Փառատոնում մանկավարժներն ու աշակերտները ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձն ու գաղափարները։ Հրազդանի 2-րդ դպրոցի 8-րդ դասարանցիները ստեղծել են խաղեր, որոնք ծանոթացնում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։

Բացի դպրոցներից, միջոցառմանը մասնակցում են նաև կրթական կառույցներ․ դասարան-տաղավարներից մեկում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն է՝ իր «Աշխարհացույց» ծրագրով։ Տավուշի մարզի մանկավարժները գտնվելով կրթական նոր չափորոշիչների առանցքում, կուտակած փորձառություն և ասելիք ունեն․ սա էր փառատոնն Իջևանում անցկացնելու նախադրյալը։

Փառատոնը հաջորդիվ կկազմակերպվի այլ մարզերում՝ դարձյալ մեկտեղելով Հայաստանի մանկավարժական համայնքին, ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության հնարավորություններ։




«Վիքիակումբն» Իջևանում․ նոր հնարավորություն երիտասարդներին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող կենտրոնների կողքին ավալեցավ ևս մեկը՝ «Վիքիակումբը»․ այն Տավուշի մարզի երրորդ, իսկ Հայաստանի 9-րդ վիքիակումբն է, որոնց նպատակը Հայաստանում ակումբային ձևաչափով գործող ակտիվ վիքիհամայնքների ու միջավայրի ձևավորումն է, որտեղ ընդգրկված մասնակիցները կարող են նպաստել ազատ գիտելիքի ու բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի համագործակցությամբ մասնաճյուղի ուսանողներն ու համայնքի ակտիվ ու եռանդուն երիտասարդներն այցելելով ակումբ կսովորեն «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանում հոդվածներ տեղադրել, կատարել թարգմանություններ։

Իջևանում ակումբի բացմանը ուսանողները ծանոթացան «Վիքիակումբի» աշխատանքներին մասնակցություն ունենալու սկզբունքներին ու հնարավորություններին՝ ծանոթանալով հանրագիտարանի խմբագրման, հոդվածների թարգամանության աշխատանքներին։

Իսկ առաջիկայում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները իրենց հոդվածներով կհարստացնեն համացանցում հայերեն լեզվով բովանդակությունը՝ շարունակելով ամրապնդել հայերեն գիտելիքի տարածումն ամբողջ աշխարհում։




Զրույց մեդիայի մասին․ Կողբի դպրոցների աշակերտները Տավուշ Մեդիայում

Նոյեմբերի 11-ին և 13-ին Տավուշ Մեդիայի ստուդիան հյուրընկալեց Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 և թիվ 2 դպրոցների մի խումբ աշակերտների և ուսուցիչների՝ նրանց ծանոթացնելու մեդիայի գործունեության բազմազան ուղղություններին: Ուսումնաճանաչողական այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին սոցիալական մեդիայի անվտանգ և նպատակային օգտագործման, ինչպես նաև կեղծ լուրերը տարբերակելու և ստուգելու մեխանիզմները:

Տավուշ Մեդիայի աշխատակազմը դպրոցականներին ներկայացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերը՝ անդրադառնալով հաղորդումների պատրաստման, մոնտաժման և եթեր հեռարձակման գործընթացներին: Աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացան տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին։

Այցի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց գաղափարներն ու առաջարկները, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ ՀԸ եթերում:

«Այս փորձառությունը ոգևորիչ էր․ ծանոթացանք հեռուստատեսային աշխատանքի նրբություններին, ու հնարավորություն ունեցանք հասկանալու մեդիայի կարևորությունն ու ազդեցությունը՝ հանրային կյանքում»,- վերջում նշեց աշակերտներից մեկը։




Նոր գործիքակազմ կկիրառվի կրթության որակի վերահսկումը առավել նպատակային դարձնելու համար

Կրթության որակի վերահսկում

ՀՀ Կրթության տեսչական մարմինը կրթության որակի վերահսկողությունը առավել նպատակային և բովանդակային դարձնելու համար ստեղծել է ստուգաթերթերին կից նոր գործիքակազմ։ Նոր գործիքակազմի ներդման, դրա կիրառման արդյունավետության, հնարավոր ռիսկերի ու խնդիրների վերբերյալ Դիլիջանում հունիսի 22-23-ին կրթության տեսչության մարմինը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում։  Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ նոր գործիքակազմով իրականացվող ստուգումներն առավել ամբողջական պատկեր կապահովեն ուսումնական հաստատությունների գործունեության որակի, մասնավորապես չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության առումով։

Երկօրյա քննարկմանը մասնակցում էին նաև «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։ Սա յուրատեսակ համագործակցությունն է, որի նպատակն է փորձի փոխանակման միջոցով լավարկել  վերահսկողական գործիքակազմը, որն էլ իր հերթին կնպաստի կրթության որակի բարելավմանը։

Գործիքակազմն ընդգրկում է նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության ոլորտները։ Այն կկիրառվի իրավական համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելուց  հետո։




Անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղը

Հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար. Մարտի 22-ին «Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Միասին ապրել, միասին սովորել» խորագիրը կրող դպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:

Համադպրոցական միջոցառմանը մասնակցում էին Իջևան համայնքի 9 հանրակրթական դպրոցների 7-ից 9-րդ դասարանի աշակերտները։ Ինտելեկտուալ խաղ-մրցույթը միտված էր հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ոնեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Աշակերտները որպես խրախուսական նվեր ստացան ուսումնական գրքեր և պատվոգրեր: Խաղի ընթացքում երաժշտական և գեղարվեստական կատարումներով հանդես եկան Ազատամուտի, Վազաշենի և Սարիգյուղի դպրոցների աշակերտները: Ինտելեկտուալ խաղ-մրցույթն իրականացնում է «Հույսի Կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում՝ «Լոֆթ Իջևանի» հետ համագործակցությամբ։




Եռօրյա դպրոցական վիկտորինա՝ Իջևան համայնքի դպրոցականների համար

Բնագիտամաթեմաթիկական առարկաների հանդեպ հետաքրքրության բարձրացման նպատակով Իջևանում անցկացվեց եռօրյա դպրոցական վիկտորինա:

Վիկտորինաները հաջորդաբար նախատեսված են Նոյեմբերյան և Սիսիան համայնքների դպրոցականների համար: