ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2023-2024 ուսումնական տարին

2023թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ): Այս տարի Մայր բուհի սահմանապահ մասնաճյուղն իր հարկի տակ ընդունել է 161 առաջին կուրսեցիների:

2023-2024 ուստարում հաճելի անակնկալ էր սպասում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ վճարովի հիմունքներով ընդունված այն 4 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Պարոն Մակարյանը ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրեր հանձնեց «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Աշոտի Վարդումյանին, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ Գեղամի Ներկարարյանին, «Հոգեբանություն» մասնագիտության աառաջին կուրսի ուսանողուհի Սերինե Գեորգիի Պատառյանին և «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մերի Հրաչյայի Բաղդասարյանին:

Միջոցառման շրջանակներում իրականացվեց նաև «Տարվա ուսանող-2023» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը. ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2023թ. շրջանավարտ Նարա Արմենի Մելքումյանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Էռնեստ Խանումյանը՝ ընդգծելով. «Այս տարի Գիտելիքի և դպրության օրը տոնում ենք միասնությամբ և վճռականությամբ՝ վերստին կարևորելով ուսանողների շարունակական հզորացումը, ուսանողակենտրոն նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունն ու ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին` բոլոր դրսևորումներով»:

Ապա կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա առավելագույն միավորներ հավաքած դիմորդը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանը: Համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը: Պահպանելով ավանդույթը՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը փոխանցեց առաջին կուրսեցի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանին:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա դասերը:




Նոր «դասարան-ակումբ»՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի դասարան-ակումբի բացման արարողությունը: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը: Ծրագրի շահառու ուսուցիչներ Արևիկ Մելիքյանը և Մարինե Առաքելյանը ներկայացրեցին դասարան- ակումբում սպասվող միջոցառումների մանրամասները:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է մարզային «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագիրը, որի արդյունքում Գեղարքունիքի և Տավուշի մարզի չորս դպրոցներում բացվելու են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ:

Ծրագիրը ընթացքում տեղի են ունեցել վերլուծական մտքի զարգացման, մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքների վերաբերյալ դասընթացներ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ստացել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելո՝ իրագործելու համար մեդիագրագիտության զարգացման ուղղությամբ իրենց ծրագրային գաղափարները։




«Մխիթար Գոշը՝ դարերի խոսուն վկան» գրքի շնորհանդեսը Գոշ գյուղում

Հուլիսի 17-ին Գոշ գյուղում տեղի ունեցավ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից, նախագծային աշխատանքի արդյունքում ստեղծված «Մխիթար Գոշը՝ դարերի խոսուն վկան» գրքի շնորհանդեսը:

Գրքում հակիրճ ամփոփված են ինչպես գյուղում պտտվող ավանդազրույցներն ու պատմությունները, այնպես էլ մեջբերումներ գիտական գրականությունից, որոնք կապված են Մխիթար Գոշի կյանքի և գյուղի ստեղծման հետ։

Գիրքը կազմելու համար աշակերտներն աշխատել են մոտ երկու տարի, իսկ հրատարակման համար երեխաների նախաձեռնությամբ իրականացվել է դրամահավաք:

Կրթական բարեփոխումների մեջ նախագծային ուսուցումը աշակերտներին հնարավորություն է տվել ստեղծագործել, լինել նախաձեռնող, աշխատել մեկ թիմում եւ իրականացնել  հետազոտություններ։




ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բարի երթ մաղթեց 2022-23 ուստարվա 224 շրջանավարտի

2023թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա 224 շրջանավարտների (առկա ուսուցման 129 և հեռակա ուսուցման 95) ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ։

Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով, Երևանի պետական համալսարանի հիմնով: Ապա 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը, Տավուշի մարզպետը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները: 

Հանդիսավոր միջոցառումը, որն ուղեկցվում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երաժշտությամբ, բաղկացած էր 2 մասից:

Շրջանավարտների ավարտական երեկույթի երկրորդ մասը, շարունակվեց Ենոքավանի «Yell Extreme Park»-ի տարածքում:




Տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական միջոցառում

Հուլիսի 9-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ 2022-2023 շրջանավարտների ավարտական միջոցառումը: 

Ավարտական հանդիսությունը մի հարկի տակ էր կրկին հավաքել դպրոցի ներկա և նախորդ շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև հյուրերի, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով ոգևորեցին ավագ դպրոց մուտք գործելու պատրաստվող շրջանավարտներին։ 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: «Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է, որը համադրում է համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումներն ու հայ դպրության լավագույն ավանդույթները:




Իջևանի երաժշտական դպրոցը ամփոփում է ուսումնական տարին

Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցը ամփոփել է 2022-2023 ուսումնական տարին՝ ավանդույթ դարձած հաշվետու համերգ-միջոցառմամբ։

Անցնող տարվա ընթացքում երաժշտական դպրոցի սաները մասնակցել են մրցույթների ու փառատոնների, որոնց ընթացքում նշանակալից հաջողություններ են արձանագրել։ 

Միջոցառման ընթացքում հնչեց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգ ու երաժշտություն՝ աշակերտների և ուսուցիչների կատարմամբ։ 

Անցող ուսումնական տարվա ընթացքում Իջևանի երաժշտական դպրոցը արժանացել է պատվոգրերի ու հատուկ մրցանակների՝ տարբեր միջոցառումների ժամանակ լավագույնս ներկայանալու համար




Կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախաձեռնած ֆուտբոլային առաջնության Իջևան համայնքի եզրափակիչը

Ավարտին մոտեցավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մայիսի 18-ին Իջևանի ավագ դպրոցում ծրագրի շրջանակում իրականացավ ֆուտբոլի եզրափակիչ խաղը։ Նախագծի նպատակն էր ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։

Ֆուտբոլի եզրափակիչ մրցապայքարի մեկնարկային փոխանցումը կատարեց Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի նախկին պաշտպան Արմինե Խաչատրյանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։ Ֆուտբոլային մրցաշարը հաջորդիվ իրականացվելու է Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում, իսկ այս տարվա աշնանն արդեն լավագույն թիմերը իրենց ուժերը կփորձեն մեկ դաշտում, և հաղթող թիմը կհռչակվի Տավուշի չեմպիոն։

Մրցապայքարի ավարտին թիմերը պարգևատրվեցին մեդալներով, ծրագրի աջակիցները՝ շնորհակալագրերով։ Հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը ստացավ նաև առաջնության գավաթը։ Շնորհակալագիր ստացանք նաև մենք՝ Տավուշ TV-ն՝ ծրագրի ընթացքը լավագույնս լուսաբանելու համար։

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Բերդավանում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը

Օրերս Բերդավանի գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը:

Ներկայացման դերասանական կազմում աշակերտներն են, որոնք մարմնավորում են ականավոր հայ կանանց, ներկայացնում նրանց կյանքն ու գործունեությունը:

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի ռեպորտաժում։




Իջևանի «Իրական դպրոցն» ամփոփում է գործունեության մեկ տարին՝ արդեն ունենալով պետական հավատարմագրում

Իջևանում գործող «Իրական դպրոց» կրթական կառույցn ամփոփում է գործունեության մեկ տարին։ Ունենալով հագեցած մեկ ուսումնական տարի` մայիսի 13-ին «Իրական դպրոցում» հայտարարված էր բաց դռների օր՝ սովորողների ծնողներին, համայնքի բնակիչներին  ներկայացնելու անցող տարվա կատարած աշխատանքները, ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Բաց դռների օրը հատուկ էր դպրոցի համար, քանի որ կառույցը ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել էր պետական հավատարմագրում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Իրական դպրոցն ունի Հայաստանի ուսումնական այլ հաստատություններից՝ հանրակրթական դպրոցներից ու քոլեջներից բավական տարբերվող ծրագրեր և մոտեցումներ: Այստեղ շեշտը դրվում է փորձառական ուսուցման վրա, ստացած գիտելիքը ամրապնդվում է փորձով, իրական նախագծի վրա աշխատանքով, ինչը հնարավորություն է տալիս գիտելիքը վերածել մնայուն արժեքի:

Դպրոցում կարևորվում է բազմակողմանի զարգացումը, ուսանողի՝ որպես անհատի կայացումը, ազգային մշակույթին հաղորդակից լինելը, ռազմական գիտելիքները, ֆիզիկական պատրաստականությունը, քաղաքացիական գիտակցությունը։ Հանդիպման մասնակիցները նաև ծանոթացան դպրոցի գաղափարներին և ընդունելության ընթացակարգին։

Իջևանի «Իրական դպրոց» կարող են հաճախել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները։ Ընդունելությունը կսկսվի մայիս ամսից։

Դպրոցն ավարտելիս ուսանողները ստանալու են համակարգաբանի որակավորում տնտեսական, քաղիրավական կամ կրթամշակութային ոլորտում: Որակավորման ոլորտը կախված է լինելու ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքների բնույթից։




Իջևանում կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: 

Մայիսի 10-ից մեկնարկած փառատոնն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և գործընկերությամբ Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում: 

Փառատոնին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 11 հանրակրթական դպրոցներ. նպատակը համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր և կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը նպաստելը:

Համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջառման վերջում բոլոր դպրոցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով: