ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բարի երթ մաղթեց 232 շրջանավարտների․ դիպլոմների հանձնման արարողություն

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ շրջանանավարտների ամենասպասված՝ դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։ Հուլիսի 16-ին տեղի ունեցավ մասնաճյուղի 2021-2022 ուս. տարվա ավարտական միջոցառումը՝ 232 շրջանավարտներ ստացան իրենց դիպլոմները։

Միջոցառմանն ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտորը և Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ը` իրենց խոսքում կարևորելով մասնաճյուղի դերն ինչպես Տավուշում, այնպես էլ մայր բուհի կառուցվածքում։

ԵՊՀ ռեկտորը և մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնեցին գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների կարմիր դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը այս տարի ավարտում է 232 համալսարանական, առկա ուսուցման 79, հեռակա ուսուցման 153 շրջանավարտ։

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով, փոխադարձ շնորհավորանքներով և տոնական երաժշտությամբ։




Հաջողության բանաձևը՝ ընկերությունը

Հուլիսի 30-ը ընկերության միջազգային օրն էր:

Իսկական ընկերությունը կառուցվում է մտքերի փոխանակումով և օգնում ավելի արագ հասնել երազանքներին: Այս բանաձեւով էլ մեր տեսանյութի հերոսները հասել են հաջողությունների:

«Պրոտոլաբ» տեխնոլոգիական ընկերության, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի ջերմոցի, «Նիկա» ինտելեկտուալ ակումբի, դրանց պատմության եւ առօրյա եռուզեռի մասին պատմում է Նոյեմբերյանից մեր թղթակից Հրանուշ Անայանը։




«Իրական դպրոց»․ առաջին բուժօգնության և մարտավարության վարժանքներ Իջևանի Շատրվանների հրապարակում

Հուլիսի 15-ին Իջևանի Շատրվանների հրապարակում Երևանի «Իրական դպրոց»-ից ժամանած ուսանողները «Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագծի շրջանակում անցկացրին առաջին բուժօգնության և մարտավարության վարժանքներ։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«Իրական դպրոց»-ի դասընթացավար Վահե Խաչատրյանը պատմում է․ «Եվրոմիության դրամաշնորհի շրջանակներում Իջևանում իրականացվում է«ԻննոԻջևան» նախագիծը՝ ստեղծվում է նորարական կենտրոն, որի ներսում գործելու է նաև «Իրական դպրոց» կիթական հաստատությունը։ Անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ, այսօր իրականացնում ենք առաջին բուժօգնության և մարտավարության դասընթացներ, որոնք «Իրական դպրոց»-ի դասապրոցեսների մասն են»։

«ԻննոԻջևան» նախագծի գլխավոր նպատակը Իջևանում և շրջակա համայնքներում տնտեսական զբաղվածության աճը և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատումն է: Ծրագրի գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է, որը, համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO համայնքային աշխատամիջավայրի հետ նպատակ ունի ստեղծել հարթակ պետություն-մասնավոր գործընկերության և բաց երկխոսության համար՝ ուղղված Իջևանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը:

Նախագիծը նպատակ ունի նաև խթանել նորարարական ձեռներեցությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռներեցության զարգացման և Իջևան քաղաքում ու շրջակայքում բարձրացնել զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ների մրցունակությունը:

Հիշեցնենք, որ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը գալիք ուսումնական տարվա սկզբին իր գործունեությունը կսկսի նաև Իջևան քաղաքում, այն առաջարկում է մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով:

««Իրական դպրոց»-ն արդեն 2022 թ․ սեպտեմբերից Իջևանում մասնաճյուղ է բացելու, ընդունվելու համար երեխան պետք է 9-րդ դասարանն ավարտած լինի։ Իջևանի մասնաճյուղում ունենալու ենք 4 աշխատանոց՝ ԱԹՍ-ի, ճարտարագիտության, ռոբոտաշինության, համակարգչային և կենսաքիմիայի։ «Իրական դպրոց»-ը բաղկացուցիչ մասեր ունի, որոնցից մեկը ազգային պարն է, և որի միջոցառումը մեկ շաբաթ առաջ արեցինք Իջևանի կենտրոնում։ Հիմա անում ենք առաջին բուժօգնության և ռազմավարության բաց դաս։ Հաջորդը կլինի «Իրական դպրոց»-ի աշակերտների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը»․ նշում է «Իրական դպրոց»-ի Իջևանի մասնաճյուղի աշխատակից Էլինա Ռոմանովան։




Սարիգյուղում բացվեցին ՀԲԸՄ կամավորների նորոգած մանկապարտեզի դռները

Վերանորոգված, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզը պատրաստ է ընդունել սարիգյուղցի փոքրիկներին. հուլիսի 27-ին Սարիգյուղում բացվեցին արդեն նորոգված մանկապարտեզի դռները։

Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ ֆրանսիահայ ու ֆրանսիացի կամավորները մանկապարտեզի՝ դեռևս 1980-ականներից չվերանորգված մասնաշենքը վերանորոգել են, մասնավորապես՝ փոխվել է շենքի տանիքն ամբողջությամբ, կատարվել են կահավորման ու ներքին հարդարման աշխատանքներ։

ՀԲԸՄ կամավորները երրորդ անգամ են Սարիգյուղում․ մինչև մանկապարտեզի նորոգման աշխատանքները նախկինում աջակցել են դպրոցի դասասենյակների նորոգմանը։

«2017 և 2019 թվականներին եկել էինք գյուղ, վերանորոգել Սարիգյուղի միջնակարգ դպրոցը։ Մենք շատ ենք սիրում Տավուշի մարզը․ բնակիչներն այստեղ շատ բարեհամբույր են։ Երբ առաջին անգամ եկանք Սարիգյուղ, սիրահարվեցինք այս գյուղին և բնակիչներին։ Մեզ համար շատ կարևոր է նրանց համար շարունակական և երկարաժամկետ կապեր ստեղծելը», – ասում է «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագրի տնօրեն, ՀԲԸՄ կամավոր Սիմոն Օվղեն։

Սարիգյուղի մանկապարտեզում գործում է երկու խումբ։ Գյուղում վստահ են՝ վերանորոգումից հետո խմբերը կշատանան․ արդեն դիմումներ կան նաև հարևան գյուղերից։

Կատարված աշխատանքների համար Իջևանի համայնքապետի կողմից կամավորներին շնորհակալագրեր ու հուշանվերներ են հանձնվել։




Տավուշում ամփոփվել են հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, Եվրոպական միության (ԵՄ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ, Տավուշի մարզում կազմակերպեց հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքների ամփոփումը:

Միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները։




Պատանիները՝ հանուն համայնքային զարգացման. ԵՊՀ ԻՄ-ում կայացավ UPSHIFT ծրագրի BootCamp-ը

Մայիսի 25-ին և 26-ին ԵՊՀ ԻՄ-ում «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկրորդ՝ երկօրյա հանդիպումը:

Իջևանի և հարակից համայնքների 50 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները:

«BootCamp»-ի 2-րդ օրը թվով 10 թիմեր իրենց ծրագրային գաղափարները ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Ամենաբարձր միավորներ հավաքած 5 թիմերը ծրագրի շրջանակներում ստացան 120,000 ՀՀ դրամ ֆինասավորում՝ իրենց գաղափարները իրականություն դարձնելու նպատակով։

Ծրագրերի իրականացման փուլի մեկնարկը տրված է։

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և Եվրոպական միության աջակցությամբ:




Ֆիզիկական դաստիարակությունը և սպորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Մեր տաղավարում այս անգամ քննարկումը Տավուշի մարզում ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասին է՝ ոլորտում մեր հաջողությունների և խնդիրների մասին։ Քննարկման հյուրերն են Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի Բերդի մասնաճյուղի մարզիչ Համլետ Աթոյանը, «Դիլիջան ՋԻՄ» մարզական ակումբի հիմնադիր Գարիկ Թովմասյանը, «Ուտիք» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահե Խաչատրյանը և «ՏաՈւժ Իջևան» դպրոցի մարզիչ Մհեր Պետրոսյանը։ 




ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների անվտանգության հիմնախնդիրներն արդի պայմաններում․ Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կայացավ բուհի 20-ամյակին նվիրված աշխատաժողով

Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների անվտանգության հիմնախնդիրներն արդի պայմաններում» թեմայով աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի եվրոպական համալսարանի հիմնադրման 20-րդ տարեդարձին։

Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ՀԵՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնական գծով փոխտնօրեն, տ․գ․թ․ Կամո Այվազյանը, բուհի դասախոսներ։

Հանդիպմանը ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ Տավուշի մարզի անվտանգության համալիր հարցեր, այդ թվում՝ մարզի համայնքների խոշորացման, ջրային ռեսուրսների, սոցիալ-տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական և այլ ուղղվածության հիմնախնդիրներ։

Աշխատաժողովի վերջում կայացվեց որոշում ամբողջացնել քննարկումների ժամանակ ստացված արդյունքները՝ դրանք պատասխանատու մարմիններին փոխանցելու պայմանով։




Նոյեմբերյանում իր դռները բացեց «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի նոր շենքը

2015 թ.-ից Նոյեմբերյանում գործում է «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը: Մայիսի 5-ին տեղի ունեցավ կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը: Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։

Նոր կառույցի շինարարությունը սկսվել էր 2019 թվականին. մինչ այդ կենտրոնի գործունեությունն ընթանում էր խարխլված շենքում:

«Պապոնց տուն»-ը կնպաստի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը:

Կենտրոնը կծառայի նաև տարածաշրջանի՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին: Կենտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, օտար լեզուների, ազգային ու եկեղեցական երգի խմբակներ: Վերջերս հիմնվել է նաև «ՏաՈւժ» դպրոցը: Կան դասընթացներ նաև ծնողների համար:




Տավուշի քառուղիներով․ Բերդի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները ներկայացրել են Տավուշի պատմությունն ու ավանդույթները

Տավուշի պատմությունից ու ավանդույթներից մինչև տավուշյան ավանդական ուտեստներ․ մայիսի 3-ին Բերդի բազմագործառութային պետական քոլեջի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Տավուշի քառուղիներով» խորագիրը կրող միջոցառումը։

Միջոցառման ընթացքում պետական քոլեջի ուսանողները ներկայացրին Տավուշի պատմությունն ու ավանդույթները, բանահյուսությունը, ավանդական խոհանոցը, պատմամշակութային կոթողները, տեսարժան վայրերը, մշակութային արժեքները։

Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին Բերդի տարածաշրջանի ավանդական ուտեստները՝ պատրաստված ուսանոների կողմից։