Իջևանում կայացավ շախմատի պատանիների առաջնության մարզային փուլը

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում մարտի 6-8-ը կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցչության կազմակերպած շախմատի պատանիների առաջնությունը։

«Մրցաշարը Տավուշի մարզի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչն է, որի արդյունքում հաղթող դուրս եկած յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այստեղ խաղում են երեխաներ 8 տարիքային խմբերից՝ 5 տղաների և 3 աղջիկների»,- մրցաշարի մասին պատմում է Տավուշի մարզի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը։

Հայաստանի շախմատի ակադեմիան յուարքանչյուր տարի կազմակերպում է շախմատի մրցաշար, որն անցկացվում է 5 առանձին խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների միջև։ Այս տարի մարզի մի շարք համայնքներից շախմատի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 տավուշեցի պատանի։ 

Մարզիչները նշում են՝ տարեցտարի կարևորվում է շախմատի դերը երեխաների ու պատանիների կյանքում, իսկ նմանատիպ մրցաշարերը նպաստում են պատանիների կարողությունների զարգացմանը։ Ինչպես նշում է Դիլիջանի շախմատի խմբակի մարզիչ Ալվարդ Սահակյանը՝ «շախմատը շատ կարևոր է երեխաների համար այն առումով, որ նրանք կարողանում են շախմատի միջոցով ճիշտ ընկալել՝ ճիշտ նայել կյանքին, նաև մի քանի քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս»։




Առաջնորդության երկօրյա վերապատրաստումներ Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի համար

Փետրվարի 25-26-ը Դիլիջանի կենտորնական դպրոցում Տավուշի մարզի 82 դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ մասնակցեցին Առաջնորդության վերապատրաստումներին։

«Այսօր մենք աշխատում ենք դպրոցների ղեկավար կազմի՝ տնօրենների և փոխտնօրենների հետ, խոսում ենք առաջնորդության մասին, փորձում ենք հասկանալ՝ տնօրենի դերը կրթության գնահատման, կրթության ուղղորդման և առաջնորդության մեջ ինչպիսի՞ն պիտի լինի, զինում ենք գործիքներով, փոխանակվում ենք փորձով։ Այս պահին մենք փորձում ենք լինել ուսուցիչների, տնօրենների կողքին, սովորեցնել, փորձով փոխանակվել և ուղղորդել այս փոփոխություններում․․․ Այսպիսի բաները մեկ օրում չեն կառուցվում, և մենք պարզապես կարծում ենք, որ եթե մենք կարողանանք ամբողջ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել, դրանով արդեն մեր դերն իրականացրած կլինենք»,- վերապատրաստումների մասին պատմում է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանը։

Տավուշի մարզի դպրոցների ղեկավար կազմի, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստումները մեկնարկել են դեռևս 2021 թ․-ի ամռանը։ Երկօրյա հանդիպումը նվիրված էր թեմատիկ պանելային քննարկումներին և լավագույն փորձը միմյանց հետ կիսելուն։

Հանդիպման երկրորդ օրը «Այբ»-ի մենթորները մասնակիցների հետ քննարկեցին իրենց տրված առաջադրանքները, որոնց համաձայն դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցների զարգացման ծրագրերը։

Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանի խոսքով՝ տարիների ընթացքում մի շարք կարծրատիպեր են ձևավորվել՝ կրթությունը հետին պլան մղելով, և «այս վերապատրաստումների ամենակարևոր՝ առաջնային փուլը հենց այս կարծրատիպերի չեզոքացումն է։ Իհարկե, դա մեծ թափով առաջ շարժվել չի կարող, բայց սառույցը սկսել է հալվել, և առաջիկայում պիտի տեսնենք փոփոխությունները»։

Պանելային քննարկումների ժամանակ «Այբ»-ի մենթորները մասնակիցներին ներկայացրին և նրանց հետ քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Գնահատումը, դրա ձևերն ու նպատակները», «Դասալսումները՝ որպես արդյունավետ կառավարման գործիք», «Կրթության կառավարման առաջնահերթությունները»։

«Մենք Տավուշի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ աշխատում ենք ամեն ինչ անել, որ ծրագիրը հաջողի և փորձում ենք միասին հաղթահարել ցանկացած դժվարություն։ Այսօր ևս այդ օրերից մեկն էր, երբ քննարկում ենք դժվարությունները և փորձում ենք միասին հասկանալ՝ որն է լինելու հաջորդ քայլը», – նշում է կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը։

Երկօրյա հանդիպման ավարտին տնօրեններն ու փոխտնօրենները ստուգեցին իրենց անհատական թղթապանակներն ու դրանցում անհրաժեշտ նյութերի առկայությունը, ստացան հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում: «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է վերապատրաստումները ղեկավար կազմի և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար։




Կրթության ոլորտը Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Կրթության ոլորտում հասնելիության, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին Տավուշ հեռուստաընկերության տաղավարում զրուցել ենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի, «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի ուսուցիչ-առաջնորդ և «Սերունդ» ծրագրի մենթոր Ելենա Ղուկասյանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Զինա Պողոսյանի հետ։






Մենք ու ապագան․ Կրթության ոլորտը Տավուշի մարզում

Տավուշ հեռուստաընկերության եթերում ընթացող քննարկումների հաջորդ թեման կրթության ոլորտին է վերաբերվում։ Այս հաղորդումը ներկայացնում է մեր եթերում կլոր սեղանի շուրջ քննարկվելիք հաջորդ թեման: 

Կրթության կարևորության մասին գիտենք բոլորս: Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Տավուշի մարզում կրթական ոլորտը: Նախադպրոցական, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության ստացման, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին ու ոչ միայն՝ այս հաղորդման մեջ։






Իջևանում միանգամից մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ են մեկնարկում

ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և ԱՏՁՄ-ի, CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի գործընկերությամբ շուտով Իջևանում մի քանի կարևոր կրթական նախաձեռնություններ կյանքի կկոչվեն։

Հունիսից սեպտեմբեր ամիսներին «ԻնոԻջևան» ծրագրի շրջանակներում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ CoWo համայնքային աշխատավայրի հիմնադիր Արփի Կարապետյանի խոսքով՝ «CoWo-ն ստեղծում է համագործակցությունների հարթակ, այսինքն՝ մարդիկ, ովքեր միանման են մտածում, ընդհանուր շատ բաներ ունեն, բայց իրար չեն ճանաչում, CoWo-ի մասնակցությամբ սկսում են ընկերանալ, ավելի մեծ պլաններ գծել, առաջ շարժվելու տարբեր հեռանկարներ դիտարկել»։

Իջևանի CoWo կենտրոնում, ըստ նրա, ստեղծվելու է աշխատամիջավայր, որտեղ առաջնայինը կրթությունն է լինելու՝ ձեռներեցությունից մինչև IT-ում տարբեր մասնագիտացումների ոլորտում։ «Ունենալու ենք վեցամսյա կրթություն, որտեղ ուսուցանվելու են ձեռներեցությունից սկսած մինչև IT-ում ամենաթեթև մասնագիտացումները, որի արդյունքում մենք լավագույնս հաջողածներին ապահովելու ենք աշխատանքով»։
Մոտակա ամիսներին ընդունելություն է կատարելու Իրական դպրոցը, քանի որ սեպտեմբերից կենտորնում կմեկնարկեն դպրոցի՝ իջևանյան առաջին կուրսի դասընթացները, որոնց կարող են մասնակցել 9-րդ դասարանն ավարտած բոլոր աշակերտները։

«Իրական դպրոցը տեխնոլոգիական ուսումնարան է, որը 4 տարվա կրթություն է տալիս։ Գործում է Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այս տարի էլ առաջին անգամ պիտի բացվի Իջևանում։․․․Առաջին կուրսեցիները հիմնականում սովորում են դպրոցական ծրագրով՝ 10-12-րդ դասարանների, հետագա տարիների ընթացքում արդեն անցնում են գործնական աշխատանքի և ավարտում են փաստացի 2-3 տարվա աշխատանքային փորձով այն ոլորտում, որն ընտրել են։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտություններն են՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, նաև կառավարում՝ կառավարման համակարգեր, ժամանակակից փաստաթղթաշրջանառային էլեկտրոնային համակարգեր և այլն»,- դպրոցի մասին պատմում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Վահագն Պողոսյանը։

Այսպիսով՝ «Իրական դպրոց»-ն աշխատաշուկա մտնելու արդյունավետ ճանապարհ է առաջարկում իր սաներին՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող (ըստ ընտրած ուղղության)։ Դպրոցում կրթությունն իրականացվում է նախագծային մեթոդով։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է, որ ԵՄ Համայնքային զարգացման ծրագիրը հրաշալի հարթակ և առիթ է համադրելու կազմակերպության գաղափարները և մոտեցումները․ «կարծում եմ՝ արդյունքում հրաշալի ծրագիր է ստացվել, որը ոչ միայն հնարավորություն կտա, որպեսզի մենք կոնկրետ Տավուշի մարզում և կոնկրետ Իջևան համայնքում ստեղծենք տեխնոլոգիական ներուժ և տեխնոլոգիական կրթության և զարգացման համար հնարավորություն տանք տեղի բիզնեսներին, տեղի երիտասարդներին, նաև՝ այլ ոլորտներին, այլև սրա արդյունքում մենք կստեղծենք մի շատ կարևոր մոդել, որը հեշտությամբ կարող է կիրառելի և ընդունելի լինել նաև այլ քաղաքներում և տարածաշրջաններում»։

Ծրագրի նախաձեռնողները փետրվարի 27-ին Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում հրավիրում են 15-24 տարեկան երիտասարդներին՝ նախագծին ծանոթանալու և հարցերի մանրամասն պատասխանները ստանալու։
ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տարածաշրջանային զարգացման» դրամաշնորհային ծրագրի հիմնական գործընկերն է ԱՏՁՄ-ն՝ CoWo-ի և Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Որպես ԱՏՁՄ ռազմավարության կրթական շարունակականության իրացում՝ ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է բացել երկու նոր մասնագիտացում՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն։ Այս քայլը նպատակ ունի «Արմաթ»-ի սաների համար բուհում ներգրավվելու հնարավորություն ստեղծելու։




ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:

Փետրվարի 2-ին ՀՀ կրթության,գիության,մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի հենց դպրոցներում տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում նոր առարկայական չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչ խնդիրներ, հարցեր կան, ինչ կետեր կան, որ լրամշակման կարիք ունեն, որովհետև շատ ենք կարևորում, որ փորձարկումն արդյունավետ լինի և դրա արդյունքում կարողանանք իրոք ստանալ լավագույն չափորոշիչը»։

Փոխնախարարի առաջին կանգառը Խաշթառակի միջնակարգ դպրոցում էր: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ փոխնախարարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը ծանոթացան հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, պատասխանեցին ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին:
Փոխնախարարն այցելեց նաև Լուսաձորի հիմանական դպրոց, շրջեց դասարաններով, ծանոթացավ ուսումնական գործընթացին։


Այցն ավարտվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացավ նաև մանկավարժական խորհրդի նիստ։ Փոխնախարարը մարզ կատարած այցն ամփոփեց Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ հատկապես ուսուցիչների հետ հանդիպումները «շատ կարևոր էին և շատ բովանդակալից քննարկումներ էին, որտեղ լավի մասին խոսվեց լավ, բայց մատնանշվեցին նաև խնդիրները, և շատ կոնկրետ դիտարկումներ հնչեցին»։

Հիշեցնենք, որ Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով ներդրվել են Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ:




«Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովը Տավուշում

«Հույսի կամուրջ»-ի և «Վորլդ Վիժն»-ի կողմից կազմակերպված «Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովի թիրախում ներառական կրթության մարտահրավերներն էին։
«Կրթություն բոլորի համար» կարգախոսով առաջնորդվող աշխատաժողովի նպատակը կրթության կազմակերպման ներառականությանը խոչընդոտող ու խթանող գործոնները վեր հանելն էր՝ հանուն գործընթացի ներառականության բարելավման։






Բացումից մեկ տարի անց․ Թումո տուփը Բերդում

«Թումոն տվեց նոր գիտելիքներ, շատ հետաքրքիր նոր փորձ և ոլորտներ, որոնց մասին ես չգիտեի․․․»  «Թումոյի շնորհիվ որոշել եմ իմ ապագան կառուցել ՏՏ ոլորտում»։

«Ստեղծագործության դասընթացի գնալիս զգացի, որ կարողանում եմ աշխատել տեքստի հետ․ որոշեցի դառնալ սցենարիստ կամ լրագրող»։

Սահմանապահ Բերդ քաղաքում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Թումո տուփը՝ քաղաքի ու հարակից գյուղերի մոտ 300 երեխաներին տալով ժամանակակից ու պահանջված ոլորտներում հմտանալու և մասնագիտանալու հնարավորություն:

Այստեղ պատանիները ուսումնասիրում են 14 ոլորտներ՝ դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում: «Թումո տուփը» Տավուշի մարզում առաջինն է, բայց վերջինը չի լինի: Դեռ այդպիսի կրթական 6 կենտրոն կստեղծվի ու կգործի մարզի տարբեր համայնքներում՝ հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր երեխաներին: