Տավուշի մարզում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման խնդիրները

Տավուշի մարզում անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում պատրաստված՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման խոչընդոտները Տավուշի մարզում» զեկույցի կլոր-սեղան քննարկումը։

Քննարկմանը մասնակցեցին ոլորտի պատասխանատուներ, համայնքային ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր։

Ծրագրի շրջանակում իրականացվել է Տավուշի մարզում բնակվող կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրություն։ Այն նպատակ է ունեցել բացահայտելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, առկա մարտահրավերներն ու աջակցության կարիքները։

Կլոր-սեղան քննարկման ընթացքում ներկայացվեցին ուսումնասիրության հիմնական արդյունքները, արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։ Մասնակիցները քննարկեցին նաև հնարավոր լուծումներն ու հետագա համագործակցության ուղիները՝ ուղղված տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման և իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք նպաստում են բազմակողմանի երկխոսությանն ու տեղահանված անձանց խնդիրների հասցեական լուծումների մշակմանը։

 




Տավուշ գյուղում կառուցվում է նոր թաղամաս․ 8 բնակելի տուն ԼՂ-ից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին

AMAA-ն Տավուշ գյուղում մեկնարկել է «Տավուշ» համայնքային զարգացման ծրագիրը․ նպատակն է ստեղծել բնակության հարմարավետ պայմաններ, ապահովել կայուն եկամուտներ և միավորել տեղացի ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համատեղ կյանքը։

Եռամյա ծրագրի շրջանակում Տավուշում կկառուցվի նոր թաղամաս՝ 8 բնակելի տուն արևային կայաններով։ Բացի դրանից՝ ընտրված ընտանիքների համար նախատեսվում է հիմնել ազնվամորու այգիներ, հյուրատնային բիզնեսներ և ջերմատնային տնտեսություններ՝ ելակի աճեցման հնարավորությամբ։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 30 աշխատատեղ, ինչպես նաև ապահովել գյուղատնտեսական տեխնիկայով՝ ընտրված ընտանիքների հողերը մշակելու համար։ Տեղացի և տեղահանված ընտանիքների հզորացման նպատակով նրանք հնարավորություն կունենան զբաղվել նաև հացաբուլկեղենի ու հրուշակագործության արտադրությամբ, ինչպես նաև՝ հյութերի, կոմպոտների ու մուրաբաների արտադրությամբ։

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է․ հայտադիմումն՝ այստեղ։

Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացվելու են դասընթացներ ու խորհրդատվություններ, որոնց շնորհիվ ընտրված ընտանիքները կկարողանան ինքնուրույն վարել իրենց տնտեսությունը։

Հարցազրույցում ծրագրի համակարգման օգնական Էլինա Գասպարյանը մանրամասնում է ծրագրի նպատակներն ու սպասվող արդյունքները։




Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։




Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Իջևանում վերաբնակեցված ընտանիքում երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել. փոքրիկը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ է եկել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված և Իջևան քաղաքում վերաբնակեցված Սարդարյանների արու զավակը: Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից հայտնում են որ երեխան ծնվել է լիովին առողջ, 2900 գրամ կշռով: Ծնողները փոքրիկին դեռ չեն անվանակոչել:

Խաղաղ ու անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։