Երկրաշարժի մագնիտուդ և ուժգնություն

Ինչ է երկրաշարժը

Երկրաշարժերն ըստ ծագման բաժանվում են երկու խմբի բնական և տեխնածին: Բնական ծագման երկրաշարժերի պատճառ կարող են հանդիսանալ ստորգետնյա ցնցումները, հրաբուխները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, ինչպես նաև մետեորիտների բախումը երկրի մակերևույթին (օրինակ հայտնի է 1908 թ. Տունգուսյան մետեորիտի բախումը երկրի մակերևույթին, որը հզոր երկրաշարժ առաջացրեց):

Երկրաշարժը բնության ամենահզոր և խորհրդավոր երևույթ ներից կամ բնական աղետներից մեկն է, որն ունի առաջացման և ծագման տարբեր պատճառներ:

Եթե գիտական տեսակետից դա հզոր տեղեկատվական աղբյուր է երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթների մասին, ապա բնակչության համար դա սոսկ արհավիրք է՝ հազարավոր զոհերով ու ավերածություններով: Ու եթե ուզում ենք աղետից պաշտպանվել, գոնե կորուստները հասցնել նվազագույնի, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ի՞նչ է երկրաշարժը, ինչու՞ է այն տեղի ունենում, ինչու՞ է տևում կարճ կամ կարող է կրել շարունակական բնույթ:

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը ելնելով դրանց պատճառած վնասներից: եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվում էր ավելի ուժգին: Թեև նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ: Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկ- րաշարժի ուժից, այլև շինությունների որակից և նրանց հիմնա- տակի ապարների հատկությունից։ Բացի այդ, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս «հանելուկը» բացատրե- լու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից` հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից և երկրաշարժի օջախի խորությունից: Կա- րող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն օջախը լինի խոր։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչև երկրի մակերես հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնա- կանաբար, լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերես և, հետևաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ։

Անջատված սեյսմիկ էներգիայի մեծությունը սեյսմոլոգները գնահատում են մագնիտուդով։ «Մագնիտուդ» հասկացությունը 1935 թ. գործածության մեջ դրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիա- կան ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Ռիխտերը: Նա էլ մշակեց երկրաշարժերի` մագնիտուդների սանդղակ, որն այժմ կրում է «Ռիխտերի սանդղակ» անունը: Այդ սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ:

Այլ բան է երկրաշարժի ուժգնությունը, որը որոշվում է շինություններում ցնցումների հետևանքով առաջացած վնաս- վածքների և ավերածությունների աստիճանով: Ամենաուժեղ ցնցումները, բնականաբար, տեղի կունենան էպիկենտրոնում և նրա մոտակա տարածքում: Ինչքան հեռու է տեղանքը էպիկենտ- րոնից, այնքան փոքր է այնտեղ երկրաշարժի ուժգնությունը: Ի տարբերություն մագնիտուդի՝ ուժգնությունն անմիջականորեն չափվող մեծություն չէ: Այն որոշելու համար հարկավոր է ու- սումնասիրել վնասված տեղանքը, բնակավայրերը, տեսնել, թե ցնցումների հետևանքով ինչ վնասվածքներ են ստացել շենքերը, շինությունները և տեղանքի ռելիեֆը։ Երկրաշարժի ուժգնության որակական գնահատման համար մշակված է 12-բալանոց սանդղակ (MSK-64), որի պարզեցված տարբերակը բերվում է ստորև։

 

1 բալ Մարդիկ այն չեն զգում։ Գրանցվում է միայն սեյսմոգրաֆների կողմից:
2 բալ Զգում են շատ քչերը, եթե նրանք գտնվում են բարձրահարկ շենքերում, հանգիստ վիճակում:
3 բալ Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում,հատկապես վերին հարկերում։ Դրսում գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում: Նկատվում է վիբրացիա և առարկաների թույլ ճոճում։
4 բալ Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը։ Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է։ Լսվում է պատուհանների և դռների դռռոց: Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են:
5 բալ Զգում եմ բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ։ Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը և պատուհանների ապակիները կոտրվում են պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճեղքեր են առաջանում։ Կախված առարկաներն ուժեղ Ճոճվում են։
6 բալ Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում: Շատերը վախից դուրս են վազում: Չամրացված կահույքը տեղաշարժվում է։ Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է։ Ծխնելույզները թեքվում են: Ավերածությունը քիչ է։
7 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում թույլից-չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում՝ զգալի։ Շենքերի ծխնելույզները շարքից դուրս են գալիս։
8 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթևակի են, տիպայինում՝ նշանակալի, վատ կառույցներում տեղի են ունենում ավերածություններ։ Թեքվում և ընկնում են վառարանային և գործարանային ծխնելույզները, սյուները և հուշարձանները։ Հորատանցքերում և ջրհորներում փոխվում է ջրի մակարդակը։ Երկրի մակերեսի վրա երբեմն առաջանում են ճեղքեր։
9 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են զանգվածային փլուզումներ: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր:
10 բալ Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչև 1 մետրի։ Ավերվում է նույնիսկ լավ կառուցված փայտե և քարե տների մեծամասնությունը։ Ծռվում են երկաթգծի ռելսերը։ Գետերի ափերի և սարալանջերի հողը սկսում է սահել:
11 բալ Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները։ Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր: Փլուզումները համատարած են:
12 բալ Հիմնահատակ կործանում։ Երկրի մակերեսին առաջանում են լայն և երկար ճեղքեր: Գետերը փոխում են հուները։ Փլուզվում են լեռները, լանջերի վրա առաջանում են բազմաթիվ սողանքներ, որոնց հետևանքով երբեմն առաջանում են արհեստական լճեր։