40 տարվա դադարից հետո Դիլիջանում կրկին հնչեցին «Դիլիջանյան ղողանջները»

Սպորտով, ընտանիքով և համայնքային համախմբվածությամբ լեցուն օր էր հունիսի 28-ը Դիլիջանում․ ամփոփվեց շուրջ մեկ ամիս տևած «Դիլիջանյան ղողանջներ» մարզական փառատոնը, որը վերակենդանացավ 40 տարվա ընդմիջումից հետո։ Այս տարվա միջոցառումն առանձնացավ խորհրդանշական 4 թվի զուգադիպություններով. կազմակերպիչ Գարիկ Թովմասյանը նշում էր իր ծննդյան 44-ամյակը, հունիս ամսվա ընթացքում անցկացվեց չորս մարզական միջոցառում, իսկ փառատոնը վերադարձավ ճիշտ 40 տարի անց։ Սակայն այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։

Մի քանի տարի առաջ Գարիկ Թովմասյանի 33-րդ և 40-րդ ծննդյան օրերը համընկան անվճար բացօթյա մարզումների հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ այսուհետ իր յուրաքանչյուր ծննդյան օրը կնշի երեխաների հետ։ 41-ամյակի առիթով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ Դիլիջանում ստեղծվեց բացօթյա մարզական այգի, 42-ամյակին այն համալրվեց ֆուտբոլի դարպասներով, 43-ամյակին՝ ամբողջությամբ ցանցապատվեց և գծանշվեց։ Այսօր այն դարձել է լիարժեք մարզական տարածք՝ բասկետբոլի, վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներով, մարզասարքերով ու մանկական խաղային գոտով։

Հունիսին անցկացված չորս մարզական միջոցառումներից երեքը նվիրված էին տարբեր մարզաձևերի՝ սամբոյի, ուժային եռամարտի և գրեփլինգի մրցաշարերին, իսկ չորրորդը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն էր, որը դարձավ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնի եզրափակիչ ակորդը։

Փառատոնի ընթացքում պարգևատրվեցին նաև վերջին մեկ տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտներում հաջողություններ ունեցած երեխաներն ու երիտասարդները։ «Դիլիջանյան ղողանջներ» հիմնադրամի համար կարևոր է գնահատել ոչ միայն սպորտում, այլև ստեղծագործական ոլորտներում ունեցած ձեռքբերումները։ Նախատեսվում է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը կդառնա նախ մարզային, ապա՝ հանրապետական, իսկ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնը կվերածվի Հայաստանի ամենասպասված մարզական ավանդույթներից մեկի։

Մեկ գաղափար, մեկ ծննդյան օր, մեկ բացօթյա մարզահրապարակ… և այսօր՝ արդեն վերածնված փառատոն։ «Դիլիջանյան ղողանջները» վերադարձել են՝ հիշեցնելով, որ մեծ ավանդույթները հաճախ սկսվում են մեկ փոքր, բայց հետևողական քայլից։

Կարդացեք նաև՝




Մարզական ակտիվություն Տավուշի մարզում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Մարզական ակտիվություն Տավուշի մարզում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Այսօր կայացել են «ՀՀ Տավուշի մարզպետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումները՝ ամփոփելով մարզում անցկացված հերթական ֆուտբոլային առաջնությունը։

Պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել «Նիկարմ» թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռազմական ոստիկանության թիմը, իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել ՀՕՊ-ի թիմը։

Պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիր բոլոր թիմերը ստացել են մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմը պարգևատրվել է նաև մրցաշարի գլխավոր մրցանակով՝ գավաթով։

Մրցաշարին ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզական ոլորտի պատասխանատուներ։

Ֆուտբոլային նման մրցաշարերը Տավուշում նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և տարբեր համայնքների ու կառույցների թիմերի միջև մարզական կապերի ամրապնդմանը։ Մրցաշարի արդյունքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ֆուտբոլը շարունակում է մնալ Տավուշի մարզում ամենաակտիվ և հետաքրքրություն վայելող մարզաձևերից մեկը։

Կարդացեք նաև՝




Հաղթանակում կայացել է զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 33-րդ առաջնությունը

Մայիսի 30-ին Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Տարիների ընթացքում ավանդույթ դարձած մարզական այս միջոցառումը համախմբում է տարածաշրջանի տարբեր բնակավայրերի թիմերին՝ միաժամանակ հանդիսանալով հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հարգելու առիթ։

Հուշամրցաշարը կազմակերպվում է հաղթանակցի Սպիրիդոն Բրոյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվում է արդեն 33-րդ անգամ՝ շարունակելով պահպանել իր նշանակությունն ու կարևորությունը համայնքի և մարզասերների համար։ Մրցաշարին մասնակցել են տարածաշրջանի մի շարք բնակավայրերի ֆուտբոլային թիմեր, որոնք պայքարել են պատվավոր գավաթի համար։

Այս տարվա եզրափակիչում հանդիպել են Աչաջուր և Բերդավան բնակավայրերի թիմերը։ Խաղից առաջ ֆուտբոլիստները և հյուրերն այցելել են հայրենիքի պաշտպանության համար զոհված հաղթանակցիների հուշարձան, որտեղ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։

Եզրափակիչ հանդիպումն անցել է հետաքրքիր և լարված պայքարում։ Երկու թիմերն էլ ցուցադրել են կազմակերպված և պայքարող խաղ։ Հանդիպման արդյունքներով՝ Աչաջուրի թիմը 1։0 հաշվով հաղթանակ է տարել՝ դառնալով հուշամրցաշարի հաղթող։ Մրցաշարի ավարտին պարգևատրվել են նաև տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստները՝ արժանանալով պատվոգրերի և հուշանվերների։

Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ նման միջոցառումները նպաստում են մարզական կյանքի ակտիվացմանը ու կարևոր դեր ունեն հայրենասիրական արժեքների պահպանման և երիտասարդ սերնդին ազգային հիշողության փոխանցման գործում։ Տասնամյակներ շարունակ անցկացվող այս հուշամրցաշարը շարունակում է միավորել համայնքների բնակիչներին՝ սպորտի միջոցով հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված ազատամարտիկների հիշատակին։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի։




Իջևանում անցկացվեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի բաց առաջնությունը

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ թիվ 5 հիմնական դպրոցում, անցկացվեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին 110 մարզիկներ՝ տարբեր համայնքներից։

Առաջնությունն անցավ բարձր մրցակցային մթնոլորտում․ մասնակիցները ցուցադրեցին տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակ, իսկ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ականատես լինել հետաքրքիր և լարված մենամարտերի։

Առաջնության ավարտին հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով և պատվոգրերով։ Մրցաշարի կազմակերպիչը Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի գլխավոր մարզիչ Ստեփան Սարհատյանն է։




Մարզական ակտիվություն Իջևանում․ ավարտվեց ֆուտբոլի հերթական առաջնությունը

Իջևան համայնքում ավարտվեց «Իջևան համայնքի ղեկավարի գավաթ» ֆուտբոլային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել խոշորացված համայնքի 7 բնակավայրերից թիմեր՝ հանդես գալով 35-ից բարձր տարիքային խմբում։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ առաջնության եզրափակիչ փուլը։ Լարված ու դիտարժան պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աչաջուր գյուղի թիմը։ Երկրորդ տեղը՝ Գետահովիտի թիմը, իսկ առաջնության հաղթող ճանաչվեց Իջևան քաղաքի թիմը։

Առաջնությունը կազմակերպել էր «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ Իջևանի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել ֆուտբոլի զարգացումն ու մասսայականացումը համայնքում։




Իջևանցի բադմինթոնիստը՝ միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Մարտի 12–15-ը Հունգարիայի Պեչ քաղաքում անցկացված մինչև 13 և մինչև 15 տարեկանների բադմինթոնի միջազգային մրցաշարում հաջող ելույթ է գրանցել Հայաստանը  ներկայացնող Լիլի Կիրակոսյանը։

Զուգախաղի մրցումներում հանդես գալով Մոլդովայի ներկայացուցիչ Անաստասիա Մուստեատաի հետ, գրավել է երրորդ հորիզոնականը։

Լիլի Կիրակոսյանն Իջևանի մարզադպրոցի սան է։ Նա նաև ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1980թ․) և Ֆրանսիայի բաց առաջնությունի հաղթող (1981թ․), միջազգային կարգի սպորտի վարպետ Վարդիթեր Պողոսյանի թոռնուհին է։

Պեչում կայացած մրցաշարին մասնակցել են տարբեր երկրների պատանի բադմինթոնիստներ՝ մրցելով մի շարք տարիքային խմբերում։ Մրցաշարին Իջևանից մասնակցում էին նաև Անիտա Արզումանյանը և Մարինա Ասիլբեկյանը՝ հանդես գալով մինչև 15 տարեկանների տարիքային խմբում։




Իջևանում ամփոփեցին տարվա մարզական հաջողությունները

Իջևանի համայնքապետարանն ավանդույթի համաձայն ամփոփեց տարեվերջը՝ ներկայացնելով մարզական ոլորտում 2025 թվականին արձանագրված հաջողությունները և ոգևորելով տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ովքեր անձամբ հանձնեցին պատվոգրեր և խրախուսական նվերներ միջազգային և հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու մարզիչներին։

Նրանք շնորհավորական խոսքերով ընդգծեցին մարզական ձեռքբերումների կարևորությունը և վստահեցրին, որ համայնքը շարունակելու է ապահովել մարզիկների համար աջակցություն, ինչպես նաև զարգացնել մարզական ենթակառուցվածքները համայնքում։

Միջոցառումն ամփոփեց անցնող տարվա հաջողությունները և ոգեշնչեց մարզական համայնքին՝ նշանավորելով առաջիկա տարվա նպատակները և ձգտումները։




Տավուշեցի երեխաները՝ երազանքների իրականացման ճանապարհին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2026 թվականի եվրոպական ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Իռլանդիա հանդիպումների ժամանակ մարզադաշտը նաև երազանքների իրականացման վայր էր «Հույսի կամուրջ» ՀԿ սաների համար։ Կազմակերպության՝ «Ֆուտբոլ` հանուն հավասար հնարավորությունների» նախագծի մասնակից-երեխաները Տավուշից, Հայաստանի այլ մարզերից ներկա գտնվելով ֆուտբոլային հանդիպումներին ուղեկցեցին ֆուտբոլիստներին «Հանրապետական» մարզադաշտ և մասնակցեցին ազգային օրհներգի կատարմանը։

Երեխաների համար սա առաջին անգամն էր, երբ նրանք կանգնեցին նման մեծ խաղադաշտում՝ միասին ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ, այդ թվում նաև աշխարհի հայտնի ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Բրունո Ֆերնանդեսի, Դիոգո Կոստայի և այլոց կողքին։

«Ես երբեք չէի պատկերացրել, որ կհանդիպեմ Ռոնալդուին ու կանգնած կլինեմ նման  խաղադաշտում, – ասում է 13-ամյա Մանեն Դիլիջան քաղաքից, – դա կարծես երազանք էր, որ դարձավ իրականություն»:

«Անսպասելի էր, ամեն ինչ այնքան իրական թվաց, կարծես ֆիլմում ենք, – պատմում են Վահե և Վոլոդյա եղբայրները, – մենք տեսանք սիրելի ֆուտբոլիստներին ու նրանց հաղթանակ մաղթեցինք»։

Երեխաների մասնակցությունը ավելացրեց հանդիպումների յուրահատուկ մթնոլորտը. դաշտը լցված էր ոգևորությամբ, իսկ մարզադաշտի հանդիսատեսը ևս սկսեց զգալ երեխաների էներգիան և ոգևորությունը։ «Հույսի կամուրջ» կազմակերպության համար  նման նախաձեռնությունները կարևոր են երեխաների սոցիալական ներառման տեսանկյունից, նաև հանրության համար, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես մեծ երազանքները կարող են իրականություն դառնալ։ Երեխաների հուզմունքը, ժպիտները դարձել են գեղեցիկ հիշողություններ, որ ամեն անգամ կամուրջ կլինեն փոքր քայլերից դեպի մեծ երազանքներ տանող ճանապարհին։

Կարդացեք նաև՝




Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Հունգարիայի Էստերգոմ քաղաքը մայիսի 2-3-ը հյուրընկալել էր Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին հարյուրավոր մարզիկներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Հայ մարզիկները մասնակցելով առաջնությանը, գրանցել են ոգևորող արդյունքներ՝ 5 չեմպիոն, 2 փոխչեմպիոն, 5 բրոնզե մեդալակիր։

Առաջնության Եվրոպայի չեմպիոնների շարքում են նաև տավուշցի տղաները՝ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղից Գոռ Կիրակոսյանը և Դեբեդավան գյուղից Արեն Խուդյանը։

 

 




Առողջ ու ակտիվ ժամանց` Ենոքավանում

Առողջ ու ակտիվ ժամանց Ենոքավանում

Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից հայ ու արտասահմանցի մարզիկները սպորտային երկու հագեցած օր ունեցան Ենոքավանում։ 2-րդ անգամ է Ենոքավանը հյուրընկալում մարզիկներին՝ Յելլ սպորտ ֆեստթի շրջանակում։


«Երկրորդ տարին ենք անցկացնում այս փառատոնը, արդյունքները տպավորիչ են ու ոգևորող։ Փորձում ենք փառատոնը դարձնել գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի կազմակերպելով և նոր մարդկանց ներգրավելով»,- նշում է միջոցառման կազմակերպիչ Իլյա Ցիգանգովը։

Սպորտային փառատոնը շատերին էր գրավել իր բազմազանությամբ ու առաջարկվող ժամանցային ծրագրերով․ ներառվել էին տարբեր հետաքրքրություններ՝ արկածային տուրեր, մրցավազք, թիմային այլ խաղեր։ Երկորդ օրը Իջևանի գինու և կոնյակի գործարանից մասնակից մարզիկները հեծանիվով հաղթահարցին Իջևան-Ենոքավան ճանապարհը։

Հաղթող ու լավագույն արդյունքներ գրանցած հեծավորդների համար խրախուսական նվերներ էին նախատեսել Իջևանի գինու և կոնյակի գործարանն ու Յելլ էքստրիմ պարկը։ Վրաց հեծանվորդ Նիկա Ցիրեկիձեն առաջինը հատեց սպասված վերջնակետը:

«Մեր ճանապարհը հետաքրքիր փորձություն էր՝ վերելքներ ենք հաղթահարել ու անցել ոլորաններով։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, կարող եմ ասել, որ այստեղ հեծանվավազքը կարող է զարգանալ՝ պայմաններ կան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին ջերմության և հյուրընկալության համար։ Այս փառատոնը սպորտի միջոցով նպաստում է ժողովուրդների կապի ամրապնդմանը»,- մեզ հետ զրույցում ասաց հեծանվավազքի հաղթող Նիկա Ցիրեկիձեն։

«Յելլ սպորտ ֆեսթը» առողջ ու ակտիվ ժամանցի, սպորտային բարիքների շուրջ՝ առողջ ու մարզական միջավայրում, մարդկանց կհամախմբի արդեն հաջորդ տարի։

Դիտեք նաև՝