Հրայր Ալիխանյան․ ազատ ոճի ընմբշամարտ. Մարզական Տավուշ

Մեր ամենասպորտային շարքի՝ «Մարզական Տավուշ»-ի էջերում սկսում ենք պատմել նաև տավուշեցի մարզիկների մասին։

Այսօրվա մեր հերոսը Դիտավան գյուղի բնակիչ Հրայր Ալիխանյանն է։ Նա զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր է։ Այս տարվա ապրիլին Հրայրը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Խորվաթիայում։

Մեր եթերում Հրայրը պատմում է իր մարզական ուղու, հետաքրքիր դրվագների ու հաջողությունների մասին։






Բերդ համայնքում անցկացվել են երրորդ «Մարդիգյան մրցումները»

Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է միջկրթօջախային սպորտային մրցաշար՝ Բերդ համայնքի 16 միջնակարգ և ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների շուրջ 80 աշակերտի մասնակցությամբ՝ նվիրված Մարդիգյան ընտանիքին։

Մարդիգյան սպորտային խաղերը Բերդի տարածաշրջանում իրականացվում են արդեն երրորդ անգամ: Մրցումների նպատակն է ձևավորել առողջ ապրելակերպ երիտասարդների շրջանում, արդար մրցակցային մթնոլորտ դպրոցականների միջև, ինչպես նաև նոր կապեր և ընկերություն, թիմային աշխատանք ու թիմային պատկանելություն:

Աշակերտներն իրենց ուժերը փորձել են 5 մարզաձևում`
Հեռացատկ (աղջիկներ)
Սեղմումներ մարմնամարզական նստարանից (աղջիկներ)
Ձգումներ պտտաձողից (տղաներ)
Կշռաքարի բարձրացում (տղաներ)
Հրաձգություն (տղաներ և աղջիկներ)

Թիմային հաշվարկով առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, երկրորդ և երրորդ հորիզոնականները` Բերդի ավագ և Այգեձորի միջնակարգ դպրոցները:

Լավագույն 3 տեղերը զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, նվերներով, մրցավարները` շնորհակալագրերով և նվերներով: Բերդի ավագ դպրոցն արժանացել է շնորհակալագրի` համագործակցելու և սպորտային խաղերի կազմակերպմանն աջակցելու համար:






Վոլեյբոլի բաց առաջնություն Իջևանում՝ ի հիշատակ 2016-2022 թվականներին զոհված տղաների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր վոլեյբոլի բաց առաջնություն՝ ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված տղաների։

Ապրիլի 22-ին մասնաճյուղում 13 թիմեր՝ Իջևանից, Նոյեմբերյանից, Գանձաքար, Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Այգեհովիտ, Պտղավան բնակավայրերից եկել էին մասնակցելու բաց առաջնությանը։






Աչաջրի մարզադաշտում կայացավ ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած Սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը շարունակվում է։ 

Մարտի 18-ին Աչաջուր գյուղի մարզադաշտում կայացավ Աչաջրի «Բենտոնիտ» և Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ 

Սիրողական առաջնությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված 10 սիրողական ակումբները։ Առաջին անգամ սիրողական լիգայում երեք լավագույն արդյունքները գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը։ 

Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Առաջիկայում սպասվում են նոր մրցապայքարներ։ 






Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Մեժլում Մեժլումյանը (61 կգ) նվաճել է արծաթե մեդալ` դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
——
Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Մեժլում Մեժլումյանը Բերդ քաղաքից է։
🔸️Շնորհավորում ենք մեր հայրենակցին` մաղթելով նոր նվաճումներ։
🔸️Շնորհակալ ենք հպարտության ակնթարթներ պարգևելու համար։



Թեղուտում սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար է անցկացվել

«Սեղանի թենիս» սպորտաձևով սիրողական մարզվող մի խումբ թենիսիստներ մարտի 5-ին հավաքվել էին մեկ սեղանի շուրջ՝ Թեղուտի միջնակարգ դպրոցում մասնակցելու սեղանի թենիսի թիմային մրցաշարին։ Առաջնությանը մասնակցում էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերից։

Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել սիրելի սպորտաձևով, այլ նաև ծանոթությունների ամուր ցանց ստեղծելու հիմք է Տավուշի մարզի համայնքների գաղափարակից պատանիների ու մեծահասակների միջև։

Մրցաշարի ընթացքում լավագույն արդյունքներն արձանագրած թիմը վերջում ստացավ առաջնության գավաթը։ Հաղթող և լավագույն խաղ ցուցադրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։






Խառը մենամարտեր (MMA)․ Քոնոր ՄաքԳրեգոր․ Մարզական Տավուշ

«Մարզական Տավուշ» շարքում այս անգամ կպատմենք խառը մենամարտերում բարձր դիրքի և մեծ հաջողությունների հասած մի մարզիկի՝ Քոնոր ՄաքԳրեգորի մասին և կդիտենք նրա հիշարժան մարտերը։

Մի մոռացե՛ք հետևել նաև Տավուշ TV-ի եթերին, որտեղ մենք պարբերաբար ներկայացնում ենք մարզական աշխարհում ընթացող իրադարձությունների լավագույն պահերը։






Մարտեր առանց կանոնների․ Ժոզե Ալդու․ Մարզական Տավուշ

«Մարզական Տավուշ» շարքում մեր եթերում պարբերաբար ներկայացնում ենք մարզական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ամենադիտարժան պահերը՝ ֆուտբոլից մինչև բռնցքամարտ։

Այսուհետ պարբերաբար կանդրադառնանք նաև սպորտի աշխարհում ամենահայտնի դեպքերին ու դեմքերին։

Եվ այսպես՝ Տավուշ TV-ի տաղավարից առաջին անդրադարձը ձեզ է ներկայացնում Վաղարշակ Ալավերդյանը։ Պատրա՞ստ եք․ մա՛րտ․․․




Նոյեմբերյանում կայացավ շախմատի հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին

Նոյեմբերյանի «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին։ Մրցաշարին մասնակցեցին Նոյեմբերյան համայնքի երեխաներն ու մեծահասակները։

14-18 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Գարիկ Բարսեղյանը, երկրորդը՝ Նարեկ Նավասարդյանը, երրորդ տեղում Մարիա Նավասարդյանն էր, ով աղջիկների խմբում արժանացավ առաջին մրցանակին։

12-14 տարիքային խմբում առաջին տեղում Էդմոն Կրակոսյանն էր, 10-11 տարիքային խմբում՝ 10-ամյա Նանե Չիլինգարյանը։

Մեծահասակների խմբում հաղթող ճանաչվեց ամենաերիտասարդ մասնակիցը՝ Գարիկը։

Մրցաշարն անցավ չափազանց հետաքրքիր՝ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մրցաշարի վերջում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով։

Մրցաշարի մասին պատմում է Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։






Իջևանում կայացավ արագ շախմատի մանկապատանեկան միջմարզային առաջնություն

Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Իջևան քաղաքում կայացավ «Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի գավաթ – 2022» խորագրով արագ շախմատի մանկապաատնեկան առաջնություն։

Առաջնությանը մասնակցում էին 80 դպրոցական Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներից, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներից և Գեղարքունիքի մարզից։

Մինչ առաջնության մեկնարկը շախմատի ակադեմիայի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց շախմատի առաջնության կանոնակարգը և դիտարժան ու հետաքրքիր խաղ մաղթեց։ Մրցաշարին մասնակցեցին մինչև 16 տարեկան պատանիներն ու աղջիկները։

Կազմակերպիչները նշում են, որ նման մրցաշարերին մասնակցությունը նաև փորձի ձեռքբերում է՝ հետագայում ավելի լայնամասշտաբ առաջնություններին լավագույնս ներկայանալու համար։

Մրցաշարի կայացմանն աջակցել են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցը և Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Ղալթախչյանը։

Մարզիչներն ուրախությամբ նշում են նաև, որ նմանատիպ առաջնությունները շարունակական են լինելու, քանի որ երեխաների հետաքրքրությունը շախմատի հանդեպ տարեցտարի ավելանում է։