Սամվել Գևորգյանը՝ ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Օրերս Այգեհովիտի գյուղամեջը սովորականից ավելի մարդաշատ էր. գյուղի մանուկներն ու մեծերը, ծանոթ անծանոթները եկել էին դիմավորելու վերջերս իրենց հպարտության զգացում պարգևած 17 ամյա Սամվել Գևորգյանին, ով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Հայկական, ազգային հնչյունների ուղեկցությամբ պատանի ըմբիշ Սամվելին համայնքի անունից հանձնեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր` նշելով, որ այս նվաճումը ոչ միայն Այգեհովիտ գյուղին է, այլև Տավուշի, Հայաստանի նվաճումը: Սամվել Գևորգյանը խոստանում է շարունակել քրտնաջան աշխատանքը` հանուն նոր արդյունքի, նոր հաղթանակի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Թուրքիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը հաղթանակ տանելով 3 գոտեմարտերում, անցել է կիսաեզրափակիչ փուլ` պայքարելով և Հայրենիք բերելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:




Բացօթյա մարզահրապարակի բացում Դիլիջանում

2012 թվականին դիլիջանցի Գարիկ Թովմասյանը իր թիմի հետ շահեցին դրամաշնորհ՝ Դիլիջանի թիվ 4 դպրոցի մոտ կառուցելով մարզահրապարակ, որտեղ կարելի էր մարզվել պտտաձողի և զուգափայտի վրա, խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և վոլեյբոլ: Այդ պահից սկսած Գարիկը սկսեց երազել սպորտային քաղաք ունենալու մասին և երազանքի իրականացման համար սկսեցին սկսեցին շաբաթական մեկ օր անվճար հիմունքներով բացօթյա մարզումներ անցկացնել Դիլիջանի բաց երկնքի տակ։ 2015 թվականին՝ Գարիկի ծննդյան օրը համընկել էր հերթական մարզման օրվա հետ, որից հետո որոշել են՝ ամեն տարի հունիսի 28-ին պիտի հավաքվեն բացօթյա մարզահրապարկում և մարզվեն։

Ակումբն այս պահին ունի մի քանի տասնյակ մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերից։

«Dilijan GYM» մարզական ակումբը խթանում է առողջ ապրելակերպի տարածումը, նպաստում ֆիզիկական դաստիրարակության ձևավորմանը։

Նորաբաց մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, ինչպես նաև Դիլիջան քաղաքի հյուրերը:




Ավարտվեց ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունները

Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան 2022-23 թվականի առաջնությունները ավարտված են․ Տավուշի մարզի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները առաջնության ընթացքում գրանցել են հաջողություններ՝ արժանանալով մրցանակների։ 

Առաջնությանը մինչև 16 տարեկանների B խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Պավել Մելիքջանյանը, լավագույն ռմբարկու՝ Յուրի Հակոբյանը, իսկ մինչև 14 տարեկանների C խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Վալերի Դավթյանը։ Պատանի ֆուտբոլիստները մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ 

ՀՖՖ հատուկ մրցանակները լավագույններին հանձնեց անկապատանեկան մրցումների անցկացման պատասխանատուն․ Բաբկեն Ղալոյանի կարծիքով առաջնություններում մարզերի ներգրավման արդյունքում նոր ֆուտբոլային տաղանդներ են բացահայտվում։

Տավուշի ֆուտբոլային ակումբների տղաներն ու աղջիկները շարունակելու են մասնակցել ֆուտբոլային առաջնություններին․ պատանիները խոստանում են՝ գրավելու են ֆուտբոլային նոր բարձունքներ։




Հրայր Ալիխանյան․ ազատ ոճի ընմբշամարտ. Մարզական Տավուշ

Մեր ամենասպորտային շարքի՝ «Մարզական Տավուշ»-ի էջերում սկսում ենք պատմել նաև տավուշեցի մարզիկների մասին։

Այսօրվա մեր հերոսը Դիտավան գյուղի բնակիչ Հրայր Ալիխանյանն է։ Նա զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր է։ Այս տարվա ապրիլին Հրայրը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Խորվաթիայում։

Մեր եթերում Հրայրը պատմում է իր մարզական ուղու, հետաքրքիր դրվագների ու հաջողությունների մասին։




Բերդ համայնքում անցկացվել են երրորդ «Մարդիգյան մրցումները»

Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է միջկրթօջախային սպորտային մրցաշար՝ Բերդ համայնքի 16 միջնակարգ և ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների շուրջ 80 աշակերտի մասնակցությամբ՝ նվիրված Մարդիգյան ընտանիքին։

Մարդիգյան սպորտային խաղերը Բերդի տարածաշրջանում իրականացվում են արդեն երրորդ անգամ: Մրցումների նպատակն է ձևավորել առողջ ապրելակերպ երիտասարդների շրջանում, արդար մրցակցային մթնոլորտ դպրոցականների միջև, ինչպես նաև նոր կապեր և ընկերություն, թիմային աշխատանք ու թիմային պատկանելություն:

Աշակերտներն իրենց ուժերը փորձել են 5 մարզաձևում`
Հեռացատկ (աղջիկներ)
Սեղմումներ մարմնամարզական նստարանից (աղջիկներ)
Ձգումներ պտտաձողից (տղաներ)
Կշռաքարի բարձրացում (տղաներ)
Հրաձգություն (տղաներ և աղջիկներ)

Թիմային հաշվարկով առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, երկրորդ և երրորդ հորիզոնականները` Բերդի ավագ և Այգեձորի միջնակարգ դպրոցները:

Լավագույն 3 տեղերը զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, նվերներով, մրցավարները` շնորհակալագրերով և նվերներով: Բերդի ավագ դպրոցն արժանացել է շնորհակալագրի` համագործակցելու և սպորտային խաղերի կազմակերպմանն աջակցելու համար:




Վոլեյբոլի բաց առաջնություն Իջևանում՝ ի հիշատակ 2016-2022 թվականներին զոհված տղաների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր վոլեյբոլի բաց առաջնություն՝ ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված տղաների։

Ապրիլի 22-ին մասնաճյուղում 13 թիմեր՝ Իջևանից, Նոյեմբերյանից, Գանձաքար, Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Այգեհովիտ, Պտղավան բնակավայրերից եկել էին մասնակցելու բաց առաջնությանը։




Աչաջրի մարզադաշտում կայացավ ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած Սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը շարունակվում է։ 

Մարտի 18-ին Աչաջուր գյուղի մարզադաշտում կայացավ Աչաջրի «Բենտոնիտ» և Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ 

Սիրողական առաջնությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված 10 սիրողական ակումբները։ Առաջին անգամ սիրողական լիգայում երեք լավագույն արդյունքները գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը։ 

Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Առաջիկայում սպասվում են նոր մրցապայքարներ։ 




Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Մեժլում Մեժլումյանը (61 կգ) նվաճել է արծաթե մեդալ` դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
——
Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Մեժլում Մեժլումյանը Բերդ քաղաքից է։
🔸️Շնորհավորում ենք մեր հայրենակցին` մաղթելով նոր նվաճումներ։
🔸️Շնորհակալ ենք հպարտության ակնթարթներ պարգևելու համար։



Թեղուտում սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար է անցկացվել

«Սեղանի թենիս» սպորտաձևով սիրողական մարզվող մի խումբ թենիսիստներ մարտի 5-ին հավաքվել էին մեկ սեղանի շուրջ՝ Թեղուտի միջնակարգ դպրոցում մասնակցելու սեղանի թենիսի թիմային մրցաշարին։ Առաջնությանը մասնակցում էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերից։

Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել սիրելի սպորտաձևով, այլ նաև ծանոթությունների ամուր ցանց ստեղծելու հիմք է Տավուշի մարզի համայնքների գաղափարակից պատանիների ու մեծահասակների միջև։

Մրցաշարի ընթացքում լավագույն արդյունքներն արձանագրած թիմը վերջում ստացավ առաջնության գավաթը։ Հաղթող և լավագույն խաղ ցուցադրած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։




Խառը մենամարտեր (MMA)․ Քոնոր ՄաքԳրեգոր․ Մարզական Տավուշ

«Մարզական Տավուշ» շարքում այս անգամ կպատմենք խառը մենամարտերում բարձր դիրքի և մեծ հաջողությունների հասած մի մարզիկի՝ Քոնոր ՄաքԳրեգորի մասին և կդիտենք նրա հիշարժան մարտերը։

Մի մոռացե՛ք հետևել նաև Տավուշ TV-ի եթերին, որտեղ մենք պարբերաբար ներկայացնում ենք մարզական աշխարհում ընթացող իրադարձությունների լավագույն պահերը։