Ֆիզիկական դաստիարակությունը և սպորտը Տավուշի մարզում
«Քննարկում Տավուշ TV-ով» շարքում հաջորդ կլոր սեղանի թեման ձեր էկրաններին է։
Ֆիզիկական դաստիարակությունը՝ որպես ընդհանուր դաստիարակության անբաժանելի մաս, նպատակաուղղված է անձի բազմակողմանի զարգացմանը, ֆիզիկապես կատարելագործմանը և կենցաղում առողջ ապրելակերպի հաստատմանը։
Օլիմպիական թաեքվոնդոյի հուշամրցաշար Նոյեմբերյանում
Մայիսի 7-ին Նոյեմբերյանի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդոյի հուշամրցաշար՝ նվիրված 2020-2022 թթ․ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին։
Առաջնությանը մասնակցում էին օլիմպիական թաեքվոնդոյի ավելի քան 130 մարզիկներ Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար գյուղերից։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղերում ձևավորվել են օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի խմբակներ։ Խմբակները կնպաստեն Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղերում օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի մասսայականացմանն ու զարգացմանը։
Առաջնության ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով։
Մարզելով ոչ միայն մարմինը. ամենամյա համայնքային մանկապատանեկան առաջնություն Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում
Մարզելով ոչ միայն մարմինը․ այլ նաև միտքը․ ապրիլի 9-ին Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել շախմատի ամենամյա համայնքային մանկապատանեկան առաջնությունը:
«Մրցաշարն աննախադեպ է իր չափերի առումով, որովհետև ունենք մասնակիցներ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցներից՝ շուրջ 200 աշակերտ»։
Մրցաշարին մասնակցել են Բերդ համայնքի 21 հանրակրթական դպրոցների աշակերտներ՝ 3 տարիքային խմբերում: Ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգևներով:
Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին
Մարտի 20-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին նվիրված սպորտային մրցաշար։ Բերդի, Դիլիջանի, Իջևանի, Գետահովիտի և Սարիգյուղի՝ մինչև 14 տարեկան պատանիների ֆուտբոլային թիմերը մրցակցեցին միմյանց հետ։
Համլետ Այդինյանի խոսքով՝ սպորտի շնորհիվ «նախ՝ երեխաները կտրվում են փողոցից, դաստիարակվում են ֆիզիկապես», իսկ նման մրցաշարերը մեծ կարևորություն ունեն նաև սպորտային բարձր արդյունքների հասնելու համար։
Մրցաշարը կազմակերպվել էր ՀՖՖ Տավուշի մարզային ներկայացուցչության կողմից՝ Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ։ Առաջնությանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, վաստակաշատ մարզիչներ։
Մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային թիմը, 2-րդ տեղ՝ Գետահովիտի թիմը, 3-րդ տեղ՝ Սարիգյուղի թիմը։
Տավուշի մարզպետի և Իջևանի համայնքապետի կողմից Համլետ Այդինյանին հանձնվեց շնորհակալագիր Իջևանի տարածաշրջանում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Մեր՝ ավագ սերնդի հիշողություններում ընկեր Այդինյանի գործունեությունը եղել է նախ՝ որպես վոլեյբոլի մարզիկ, ապա՝ մարզիչ, միաժամանակ՝ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև երկար տարիներ նա ղեկավարել է Իջևանի տարածաշրջանային սպորտկոմիտեն։ Բնականաբար՝ այսօր մեր պատանի ֆուտբոլիստներին ֆուտբոլի միջոցով և՛ դաստիարակվելու, և՛ մարզական սխրանք գործելու հնարավորություն է տրվում»,- նշում է «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արման Չապուխյանը։
Իջևանում կայացավ շախմատի պատանիների առաջնության մարզային փուլը
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում մարտի 6-8-ը կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցչության կազմակերպած շախմատի պատանիների առաջնությունը։
«Մրցաշարը Տավուշի մարզի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչն է, որի արդյունքում հաղթող դուրս եկած յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այստեղ խաղում են երեխաներ 8 տարիքային խմբերից՝ 5 տղաների և 3 աղջիկների»,- մրցաշարի մասին պատմում է Տավուշի մարզի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը։
Հայաստանի շախմատի ակադեմիան յուարքանչյուր տարի կազմակերպում է շախմատի մրցաշար, որն անցկացվում է 5 առանձին խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների միջև։ Այս տարի մարզի մի շարք համայնքներից շախմատի առաջնությանը մասնակցում էր շուրջ 80 տավուշեցի պատանի։
Մարզիչները նշում են՝ տարեցտարի կարևորվում է շախմատի դերը երեխաների ու պատանիների կյանքում, իսկ նմանատիպ մրցաշարերը նպաստում են պատանիների կարողությունների զարգացմանը։ Ինչպես նշում է Դիլիջանի շախմատի խմբակի մարզիչ Ալվարդ Սահակյանը՝ «շախմատը շատ կարևոր է երեխաների համար այն առումով, որ նրանք կարողանում են շախմատի միջոցով ճիշտ ընկալել՝ ճիշտ նայել կյանքին, նաև մի քանի քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս»։
Սպորտը մեր կյանքում
Սպորտը տավուշեցի երեխաների կյանքում… – Մենք խաղում ենք, որ առողջ լինենք: – Եթե մենք ուժեղ լինենք, ամեն տեղ կհաղթենք: – Սպորտը մեզ դարձնում է ավելի ընկերասեր ու մարդասեր:
Ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն Իջևան քաղաքում
Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 170 մարզիկներ մասնակցել են Իջևանում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությանը։
Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությունը նվիրված էր ՀՀ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գառնիկ Շահնազարյանի 60-ամյակին։
Շախմատի մեծ մրցաշար Բերդ համայնքում
«Վերջին 5-6 տարվա ընթացքում նման մասշտաբային միջոցառում չենք ունեցել». շախմատի մեծ մրցաշար Բերդ համայնքում։
Ռուսաստանաբնակ բերդցիների և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ, սեպտեմբերի 18-ին Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է շախմատի մրցաշար:
Մրցաշարի մասնակիցների թիվն աննախադեպ էր․ Բերդ համայնքի բնակավայրերի 18 հանրակրթական դպրոցների 105 աշակերտներ մաս են կազմել ներհամայնքային մրցաշարին։