Հանրային իրազեկման հանդիպում՝ ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի գործունեության վերաբերյալ
2007 թվականի հունվարի 9-ին, Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: Դիմումի տարածմանը հաջորդած գործընթացների արդյունքում ձևավորվեց զանգվածային լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը։ Հանրային իրազեկման նպատակով Երևանի մամուլի ակումբը հունիսի 21-ին Իջևանում հանդիպում էր նախաձեռնել՝ հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացնելով Դիտորդ մարմնի դերն ու նշանակությունը, գործունեությունը, դիմելու ընթացակարգը։
Տարիների ընթացքում Դիտորդ մարմինը շուրջ 200 դիմում է ստացել, իսկ էթիկական սկզբունքների կանոնագիրը 2024 թվականի մայիսի դրությամբ ստորագրել է հայաստանյան 82 լրատվամիջոց՝ պարտավորվելով պահպանել ճշգրտություն և անկողմնակալություն, ազնվություն՝ տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում, խմբագրական անկախություն, հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ, հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ, ազնվություն հանրության հետ հարաբերություններում, ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս։