Հայկական մեդիայի 30 տարվա աշխատանքը՝ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում. «Լրատուն» ցուցահանդեսն Իջևանում է

«Լրատուն» մեդիա թանգարանը հինգերորդ անգամ կազմակերպել է ցուցադրություն, որն ամփոփում ու ներկայացնում է հայկական մեդիայի 30 տարվա աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում։ Այս անգամ ցուցադրությունը տեղի է ունենում Իջևանի երիտասարդական կենտրոնում, որտեղ այցելուներին ներկայացվում են արխիվային տեսանյութեր, տպագիր մամուլի օրինակներ, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ և վավերագրական ֆիլմեր, որոնք տարիներ շարունակ ձևավորել են հանրային ընկալումները հակամարտության մասին։

Ցուցադրության անցկացումն Իջևանում՝ Տավուշի մարզում, ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Տավուշը նույնպես հակամարտության առաջնագիծ է։ Սահմանամերձ գոտիներում բնակվող մարդիկ տարիներ շարունակ բախվել են պատերազմի հետևանքներին և ապրում են անվտանգության մշտական սպառնալիքի պայմաններում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանը նշում է, որ ցուցադրություններ կազմակերպվել են Երևանում, Գյումրիում, իսկ այժմ Իջևանում, և շարունակաբար կազմակերպվելու են Հայաստանի մարզերում։ Սա ենթադրում է, որ մարդիկ իրենց համայնքներում հնարավորություն կունենան ծանոթանալու հակամարտության լուսաբերմանն ու լրագրության դերին։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև արցախցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Հարությունյանի կադրերը, որոնք փոխանցում են արցախյան կյանքի ծանր իրականությունը՝ բլոկադայի օրերին և բնակչության բռնի տեղահանության ընթացքում։ Հայկի աշխատանքները վավերագրում են այն դժվարությունները, որոնք մարդկանց համար դարձել էին ամենօրյա պայքարի մաս, ներկայացնելով ծանր պահերի ուժն ու դիմակայությունը։

Ստեփանակերտից դուրս եկող ավտոշարասյուն, սեպտեմբեր, 2023թ․։Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի
Ստեփանակերտից դուրս եկող ավտոշարասյուն, սեպտեմբեր, 2023թ․։ Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի:

Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ընդգծում է լրագրողների կատարած աշխատանքի կարևորությունը՝ պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան շրջանում, ինչպես նաև պատմական հիշողության պահպանման ու վերականգնման համար։ «Լրատուն․ հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը, այն շատ հետաքրքիր է և արժե անպայման այցելել ու ծանոթանալ այս արժեքավոր պատմություններին:

Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին վերապրել ու զգալ հայկական մեդիայի դերը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման մեջ։ «Լրատուն» ծրագրի միջոցով ակնառու կերպով ներկայացվում են 30 տարվա աշխատանքը, պատմությունը և նրա ազդեցությունը մեր ներկայի վրա, որը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը և դրա պահպանումը։

Ցուցահանդեսի մասին մեր Տավուշյան ռեպորտաժը դիտեք այս հղմամբ։