Իջևանում 2023-2024 թթ․ կիրականացվի «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ռազմավարությունը․ համայնքը հաղթել է «EU4Culture» ծրագրի մրցույթում
Իջևանի համայնքապետարանը «EU4Culture» ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել է «Մենք ենք, մեր սարերը» խորագիրը կրող մշակութային զարգացման ռազմավարությունը, որն իրականացնելու է 2023-2024թթ․ ընթացքում։ Իջևան համայնքը, հաղթելով «EU4Culture» ծրագրի մրցույթում, Եվրոպական միկության կողմից ստացել է 300 հազար եվրո դրամաշնորհ՝ նախապես մշակված մշակութային ռազմավարությունը կյանքի կոչելու համար։ Մարտի 24-ին պաշտոնապես տրվեց «Մենք ենք, մեր սարերը» համագործակցային, մշակութահեն ստեղծարար տնտեսության խթանում Իջևանում ծրագրի մեկնարկը։
Մշակված ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել համայնքի մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնետսական զարգացման հետ սերտորոն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք` նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մշակութային զարգացման կարողությունների բարելավմանը և մշակութային հատվածի արդյունավետ կառավարմանը:
Ծրագիրը եռաբաղադրիչ է․ ներկաներին ծրագրային գործողությունների ու անելիքների մասին ներկայացրեց Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանը։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է բարելավել մշակույթի ոլորտի կառավարումը՝ մեծացնելով Իջևանի մշակութային ժառանգության տեսանելիությունը և ճանաչելիությունը։ Երկրորդ բաղադրիչով կխթանվի ակտիվ մշակութային և տնտեսական կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Երրորդ բաղադրիչի շրջանակում կխթանվի համագործակցային, մշակութահեն տնտեսական զարգացումը՝ ամենամյա փառատոների կազմակերպմամբ։
Ծրագրի առանցքային մոտեցումներից է լինելու ապակենտրոնացված զարգացումը և կենտրոնացումն Իջևանի բնակավայրերի վրա։
«EU4Culture» ծրագիրը ֆինասավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին ու բնակավայրերին։