Ծաղկազարդի տոնը Տավուշում․ Մանուկների օրհնության օր

Մարտի 29-ին Այգեձոր գյուղում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը՝ համախմբելով բազմաթիվ հավատացյալների։ Տոնի առթիվ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս արարողությունն ունի խորհրդանշական իմաստ, որը կապված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հետ, երբ մանուկները դիմավորում էին Նրան՝ աղաղակելով՝ «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս 21:15):

Տոնական արարողությանը մասնակցեցին բազմաթիվ համայնքի բնակիչներ, որոնք եկեղեցի էին եկել ուռենու ճյուղերով: Հոգևորականը օրհնեց ճյուղերը, և դրանք բաժանվեցին հավատացյալներին՝ որպես օրհնության և նոր կյանքի խորհրդանիշ:

Ծաղկազարդը քրիստոնեական կարևոր տոներից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նոր կյանքի, հույսի ու վերածննդի ավետիսը: Այգեձորում տոնը նշվեց ակտիվ մասնակցությամբ, ընդգծելով համայնքի հավատարմությունը եկեղեցական ավանդույթներին և դրանց փոխանցման կարևորությունը գալիք սերունդներին:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան

Կարդացեք նաև՝

 

 

 




Այգեձոր գյուղի կամրջի պատնեշը վնասվել է․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է

Մարտի 28-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրում վնասվել է գյուղի կամուրջը։

Տեղում իրականացված նախնական ուսումնասիրությունը, սակայն, պարզում է՝ խոսքը կամրջի ամբողջական վնասման մասին չէ․ վնասվել է դրա պատնեշը։ Չնայած դրան՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Բնակիչները մտահոգություն են հայտնում, քանի որ կամուրջը կարևոր նշանակություն ունի․ այն օգտագործվում է ինչպես այգիներ հասնելու, այնպես էլ աշխատանքի գնալու համար։

Նախնական տվյալներով՝ գետի հունի կարգավորումից հետո կամուրջը կվերականգնի իր գործառույթը և կրկին կբացվի երթևեկության համար։




Նոյեմբերյանում մեծահասակները բացահայտում են իրենց ներաշխարհը «Մեծերի համար արվեստանոցում

Արդեն մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյանում՝ «Պապոնց տան» հյուրընկալ միջավայրում, ձևավորվել է յուրահատուկ ստեղծագործական անկյուն՝ «Մեծերի համար արվեստանոցը»։ Այստեղ մեծահասակները զբաղվում են նկարչությամբ և բացահայտում իրենց ստեղծագործական ներուժը։

Արվեստանոցը գործում է նկարիչներ Նիկոլ Աղաբաբյանի և Կարո Ղուլջանյանի ղեկավարությամբ, որոնց շնորհիվ ձևավորվել է ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։ Այստեղ կազմակերպվում են նաև մշակութային հանդիպումներ՝ տարբեր հյուրերի մասնակցությամբ։ Առաջին համագործակցությունը Նոյեմբերյանի մշակութային կենտրոնի հետ նշանավորվեց արվեստանոցում անցկացված գորգի կտրման արարողությամբ։

«Պապոնց տան» արվեստանոցն արդեն իսկ դառնում է ստեղծագործության և մշակութային շփման կարևոր կենտրոն՝ ակտիվացնելով Նոյեմբերյանի համայնքային կյանքը։

Հեղինակ՝ Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյան։




Այգեձորում անցկացվել է պտղաբուծության զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթաց

Մարտի 19-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գործող «Էկո գարդեն» գործարանում անցկացվել է ուսուցողական դասընթաց՝ SIGMA ծրագրի հետ համագործակցության շրջանակում։

Դասընթացն ուղղված էր մարզում պտղաբուծության զարգացման հեռանկարներին՝ կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի արդի մարտահրավերները, զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մշակության արդյունավետ կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մոտեցումները։

Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Այգեձորի բնակիչները, այլև հարակից բնակավայրերի ներկայացուցիչներ, ինչը նպաստել է փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների ընդլայնմանը։ Դասընթացն անցել է ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում․ մասնակիցները ներգրավված են եղել քննարկումներում, ուղղել են հարցեր և կիսվել իրենց գործնական փորձով։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել առավել խորությամբ ընկալելու ներկայացված թեմաները և ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։

Մասնակիցները կարևորել են նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով, որ հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում անհրաժեշտ է շարունակական կրթություն և արդիական գիտելիքների փոխանցում։ Նրանք նաև նշել են, որ նման դասընթացները նպաստում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և համայնքների զարգացմանը։

Դասընթացը կարևոր քայլ է հանդիսանում համայնքներում իրազեկվածության բարձրացման և գյուղատնտեսության կայուն զարգացման խթանման ուղղությամբ։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։

 




89-ամյա Ջուլիետա Սարգսյանը՝ ստեղծագործության ուժի մասին․ ձեռնագործության սիրո օրինակը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 89-ամյա Ջուլիետա Սարգսյանը տարիների ընթացքում չի կորցրել ստեղծագործելու իր ցանկությունը։ Տիկին Ջուլիետան ունի 33 տարվա աշխատանքային փորձ։ Երկար տարիներ նա աշխատել է սոցիալական ապահովության բաժնում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Միևնույն ժամանակ ընտանիքի հետ ակտիվորեն մասնակցել է նաև գյուղատնտեսական աշխատանքներին։ Սակայն այսօր արդեն տարիքային պատճառներով նա ի վիճակի չէ զբաղվել այդ աշխատանքներով, և ձեռագործությունն է դարձել նրա առօրյայի կարևոր ու անբաժան մասը։

Տիկին Ջուլիետան պատմում է, որ ձեռարվեստի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում նա յուրացրել է ձեռագործության տարբեր տեսակներ՝ ասեղնագործություն, հելունագործություն, շյուղագործություն, գորգագործություն, ինչպես նաև կանվայի վրա կատարվող նուրբ ասեղնագործություն։

Տիկին Ջուլիետայի տուն մտնելուն պես առաջինն աչքի են ընկնում նրա ձեռքի աշխատանքները։ Տան գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է տեսնել գունավոր ու խնամքով պատրաստված գեղեցիկ իրեր, որոնք ոչ միայն զարդարում են տունը, այլև յուրահատուկ ջերմություն են հաղորդում միջավայրին։
Նրա խոսքով՝ ձեռագործությունը պարզապես զբաղմունք չէ։ Այն իրեն տալիս է հոգեկան հանգստություն, օգնում է օրը լցնել օգտակար աշխատանքով և պահպանել ստեղծագործելու ցանկությունը։

Չնայած իր պատրաստած աշխատանքների մեծ պահանջարկին՝ տիկին Ջուլիետան դրանք չի վաճառում։ Նա նախընտրում է իր ստեղծած իրերը նվիրել հարազատներին, հարևաններին և հյուրերին։ Նրա համար ամենամեծ ուրախությունը այն է, երբ իր աշխատանքները ուրախություն են պարգևում ուրիշներին։

Տիկին Ջուլիետայի համոզմամբ՝ մարդը պետք է զբաղվի այնպիսի աշխատանքով, որը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար իր ընտանիքի համար։ Նրա խոսքով՝ աշխատասիրությունն ու ստեղծագործելու ցանկությունը մարդուն ուժ ու կյանքին հետաքրքրություն են տալիս կյանքի ցանկացած փուլում։

Հեղինակ՝ Տավուշ  Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Տեառնընդառաջի տոնը նշվեց Տավուշի մարզում

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տոնը ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում․ այն ապրող ու շարունակվող ավանդույթ է, որը դարերից եկող խորհուրդն է փոխանցում նոր սերունդներին։ Տեառնընդառաջը կենտրոնանում է նորապսակների շուրջ՝ կարևորելով հայկական մշակույթում նորաստեղծ ընտանիքի հանդեպ համընդհանուր հոգատարությունն ու աջակցությունը։ Այն նոր կյանքի, հույսի և ընտանեկան ջերմության խորհրդանիշ է։ Տավուշում ընտանիքի արժեքը նույնքան հիմնարար է, որքան անվտանգ ու խաղաղ հայրենիքը։

Տոնի առթիվ Արծվաբերդի մշակույթի տան բակում հավաքվել էին գյուղի բնակիչները։ Տոնական խարույկի շուրջ հատկապես ուշադրության կենտրոնում էին նորապսակ զույգերը։

Ավանդույթի համաձայն՝ երիտասարդ զույգերը պտտվում են կրակի շուրջը և ձեռք-ձեռքի տված ցատկում խարույկի վրայով՝ հավատալով, որ կրակի մաքրող ու լուսավոր ուժը իրենց ընտանիքներին կբերի ջերմություն, ամրություն և երջանկություն։ Միջոցառման ընթացքում հնչեցին տոնական երգեր, իսկ երիտասարդները հանդես եկան ազգային պարերով՝ խարույկի շուրջ ստեղծելով միասնականության ու ոգևորության մթնոլորտ։ Օրվա խորհուրդը սահմանամերձ համայնքներում կրկնակի արժեք է ստանում։ Այստեղ ապրող մարդիկ առավել խորությամբ են գիտակցում, որ ամուր ընտանիքն ուժեղ ու կայուն պետության հիմքն է։

Տեառնընդառաջի խարույկի լույսի ներքո նորապսակները միմյանց խոստացան սիրել ու պահպանել իրենց ընտանիքները, իսկ համագյուղացիները նրանց մաղթեցին խաղաղություն, համերաշխություն և լույսով լի ճանապարհ։

Բերդ համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։

 
Տավուշի մարզի համայնքներում Տեառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ:

Լուսանկարները՝ Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարաններից։

Տեսանյութը՝ Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։




Ավանդական Նոր տարի Այգեձորում

Սահմանամերձ Այգեձոր գյուղում տեղի ունեցավ ավանդական Նոր տարվան նվիրված մշակութային միջոցառում, որը միավորեց համայնքի տարբեր տարիքի բնակիչներին՝ ազգային արժեքների և ավանդույթների շուրջ։

Միջոցառման ընթացքում ներկաները միասին զարդարեցին ավանդական Կաղանդի ծառը, որը խորհրդանշում է բարեկեցություն, նոր սկիզբ և ընտանեկան օջախի ջերմություն։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ավանդական տարեհացը՝ որպես առատության և բարության խորհրդանիշ։

Տոնը ուղեկցվեց հայկական ժողովրդական երգերով ու պարերով․ շուրջպարերը, ազգային խաղերն ու համատեղ երգեցողությունը ստեղծեցին ուրախ և միավորող մթնոլորտ։

Ավելին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում։




Արծվաբերդ գյուղի մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքները

Նոր տարվա նախաշեմին՝ սահմանամերձ Արծվաբերդից․ մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքներն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը։

 




76-ամյա Ռոզա տատը իր առօրյան լցնում է շյուղագործությամբ

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 76-ամյա Ռոզա Հովակիմյաննն արդեն ավելի քան մեկ տասնամյակ իր առօրյան լցնում է շյուղագործությամբ։
Երիտասարդ տարիներին՝ Երևանում ապրելով ու աշխատելով, նա յուրացրել է այս նրբաճաշակ արհեստը, որն այսօր նրա կյանքի անբաժանելի մասն է։

Սկզբնական դժվարությունները ժամանակի ընթացքում վերածվել են ստեղծագործական ճանապարհի․ շյուղագործությունը Ռոզա Հովակիմյանի համար դարձել է ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև հոգեկան հանգստի ու ինքնարտահայտման միջոց։ Նա նախընտրում է բարդ աշխատանքներ, իսկ նախշերն ու ձևավորումները ստեղծում է ինքնուրույն՝ սեփական մտահղացումների հիման վրա։

Ամենամեծ ուրախությունը նրա համար իր ձեռքի աշխատանքի գնահատանքն է։ Միաժամանակ տիկին Ռոզան կարևորում է ձեռագործ արվեստի փոխանցումը նոր սերնդին և պատրաստակամ է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին՝ նպաստելով շյուղագործության պահպանմանն ու շարունակությանը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Հելունագործությունը՝ ինքնարտահայտման ճանապարհ․ Շուշան Ղալեչյանի պատմությունը

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Շուշան Ղալեչյանը հելունագործությամբ սկսել է զբաղվել ազատ ժամանակը օգտավետ ու հետաքրքիր դարձնելու նպատակով։ Այն, ինչ սկզբում պարզապես հոբբի էր, ժամանակի ընթացքում վերածվեց սիրելի և մշտական զբաղմունքի։ Շուշանը միշտ սիրել է ձեռագործ աշխատանքները, և հենց այդ սերն էլ նրան մղել է սեփական ուժերով փորձել ստեղծել յուրօրինակ հելունագործ գործեր։ Թեև սկզբնական փուլում դժվարություններ եղել են, սակայն համբերությունը, հետաքրքրությունը և անընդհատ փորձարկումները նրան առաջ մղեցին, զարգացան հմտությունները։

Ընտանիքը մշտապես նրա կողքին է։ Ժամանակի ընթացքում Շուշանը կատարել է իր առաջին վաճառքները, և հաճախորդների աչքերի վառ փայլը նրա համար ապացույց էր, որ իր աշխատանքը սիրվել է և ընտրած ճանապարհը ճիշտ է։ Դրանից հետո հելունագործությունը դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև ինքնարտահայտման միջոց։ Նա ցանկություն ունի հետագայում փոխանցել իր փորձը երեխաներին և, ինչու ոչ, ունենալ խանութ, որտեղ կներկայացվեն իր յուրօրինակ խաղալիքներն ու աշխատանքները։ Նրա խոսքով՝ ցանկացած բարդ աշխատանք հնարավոր է հաղթահարել, եթե այն անում ես սիրով և վստահությամբ սեփական ուժերի հանդեպ։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան