Մեր օրերի ամենափնտրված գրքերի հեղինակ, տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը հանդիպեց հայրենի համայնքի ընթերցասերներին

Աշոտ Աղաբաբյան

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում տեղի ունեցավ գրող, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, տավուշեցի Աշոտ Աղաբաբյանի հանդիպումն ու գրողի «Նմանակը» գրքի քննարկումը համայնքի ընթերցասերների հետ։

Պատմում է Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




«Բարի լույս, Այգեձոր». անցկացվեց զուռնայի ամենամյա փառատոնը

Այգեձորում արդեն 13-րդ անգամ կայացավ «Բարի լույս, Այգեձոր» խորագրով զուռնայի փառատոնը։ Այս ավանդույթը տարիներ շարունակ համախմբում է Այգեձորի և շրջակա գյուղերի բնակիչներին, բացի այդ, ունի նաև կարևոր առաքելություն՝ հայկական ազգային երաժշտության ոգին պահպանելու և սերունդներին փոխանցելու տեսանկյունից։

Այգեձորի լեռներն ու ձորերը կրկին լցվեցին հայկական զուռնայի խրոխտ հնչյուններով։ Երաժշտությունը մի պահ կապեց անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեր ինքնության ու մշակութային ժառանգության մասին։

Փառատոնը դարձավ համախմբման տոն, որտեղ մարդիկ հավաքվել էին ոչ միայն ուրախանալու, այլև իրենց մասնակցությամբ հաստատելու, որ ազգային մշակույթը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն սիրով ու հավատով փոխանցվում է։

Հեղինակ՝ Բերդ համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Աստվածածնի Վերափոխման տոնն Այգեձորում

Օգոստոսի 18-ին Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ։ Տոնական Պատարագը մատուցեց Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը, ով ներկայացրեց տոնի խորհուրդը՝ բացատրելով, որ այն նշում է Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտն ու նրա երկնային վերափոխումը։ Հոգևոր հովիվն անդրադարձավ նաև տոնի կարևորությանը` որպես մարդկության վերածնության ու հավատքի խորհրդանիշ։

Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգը, որը հանդիսանում է տոնի ավանդական մաս։ Խաղողն օրհնվեց և բաժանվեց եկեղեցում ներկա հավատացյալներին՝ որպես օրհնության ու բերքառատության խորհրդանիշ։

Հեղինակ`Անահիտ Մակյան




Ամռան ամենաքաղցր գործերից՝ մեղրաքամ

Ամռան ամենաքաղցր գործերից՝ մեղրաքամի մասին է պատմում մեր թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։

Մեղրաքամի ժամանակը համարվում է հուլիս-օգոստոս ամիսների միջակայքը, երբ մեղվափեթակները հնարավորինս հանգստի մեջ են։

Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում մեղրաքամ սարքի միջոցով։




Վարդավառն Արծվաբերդում

Վարդավառի ժողովրդական տոնախմբությունը սահմանամերձ Արծվաբերդում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյան։




Շիրակի մարզից սահմանապահ Չինարի՝ ուսուցչության ճանապարհով․ Նելլի Հովհաննիսյան

Նելլի Հովհաննիսյանն առաջին անգամ դասավանդել է Շիրակի մարզում, այսուհետև «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի միջոցով տեղափոխվել է Տավուշի մարզ` սահմանապահ Չինարի:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




«Հայաստանի գույները». Բերդ համայնքում հնչել են հայ ու ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները

Կայացել է Հայ-ֆրանսիական «Couleurs d’Arménie» անսամբլի համերգը: Հնչել են հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Ռադիո ֆրանս» երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեի (բարիտոն, դաշնամուր) և Աննա Գաբրիելյանի (սոպրանո) կատարմամբ։

Պատրիկ Րադըլեի և Աննա Գաբրիելյանի ոգեղեն կատարումներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և հոտնկայս ծափողջույններին: «Couleurs d’Arménie» անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։

Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։

Անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում։

Մայիսի 27-ին Երևանում՝ «Արդեան» ցուցասրահում, կայանալիք համերգի նպատակն է աջակցել Այգեձորի մշակույթի տան վերանորոգմանը։

Բերդ համայնքում «Couleurs d’Arménie» անսամբլի համերգները կայացել են Բերդի մշակույթի տան և «Մշակութամետ» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ:

Հեղինակ` Անահիտ Մակյան

https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=738806651806182&rdid=yUb3EDQRglLPYAIe




Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին

«Տավուշը հիշում է․․․» Այս խորագիրն էր կրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով՝ կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։
Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տան սաները՝ պարային և գրական-բանաստեղծական գեղեցիկ համարներով։

Բեմում իրենց ստեղծագործ աշխատանքներով հանդես եկան նաև փոքրիկները, որոնց աշխատանքների ցուցադրությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը՝ պատկերելով խաղաղության կարոտը և հայրենասիրական ոգին։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք սահմանամերձ գյուղերին

«Վիվա» բարեգործական հիմնադրամի կամավորները երկու օր շարունակ Արծվաբերդ և Այգեգձոր գյուղերում բնակչությանը տրամադրեցին նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք։

Չնայած գյուղերում գործում են բուժհաստատություններ, սակայն առկա է նեղ մասնագետների պակաս, ինչը հաճախ սահմանափակում է բնակիչների լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորությունները։

Հիմանդամի նպատակն է բարձրացնել բնակչությանը տրամադրվող բժշկական աջակցության որակն ու հասանելիությունը, խթանելով առողջապահական հավասար հնարավորությունների ստեղծումը սահմանամերձ համայնքներում։

Հեղինակ` Անահիտ Մակյան




Գորգերի ամենամյա ցուցադրություն՝ «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակում

Օրերս Երևանում «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կենտրոնում կայացավ գորգերի ցուցադրությունը, որին մասնակցում էին «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից 11 մշակութային կենտրոնները, որոնց թվում էին նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը և Իջևանից՝ «Թելիկ» կենտրոնը։ 

«Տորքի որդեգրում» ծրագիրը իրականցվում է 2016 թվականից Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ գորգագործությունը զարգացնելու նպատակով։ 

Ցուցադրությունից հետո քննարկվեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր, կատարվեցին խորհրդատվություններ, փոխհամարգործակցական կապը ամրապնդվեց` հետագայում մի շարք ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Ցուցադրության մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․