ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Բերդ համայնք
Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ: Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին Բերդի համայնքապետարանում անցկացրեցին քաղաքացիների ընդունելություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն իրազեկեցին քաղաքացիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունների, Պաշտպանին դիմելու և աջակցություն ստանալու իրավունքի, մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի մասին։
Քաղաքացիները տեղում ստացան անհրաժեշտ խորհրդատվություն և դիմումներ ներկայացրին Պաշտպանին։
Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերում դեկտեմբերի 10-ին կազմակերպվել են այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ: