Օգոստոսի 10-ը Մովսես գյուղի օրն է

Օգոստոսի 10-ին հանդիսավորությամբ նշվել է Մովսես գյուղի օրը։ Այն նշանավորվել է մարզական և մշակութային մի շարք միջոցառումներով։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Մովսեսի Սբ. Աստվածածին եկեղեցում կայացած մոմավառության արարողությամբ։ Տեղի են ունեցել վոլեյբոլի, նարդու միցաշարեր։ Կարատեի խմբի սաները հանդես են եկել ցուցադրական ելույթներով։

Ներկայացվել է մովսեսցի ստեղծագործող Գայանե Ապերյանի «Կյանքն իր գույներով» գիրքը։
Այնուհետև բնակավայրի մշակույթի տան անձնակազմի, տեղաբնակ և ռուսաստանաբնակ մովսեսցի երեխաների համատեղ ջանքերով կայացել է մշակութային միջոցառում։
Հնչել են ՀՀ պետական օրհներգը և Մովսես գյուղի հիմնը։ (հեղ.` Ռոբերտ Փոլադյան)։

Ելույթ են ունեցել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Հայոց պատմության հարցեր» հանդեսի գլխավոր խմբագիր Արտաշես Շահնազարյանը, «Ռուսաստանաբնակ Մովսես համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Անդրեասյանը։

Իրենց ելույթներով հանդիսատեսին ջերմացրել են նաև կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանը, երգչուհի, «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Անի Խառատյանը։
Միջոցառումներն ամփոփվել են միասնական շուրջպարով։
Լուսանկարներն ու տեղեկատվությունը՝ Բերդի համայնքապետարանից։




Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Բերդ համայնքի բնակիչների համար

դրամաշնորհային մրցույթ Բերդ

«Ծիլի Ծով» տարածքային զարգացման ՀԿ հրավիրում է Բերդ համայնքի Բերդ, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, Չորաթան, Այգեձոր, Չինարի, Մովսես բնակավայրի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ՝ մինչև օգոստոսի 4-ը, 2024թ․։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մինչեւ 600,000 (վեց հարյուր հազար)
դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում
գրանցված կամ փաստացի գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց` քաղաքացիական հասարակության, գործարար եւ հանրային
ոլորտի ներկայացուցիչներին՝ սոցիալ-ձեռնարկատիրական, կրթական-մշակութային,
մարքեթինգային եւ այլ հարակից ոլորտներում համայնքային ծրագրեր իրագործելու
նպատակով։

Հայերեն լեզվով լրացված Հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. հասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ- Սաղմնային
ֆինանսավորում»: Հայտատուները կստանան հայտի ստացման մասին
համապատասխան ծանուցում։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար կարող եք դիմել Ծիլի Ծով հ/կ-ի գործադիր տնօրեն Անահիտ Բադալյանին ՝ հեռ,
+374 99051585:

Առավել մանրամասն՝ այստեղ




Մովսեսում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Մովսեսի միջնակարգ դպրոցը մասնակցել է «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Մովսեսի միջնակարգ դպրոցը իրենց փոքր տեսահոլովակով փորձել են ներկայացնել մեր բարբառի գեղեցկությունը․






Տավուշոտ պոեզիա․ «Գարունդ հայերեն է գալիս»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Գարունդ հայերեն է գալիս»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում սահմանապահ Մովսեսն է։

ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:

Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ:

Որքան ել ձեռից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:

Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ ել պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ: