Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, փետրվարի 7-ին տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարը, նախարարության, ՏԻՄ ներկայացուցիչներ, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրն ու կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը․ թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի նաև Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Վերականգնված շենքի նախագիծը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։




«Թատրոն հանուն բարեվարքության»․ նորարարական միջոցներով պայքար՝ կոռուպցիայի դեմ

Բարեվարք հասարակության ձևավորումը կարևոր է՝ կոռուպցիայի դեմ պայքարի և պատասխանատու վարքագծի համար։ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ, սկսել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրը՝ նպաստելու բարեվարք հասարակության ձևավորմանը՝ կոռուպցիայի վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել երիտասարդ մշակութային գործիչների և ՀՀ հյուսիսային մարզերի երիտասարդության իրազեկվածությունը կոռուպցիայի և բարեվարքության մասին։ Ծրագրի շրջանակում կլինեն թատերական ներկայացումներ, որոնք ինտերակտիվ ու նորարարական ձևով կբարձրացնեն երիտասարդների գիտակցությունը հակակոռուպցիոն վարքագծի և կոռուպցիայի տարբեր դրսևորումների վերաբերյալ։

Ներկայացումները նախատեսվում է ցուցադրել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում․ դրանցից հերթականը ցուցադրվեց նոյեմբերի 25-ին Հաղարծնի միջնակարգ դպրոցում։ «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրը նպատակ ունի ձևավորելու այնպիսի հասարակություն, որտեղ կոռուպցիան այլևս չի լինի ընդունելի երևույթ։




«Տավուշը մենք ենք»․ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Դիլիջանում

Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշը մենք ենք» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 18 արվեստագետների ստեղծագործությունները: Այս անգամ ցուցադրությունը հարմարեցվել է նոր ձևաչափի, որի նպատակն է տարածել արվեստը և բարձրացնել դրա ճանաչելիությունը հանրության շրջանում:

Այս ձևաչափով միջոցառումն արդեն 4-րդն է, որ անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում՝ մաս կազմելով «RestArt» ցուցահանդեսների շարքին: Հյուրանոցն այս կերպ դառնում  է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:

«Տավուշը մենք ենք» ցուցադրության մեջ ներկայացված աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:

18 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին:

Ավելին՝ մեր տավուշյան ռեպորտաժում։




Մշակութային տրամադրություններ՝ Վերին կարմիրաղբյուրում

Մշակութային տրամադրություններ՝ Վերին կարմիրաղբյուրում։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։




Նոր բեմադրություն Կողբում. «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը հիշեցնում է ընտանիքի արժեքը

Հոկտեմբերի 16-ին Կողբի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսի բեմականացման պրեմիերան․ բեմադրիչ-ռեժիսոր Սասուն Մուրադյան։ Մշակույթի կենտրոում տրամադրությունը լեցուն էր, և հանդիսատեսը՝ ջերմ ու անմիջական, ինչը վկայում է ներկայացման հաջողված լինելու մասին։

Պիեսը կրում է խորը դաստիարակչական խորհուրդ, ներկայացնում է մի կարևոր թեմա՝ ծեր ծնողների հանդեպ զավակների ուշադրության և հոգատարության հարցը։ Առաջարկվող դիպաշարը կենտրոնանում է ընտանիքում հոր հանդեպ զավակների անտարբերության վրա, ինչը հանդիսատեսին ստիպում է խորհել ու վերանայել սեփական վերաբերմունքը ծնողների հանդեպ։

Ներկայացման հաջողված մեկնարկից հետո թատերախումբը պիեսով շրջագայելու է Նոյեմբերյան համայնքի մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Նոյեմբերյան քաղաքում՝ տանելով հուզիչ և բարոյախոսական այս բովանդակությունը համայնքներ։

Լուսանկարները` Եղիշե Պետրոսյանի և Վալեր Օրդյանի:




Ջիվան Բաղդասարյանի ցուցահանդեսը Իջևանի «Վերնատանը»․ արվեստի և մշակույթի շնորհանդես

Ցուցահանդես Իջևանի Վերնատանը

Չորաթան գյուղից նկարիչ Ջիվան Բաղդասարյանի նկարները ցուցադրվեցին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում։ Ցուցահանդեսի բացման օրը մի խումբ արվեստասերներ եկել էին գնահատելու Բաղդասարյանի գունագեղ աշխատանքները։

Անհատական ցուցահանդեսը կազմակերպել էր Տավուշի նկարիչների միությունը՝ նպատակ ունենալով նպաստել արվեստի տարածմանը և նոր տաղանդների ճանաչմանը։

Ներկաների խոսքով ցուցահանդեսները օգնում են տարածել արվեստը, ճանաչելի դարձնել ավանդական արժեքները և համախմբել հասարակությանը մշակութային արժեքների շուրջ։ Բացի այդ, դրանք խթանում են երիտասարդների հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ և նրանց համար դառնում ոգեշնչման աղբյուրներ։

Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս․ այն բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Ջիվան Բաղդասարյանի ստեղծագործություններին և դրանց միջոցով զգալ բնության ու մշակույթի շունչը։




«Մշակույթի սերմնացաններ»․պահպանել ազգային տարրերն արվեստի միջոցով

«Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» բոլորին. սա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության միջոցառումների մեծ նպատակն է: Կենտրոնի երեխաների, նաև տավուշեցի արվեստագետների ստեղծագործություններն ու տեղական արտադրանքը ներկայացվեց «Մշակույթի սերմնացաններ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառում:

«Մշակույթի սերմնացաններ» ծրագրի նպատակը ազգային տարրերի վերականգնումն ու պահպանումն է արվեստի միջոցով: Ցուցահանդես-տոնավաճառի օրակարգում հին ազգային իրերի ցուցադրությունն էր, ազգային երգ ու պար, խաղային ու համերգային ծրագրեր:

«Մշակույթի սերմնացաններ» ծրագրի շրջանակում Իջևանում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից 45 երեխաներ ու երիտասարդներ հաճախում են գոբելենագործության և ապակենկարչության: Սա հնարավորություն է տալիս երեխաների մոտ ձևավորել սերը դեպի արվեստը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:




Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն 2-րդ անգամ անցկացվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը

Մշակութային փառատոն Իջևանում

«Մենք ենք, մեր սարերը» երկօրյա մշակութային փառատոն Իջևանում։ Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն երկրորդ անգամ է անցկացվում այս փառատոնը, որը մեկնարկի պահից ապակենտրոնացված ու համաիջևանյան բնույթ է ստացել։ EU4Culture ծրագրի ֆինասավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ գործընկերությամբ Իջևան համայնքը մշակել է իր մշակութային ռազմավարությունը, որի շրջանակում էլ կյանքի կոչվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը։

Փառատոնի ընթացքում Իջևան համայնքի բոլոր բնակավայրերը, տեղացի արտադրողները, արվեստի և արհեստի ներկայացուցիչները իրենց արտադրանքը, Իջևանի հող ու ջրի բերքն ու բարիքը 2 օր շարունակ ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացրին հանրությանը։

Ավանդական խաղերը, երգն ու պարը, ազգային շունչը փառատոնի ընթացքում հասան նաև գյուղական բնակավայրեր․ առաջին օրը՝ Լուսահովիտում․ հնձվորների մրցույթից մինչ տավուշյան խոհանոցից վարդավառյան հյուրասիրություն։

Փառատոնի երկրորդ օրը հագեցած օրակարգով անցկացվեց Սևքար գյուղում։ Բարբառների մրցույթ, համերգային ծրագրեր, ավանդական ծիսակատարություններ: «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը՝ մշակույթի վերարժևորման, պահպանման ու փոխանցման խոստումով հանրությանը կհամախմբի մշակույթի շուրջ արդեն հաջորդ տարի։




Ավելի մոտ հայկական մշակույթին․ «Հազար Վահան» բարեգործական ծրագիրը Բերդ համայնքում էր

Ավելի մոտ հայկական մշակույթին․ «Հազար Վահան» բարեգործական ծրագիրը Բերդ համայնքում էր:

Հեղինակ՝ Բերդ համայնքից մեր թղթակից Անահիտ Մակյան։




Աճարկուտ: Առաքելոց վանք

DigiTime · Առաքելոց Վանք

Առաքելոց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Կիրանց գետի ձախ ափին: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, որոնց մեծ մասը գտնվում է կիսաքանդ վիճակում: Համալիրը շրջապատված է հաստ պարիսպով, իսկ համալիրից 80 մ ներքև գտնվում է քարվանսարա։

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է XIII դարում: Ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձև եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին: Եկեղեցու հյուսիսային պատը պարիսպի մի մասն է կազմում: Գմբեթը հենված է կլոր թմբուկի վրա, որն իրենց վրա են կրում մույթերն իրար կապող 4 կամարները: Եկեղեցու միակ մուտքը գավթի կողմից է: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Ներքին պատերը սվաղված են կրաշաղախով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների ֆրագմենտներ:

Առաքելոց վանքի գավիթը հայկական միջնադարյան ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Գավթի դռան վերևում կա մի արձանագրություն, որտեղ հիշատակվում է 1245 թվականը, ինչից կարելի է եզրակացնել, որ այն կառուցվել է XVIII դարում: Ուղղանկյուն հատակագծով այս կառույցը առանձնանում է իր ծածկով, որը կազմված է երկու զույգ խաչաձևվող կամարներից: Դեպի երդիկի բացվածքը տանող անցումն իրականացված է «հազարաշեն» կոչվող ձևով, որն օգտագործվում էր հայկական գյուղական տների շինարարության ժամանակ, այն տարբերությամբ, որ օգտագործված է ոչ թե փայտե, այլ քարե հեծաններ, որոնք շեղակի շարված են միմյանց վրա: Հարավ-արևմուտքից գավթին կից էր զանգակատունը, որից պահպանվել է միայն պատերի ստորին մասը:

Վանքի երկրորդ եկեղեցին (XIV) գտնվում է նրա հարավային մասում` արևմտյան պարսպապատին կից: Քառանկյուն հատակագծով, երկթեք կտուրով այս եկեղեցին պատկանում է միանավ թաղածածկ բազիլիկների տիպին:

Գլխավոր եկեղեցու հարավային պատի տակ կանգնեցված կարմրավուն տուֆից Սուրբ Կարապետ խաչքարն աչքի է ընկնում իր բարդ զարդաքանդակներով և բարձրաքանդակներով: Վանքի օժանդակ շինություններից միայն փլատակներ են մնացել:

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։